Նոր կյանք

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոյս Մայեր
  • Formats available: pdf
  • Դիտում

Գլուխ 1

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄԸ, ՈՐԸ ԵՐԲԵՎԷ ԿԿԱՅԱՑՆԵՔ

 

Դուք դժգո՞հ եք ձեր կյանքից։ Եթե այո, ապա դուք միայնակ չեք։ Մարդկանց մեծամասնությունը հոգնած, սպառված, դատարկ և անլիարժեք է զգում։ Ոմանք փորձել են կրոնը՝ հուսալով փարատել այդ զգացմունքները, բայց է՛լ ավելի են ծանրաբեռնվել անկյանք և անտրամաբանական կանոններով, որոնք չեն կարողացել պահել։ Եթե դուք փորձել եք կրոնը, դա չի նշանակում, որ ընտրել եք Աստծուն՝ որպես լուծում ձեր կյանքի դատարկության, հիասթափության և մեղքի զգացումի համար։ Եթե դուք կարիք ունեք սիրված զգալու, եթե ձեզ պետք է ընկեր, եթե անհրաժեշտ է, որ ձեր մեղքերը ներված լինեն, և եթե դուք ցանկանում եք ապագա ունենալ... ձեր պատասխանը Հիսուս Քրիստոսն է։ Նա սպասում է, որ տա ձեզ նոր կյանք և դարձնի լիովին նոր ստեղծագործություն։ Եթե դուք գոհ չեք ձեր կյանքից, պետք է փոխեք ինչոր բան։ Եթե մենք շարունակենք անել այն, ինչ միշտ արել ենք, մենք կապրենք այնպես, ինչպես որ միշտ ապրել ենք։ Դուք պետք է մի որոշում կայացնեք՝ ամենակարևոր որոշումը, որը երբևէ կայացնելու եք։ Այս որոշումն ավելի կարևոր է, քան այն մասնագիտությունը, որը դուք ընտրելու եք, այն, թե որտեղ եք սովորելու, ում հետ եք ամուսնանալու, ինչի մեջ եք ներդնելու ձեր փողը և որտեղ եք ապրելու։ Հավիտենությունն անվերջ է, և յուրաքանչյուրս պետք է իմանա, թե որտեղ է անցկացնելու այն։ Գոյություն ունի կյանք մահից հետո։ Երբ դուք մահանում եք, չեք դադարում գոյություն ունենալ. դուք պարզապես շարունակում եք ձեր գոյությունն այլ վայրում։ Ինչոր մեկն ասել է, որ մահանալը նման է պտտվող դռնից անցնելուն։ Դուք պարզապես դուրս եք գալիս մի վայրից և մտնում մյուսը։ Ցանկանո՞ւմ եք հաղորդակցվել Աստծո հետ այս կյանքում և ապրել Նրա հետ հավիտյան։ Եթե այո, դուք պետք է ընդունեք Հիսուս Քրիստոսին՝ որպես ձեր Փրկչի։ Բոլորս մեղք ենք գործել, և բոլորս Փրկչի կարիք ունենք։ Աստված ուղարկեց Իր միակ Որդուն՝ վճարելու մեր մեղքերի պատիժը։ Նա խաչվեց և թափեց Իր անմեղ արյունը՝ որպես վճար մեր հանցանքների։ Նա մահացավ և թաղվեց, բայց երրորդ օրը հարություն առավ մեռելներից, և այժմ նստած է Երկնքում՝ Հայր Աստծո աջ կողմը։ Նա խաղաղություն, ուրախություն և Աստծո առջև արդար դիրք ունենալու ձեր միակ հույսն է։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր մեղքերից փրկվելու համար մենք պետք է խոստովանենք և ընդունենք, որ Հիսուսը Տերն է, և պետք է հավատանք մեր սրտում, որ Աստված հարություն տվեց Նրան մեռելներից։

«Քանի որ եթե ընդունես և դավանես քո շուրթերով, որ Հիսուսը Տերն է, և քո սրտում հավատաս (հարես, վստահես և ապավինես այն ճշմարտությանը), որ Աստված հարություն տվեց Նրան մեռելներից, կփրկվես»։ – Հռոմեացիների 10.9, AMP

Այս տեսակի հավատքն ավելին է, քան մտավոր համաձայնությունը. այն անկեղծ է և ի սրտե։ Շատերը հավատում են, որ Աստված կա, բայց չեն նվիրել իրենց կյանքը Նրան։ Աստված Կյանքի Հեղինակն է, և Նա ցանկանում է, որ դուք հոժարաբար և ուրախությամբ տաք Իրեն այն կյանքը, որն Ինքն է տվել ձեզ։ Աստված ստեղծել է ձեզ ազատ կամքով և չի հարկադրի ձեզ ընտրել Իրեն։ Բայց այն՝ դուք կընտրե՞ք Նրան, թե՞ ոչ, կորոշի ձեր կյանքի որակն այս երկրի վրա, ինչպես նաև որոշիչ կդառնա այն հարցում, թե որտեղ կանցկացնեք հավիտենությունը, երբ մահանաք։ Ձեզ մոտ լա՞վ է ստացվում տնօրինել ձեր կյանքը։ Եթե ոչ, ինչո՞ւ չհանձնեք այն Նրան, Ով ստեղծել է ձեզ և գիտի ձեր մասին ավելին, քան ինքներդ երբևէ կիմանաք։ Եթե ես մեքենա գնեմ և խնդիրներ ունենամ դրա հետ, կտանեմ այն արտադրողի մոտ՝ նորոգելու համար։ Նույն սկզբունքը վերաբերում է Աստծուն։ Նա ստեղծել է ձեզ և անչափ սիրում է ձեզ։ Եթե ձեր կյանքը չի գոհացնում ձեզ, բերեք այն Նրա մոտ՝ նորոգելու համար։ Ինչպես արդեն ասացի, ոչինչ չի փոխվի, քանի դեռ դուք որոշում չեք կայացրել. դուք ցանկանո՞ւմ  եք քրիստոնյա լինել։ Դուք պատրա՞ստ եք հանձնել Աստծուն ոչ միայն ձեր մեղքը, այլև ձեր կյանքը։ Դուք պատրա՞ստ եք շրջվել ձեր մեղսալի ճանապարհներից և սովորել ապրել նոր կյանքով՝ Աստծո հետ և Աստծո համար։ Եթե այո, շարունակեք կարդալ, քանի որ ձեզ սպասում է այնպիսի կյանք, որը գերազանցում է ձեր ամենավառ պատկերացումները։ Այն հասանելի է բոլորին։ Ոչ ոք անտեսված չէ։ Ահա թե ինչ է ասում Աստված ձեր ապագայի մասին։ 

«Որովհետև Ես գիտեմ այն մտքերը և ծրագրերը, որոնք ունեմ քեզ համար, ասում է Տերը, մտքեր և ծրագրեր բարեկեցության և խաղաղության և ոչ՝ չարիքի համար, որպեսզի տամ քեզ հույս քո ապագայի համար»։ – Երեմիա 29.11, AMP

Ոչ ոք չի կարող կայացնել այս որոշումը ձեր փոխարեն։ Դո՛ւք, և միայն դո՛ւք պետք է անեք սա։ Կյանքի ի՞նչ որակ եք ցանկանում ունենալ։ Դուք իսկապե՞ս ցանկանում եք հետևել այն օրինակին, որը տեսնում եք մեր այսօրվա հասարակության մեջ։ Աստծո Խոսքն ասում է, որ մենք ոչինչ չենք բերել այս աշխարհ և ոչինչ էլ չենք տանելու այստեղից  (տե՛ս Ա Տիմոթ. 6.7)։ Աստված Ալֆան և Օմեգան է՝ սկիզբը և վերջը։ Սկզբում Աստված էր, և վերջում կլինի Աստված։ Յուրաքանչյուրը կկանգնի Աստծո առջև և հաշիվ կտա իր կյանքի համար (տե՛ս Հռոմ. 14.12)։ Հիմա է ժամանակը, որ պատրաստվեք դրան։ Ես միշտ ասում եմ. «Հիսուսը գալիս է, անկախ այն բանից՝ դուք պատրա՞ստ եք, թե՞ ոչ»։ Պատրաստվեք հիմա՛, ճիշտ որոշում կայացրեք հիմա՛, քանի որ հետո կարող է շատ ուշ լինել։ 

 

Գլուխ2

ԲՈԼՈՐՍ ՄԵՂՔ ԵՆՔ ԳՈՐԾԵԼ

 

Մեղքը կամավոր անհնազանդություն է Աստծո հայտնված կամքին։ Բոլորս ենք մեղք գործել։ Այս աշխարհում չկա մի մարդ, ով երբևէ մեղք չի գործել (տե՛ս Հռոմ. 3.23, Ժողով. 7.20): Սա վատ լուր է, բայց կա նաև բարի լուր։ Մենք կարող ենք ներում ստանալ և արդարանալ Աստծո առջև։

«Քանի որ բոլորը մեղանչել են և չեն համապատասխանում այն պատվին և փառքին, որ Աստված շնորհում և ընդունում է։ [Բոլորը] արդարացվում են և դարձվում են ուղիղ ու արդար դիրք ունեցող Աստծո առջև՝ ձրիաբար և անհատույց կերպով, Նրա շնորհքով (Նրա բարեհաճությամբ և ողորմությամբ, որ տրվում է ոչ ըստ արժա­նիքների), այն փրկագնման միջոցով, որը [տրված է] Քրիստոս Հիսուսում»։ – Հռոմեացիների 3.23,24, AMP

Հիսուսն արդեն վճարել է ձեր մեղքերի համար. դուք միայն պետք է հավատաք և ընդունեք դա։ Եթե խոստովանեք ձեր մեղքերը, զղջաք և ցանկանաք լիովին շրջվել դրանցից, Աստված կների և նոր մարդ կդարձնի ձեզ։

«Եթե մենք [ինքնակամ] ընդունենք, որ մեղանչել ենք, և խոստովանենք մեր մեղքերը, Նա հավատարիմ և արդար է (ճշմարիտ Իր բնությանը և խոստումներին) և կների մեր մեղքերը [կհեռացնի մեր անօրինությունը] և [շարունակաբար] կմաքրի մեզ ամեն անարդարությունից [այն ամենից, ինչը չի համապատասխանում Նրա կամքին՝ մեր մտադրությունների, մտքերի և գործերի մեջ]»։ – Ա Հովհաննես 1.9, AMP

Կարիք չկա սպասելու, որ Աստված ինչոր բան անի։ Նա արդեն արել է այն, ինչ պետք է։ Նա տվել է Իր միակ Որդուն՝ մահանալու մեր փոխարեն, քանի որ միայն կատարյալ և անմեղ զոհը կարող էր քավել մեր հանցանքները։ Նրա զոհը բավարարեց արդարադատությունը, և մենք կարող ենք ազատություն ստանալ՝ հավատալով Հիսուս Քրիստոսին և սկսելով մտերմորեն հաղորդակցվել Աստծո հետ Նրա միջոցով։ Մենք չենք կարող ինքներս գնալ Աստծո մոտ. մեզ պետք է դատապաշտպան։ Մեզ պետք է ինչոր մեկը՝ որպես միջնորդ, և այդ անձնավորությունը Հիսուսն է։ Հիսուսը կանգնեց մեր և Աստծո միջև գտնվող անդունդի վրա՝ այն անդունդի, որը ստեղծել էր մեր մեղքը, և Նա բերում է մեզ Աստծո մոտ։ Ինչպես որ երեխայի հայրը գտնվում է նրա մեջ (նրա արյան, ԴՆԹի, քրոմոսոմների և այլն), այնպես էլ Աստված Քրիստոսում էր, երբ հաշտեցրեց աշխարհն Իր հետ։ Աստված սիրում է մարդկանց, որոնց ստեղծել է, և Նա չի կամենում, որ նրանք մատնվեն մեղքի ստրկությանը՝ առանց ելք ունենալու։ Նա տվեց մեզ այդ ելքը. մեր ելքը և ճանապարհը Հիսո՜ւսն է։ 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up