ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Այնքա՜ն ուրախ եմ, որ որոշել եք ընթերցել այս գիրքը։ Հնարավոր է, որ այս պահին դժվարին իրավիճակում եք կամ շփոթված եք այն ամենի պատճառով, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում։ Թեև ձեր մասնավոր հանգամանքները հայտնի չեն ինձ, կա մեկ բան, որում ես համոզված եմ. Դուք միայնա՛կ չեք. Աստված սիրում է ձեզ, մենք՝ նույնպես։ Ես գրել եմ այս գիրքը, որպեսզի խրախուսեմ և հույսով լցնեմ ձեր սիրտը։ Ուզում եմ, որ իմանաք, որ հենց հիմա՝ ձեր իրավիճակում, Աստված ձեր կողքին է, և Նրա համար անհնարին ոչինչ չկա (տե՛ս Ղուկաս 1.37)։ Նա բարի ծրագրեր ունի ձեր ապագայի համար և արդեն անտեսանելի կերպով գործում է, որպեսզի օգնի ձեզ (տե՛ս Երեմիա 29.11)։ Գուցե բախվել եք անկանխատեսելի դժբախտության և չգիտեք, թե ինչպես ի մի բերեք շատ բաներ և շարունակեք կյանքը։ Կամ, գուցե, առողջական խնդիր ունեք և բժշկի դիմելու հնարավորություն չունեք։ Ես գիտեմ, որ այնքա՜ն մարդիկ են գոյատևում՝ առանց միջոցների, նույնիսկ չիմանալով, թե ինչպես են կերակուր հայթայթելու։ Երբ մենք անասելի դժվարություններով ենք անցնում, կարող ենք հանձնվելու և ամեն ինչ թողնելու գայթակղություն ունենալ։ Այնուամենայնիվ, լավագույնը, ինչ կարող ենք անել, Աստծուն վստահելն է և լիառատ հույս ունենալը։ Սակայն, իրականում, ի՞նչ է հույսը։ Հույսը վստահ ակնկալիք է, որ ինչ-որ լավ բան է տեղի ունենալու։ Այն սերտորեն կապված է մեր հավատքի հետ՝ այն ամենի հետ, ինչին հավատում ենք։ Երբ մենք համարձակվում ենք հավատալ, հույսը հեղեղում է մեր կյանքը՝ ուրախության և խաղաղության հետ միասին։ Թշնամին ուզում է, որ մենք անհույս լինենք։ Նա ձգտում է համոզել մեզ, որ ամեն ինչ կորած է, և այլևս ոչինչ չի բարելավվելու։ Բայց Աստված ցանկանում է, որ մենք հույսով լցվենք, հավատանք Նրան և մեծ բաների սպասենք Նրանից։ Իրականում, Աստվածաշունչն ասում է, որ Նա «հույսի Աստված» է, Ով լի է ողորմությամբ և նոր սկիզբ է տալիս (տե՛ս Հռոմեացիների 15.13)։ Մանկությանս տարիներին իմ հորից կրած սեռական, խոսքային և զգացմունքային բռնության պատճառով ես անհույս վերաբերմունք ունեի։ Ինձ հետ այնքա՜ն բացասական բաներ էին կատարվել, որ սկսել էի մշտապես վատ բաների սպասել, նույնիսկ քրիստոնյա դառնալուց հետո։ Այնուամենայնիվ, կարող եմ անկեղծորեն ասել, որ Աստված վերափոխեց ինձ։ Նա դարձրեց բացասաբար տրամադրված և վատատես կնոջը հույսով լեցուն անձնավորություն, ով մշտապես, ամեն քայլափոխին սպասում է Նրա բարությանը։ Նա օգնեց ինձ աստիճանաբար բացահայտել հույսի զորությունը և դերը իմ մտքում, խոսքում, վերաբերմունքի մեջ և կյանքիս յուրաքանչուր բնագավառում։ Այնպես որ, նույնիսկ երբ դժվարին հանգամանքների եմ բախվում կամ անհաջողության եմ հանդիպում, միևնույն է, չեմ կորցնում իմ հույսը՝ իմանալով, որ Աստված ամեն ինչ բարուն գործակից կդարձնի ինձ համար։ Գուցե դուք շատ ցավեր եք կրել, բազում հիասթափություններ և անհաջողություններ եք ունեցել և չեք պատկերացնում, թե ինչպես ձեր կյանքը կարող է բարելավվել։ Թշնամին ձգտում է համոզել, որ ձեր հանգամանքները երբեք չեն փոխվի։ Բայց Աստված ցանկանում է, որ իմանաք, որ Նա սիրում է ձեզ, և դուք կարող եք վստահել. Նա հրաշք կգործի ձեր խառնաշփոթ հանգամանքներում։ Ձեր գործը երբեք հույսը չկորցնելն է. դուք պետք է ակնկալեք, որ Նրա բարությունը կարող է հայտնվել ցանկացած պահին։ Այս գրքի էջերում ներկայացված են մի քանիսն այն մեծագույն դասերից, որոնք Աստված սովորեցրել է ինձ այս բնագավառում՝ դասեր, որոնք կզորացնեն ձեր հավատքը և կօգնեն նորովի վերաբերվել կյանքին։ Ես հաճախ եմ ասում, որ այն մարդը, որը հույսով լցված է մնում, որը շարունակում է հավատալ Աստծո Խոսքին և հրաժարվում է հանձնվել, երբեք չի պարտվի։ Պատճառն այն է, որ նույնիսկ կյանքի փոթորիկներում, երբ վստահում եք Նրան, Նա կարող է Իր անհավատալի խաղաղությամբ և ուրախությամբ լցնել ձեր կյանքը և բարուն գործակից դարձնել ձեր իրավիճակը։ Ես չգիտեմ այն դժվարությունները, որոնք կրել եք ձեր կյանքում, և ո՛չ էլ՝ թե ինչով եք հիմա անցնում։ Բայց գիտեմ, որ Աստված անչափ սիրում է ձեզ, Նա հետևում է ձեր կյանքին, և Նա օգնելու է ձեզ (տե՛ս Հռոմեացիների 8.38,39, Սաղմոս 33.18)։ Նա ամեն հույսի Աստվածն է և կարող է հրաշալիորեն փոխել նույնիսկ ձեր կյանքի ամենածանր ժամանակները։
Գլուխ 1
Հույսով լեցուն
Երբեմն ասում եմ, որ մեր սերնդի կարգախոսն է՝ «կհավատամ, երբ կտեսնեմ»։ Մենք ուզում ենք տեսնել, մինչև հավատալը։ Իրականում, մեզնից շատերը դժվարանում են հավատալ, որ Աստված գործում է մեր կյանքում, քանի դեռ չենք տեսնում մեր բնական աչքերով, որ ինչ-որ բան է կատարվում։ Բայց Աստված այդպես չի գործում. Նրա աշխատանքն անտեսանելի է։ Գուցե դուք չեք տեսնում, որ ինչ-որ բան է կատարվում, բայց հավատո՞ւմ եք, որ Աստված գործում է ձեր կյանքում հենց հիմա։ Դուք հավատո՞ւմ եք, որ Աստված ծրագիր ունի, որ օգնի ձեր երեխաների հարցում, ձեր ամուսնության հարցում և բոլոր այն հարցերում, որոնց համար տարիներ շարունակ աղոթել եք։ Երեմիա 29.11-ում գրված է, որ Աստված բարի բաներ է ծրագրում ձեր կյանքում, որ ձեզ տա ապագան և հույսը։ Այլ կերպ ասած, Աստված ձեզ բարիք անելու հնարավորություն է փնտրում։ Գուցե դուք չեք կարողանում տեսնել ձեզ որպես դրական, հավատքով և հույսով լեցուն անձնավորություն։ Եթե դուք այդպիսին եք, ես շատ լավ գիտեմ, թե ինչպես եք զգում։ Որոշ մարդիկ պարզապես վախենում են հուսալ, քանի որ նրանք բազում անգամներ հիասթափվել են և չեն կարծում, որ կրկին կարող են դիմանալ հիասթափության ցավին։ Բայց մի՛ մտահոգվեք, քանի որ Աստված «հույսի Աստված» է, Ով լի է ողորմությամբ և նոր սկիզբ է տալիս (տե՛ս Հռոմեացիների 15.13)։ Եվ երբեք ուշ չէ, որ սկսեք հավատալ, ակնկալել, հուսալ և սպասել Նրան։
ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ...
Հույսի մեր սահմանումն է. «լավատեսական և վստահ սպասում»։ Կարծում եմ՝ հաճախ մենք անգործունյա դիրքորոշում ենք ընտրում՝ որոշելով «սպասել և տեսնել», թե մեր կյանքում ինչ-որ բան կփոխվի՞, կամ՝ ինչ-որ դրական բան կկատարվի՞։ Բայց Աստված ցանկանում է, որ նպատակաուղղված սպասենք։ Նա ցանկանում է, որ մենք գործուն կերպով ինչ-որ բարի բան ակնկալենք։ Այնպես որ, իմ հարցը հետևյալն է. ինչպիսի՞ սպասումներ ունեք։ Ի՞նչ եք դուք տեսնում ձեր մտքում և երևակայությամբ։ Ինչպե՞ս եք դուք խոսում ձեր ապագայի մասին։ Երբ առավոտյան արթնանում եք, արդյո՞ք մտածում եք. «Այսօր սովորական օր է, և ես կփորձեմ մի կերպ անցկացնել», թե՞ դուք արթնանում եք՝ ակնկալելով, որ այսօր ձեր կյանքում կարող է ճեղքում լինել։ Երբ կինը հղի է, մենք ասում ենք, որ նա «սպասող» մայր է։ Եվ որքան հղիությունը շարունակվում է, այնքան նա ավելի է սպասում այն իրադարձությանը, որը մոտենում է։ Իմ հղիությունները եզակի բնույթ էին կրում, քանի որ ես կրել եմ իմ չորս երեխաներից յուրաքանչյուրին որոշված ժամանակից մոտավորապես մեկ ամիս ավելի։ Իմ բժիշկն ասում էր, որ ես միակ կինն եմ, որին նա ճանաչում է, որի հղիությունը փղի հղիության չափ է տևել։ Երբ իմ հղիություններից յուրաքանչյուրն ավարտին էր մոտենում, ամեն օր արթնանալիս ասում էի. «Այսօր ծննդաբերության օրն է լինելու. դա պետք է որ այսօ՛ր լինի»։ Իմ ճամպրուկները հավաքված և պատրաստ էին։ Ես մշտապես ստուգում էի ամեն ինչ, հավաստիանում էի, որ ամեն ինչ պատրաստ էր, և վստահ էի, որ իմ փոքրիկն ամեն պահի կարող էր ծնվել։ Ամեն անգամ, երբ ինչ-որ ծակող ցավ էի զգում, մտածում էի. «Հիմա՜ է։ Նա ծնվո՜ւմ է»։ Աստված ցանկանում է, որ դուք հենց այսպես վերաբերվեք Իրեն։ Նա աներևակայելի ծրագիր է կազմել ձեր կյանքի համար, և Նա ցանկանում է, որ ակնկալեք Իր պատրաստած բարի բաներն ամեն քայլափոխին։ Հույսն ասում է. «Գուցե իմ իրավիճակը երկար ժամանակ է՝ նույնն է, բայց Աստված անհնարին բաների Աստված է, և ամեն ինչ կարող է փոխվել»։
ԴՈՒՔ ՀՈՒՅՍԻ ԳԵՐԻ՞ ԵՔ
Ինչպես ասացի, ես ամենաբացասական անձնավորությունն էի, որին ճանաչում էի։ Ես մշտապես տեսնում էի բաժակի կիսով չափ դատարկ լինելը. ես դիտարկում էի յուրաքանչյուր իրավիճակ բացասական տեսանկյունից։ Այդ պատճառով էր, որ միշտ դժբախտ էի զգում։ Կասկածները և բացասական վերաբերմունքը տրտմեցնում են մեզ... բայց հույսն ուրախություն է բերում։ Հույսը նշանակում է դրական մտածելակերպ և վերաբերմունք ունենալ։ Հույսով լեցուն մարդը կտրականապես հրաժարվում է բացասաբար տրամադրված լինելուց։ Թեև նա գիտակցում է իր կյանքի փոթորիկները և պայքարում է դրանց հետ, սակայն հույսով լեցուն է իր մտքում, իր դիրքորոշման մեջ, նաև մարդկանց հետ հաղորդակցվելիս։ Կարծում եմ՝ շատ հաճախ մենք ծուղակն ենք ընկնում, երբ սպասում ենք լավատեսական կամ հույսով լի տրամադրվածություն ունենալուն։ Հուսալը նշանակում է որոշում կայացնել, որ մենք դրական վերաբերմունք ենք ունենալու և չենք ապրելու ըստ մեր զգացմունքների։ Ճշմարտությունն այն է, որ երբ մենք հաստատ որոշում կայացնենք դրական և հույսով լեցուն մտածելակերպ ունենալու մասին, որոշ ժամանակ անց մեր զգացմունքները կհամապատասխանեն այդ որոշմանը։ Ես անչափ սիրում եմ Զաքարիա 9.12-ը․
«Վերադարձե՛ք [ապահովության և բարգավաճման] ամրոցը, ո՛վ հույսի գերիներ. այսօր էլ Ես ազդարարում եմ, որ կրկնակի չափով վերականգնելու եմ ձեր առաջվա բարգավաճումը» (AMPC)։ Ի՞նչ է նշանակում «հույսի գերի» դառնալը։ Նշանակում է, որ անկախ այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, մենք հրաժարվում ենք թողնել հույսը և վստահում ենք, որ Աստված կարող է օգնության հասնել։ Երբ դուք հույսի գերի եք դառնում, թշնամին չգիտի, թե ինչ անի։ Գուցե նա ընդդիմանա ձեզ բացասական մտքերով, բայց չի կարողանա վնասել ձեզ, եթե վճռեք, որ ամեն ժամանակ լիովին վստահելու եք Աստծուն։ Աստված ցանկանում է օրհնել ձեզ։ Նա ցանկանում է կրկնակին հատուցել ձեզ անցյալի ցավի համար և այն ամենի համար, ինչը կորսվել է (տե՛ս Եսայի 61.7)։ Եվ մեր արձագանքն անչափ կարևոր է։ Մեր գործն է հավատալ, վստահել և հուսալ։