Մայր Թերեզա

(0)

Մայր Թերեզա

 

Այս գիրքն ընթերցողին կծանոթացնի XX դարի երկրորդ կեսի ամենահայտնի և հարգված կանանցից մեկի կյանքի և գործունեության հետ: Այս կինը, առանց քաղաքականության մեջ մտնելու, ազգերի միջև խաղաղությունն ամրապնդելու համար ավելի շատ բան արեց, քան որևէ մեկը: Նրան սուրբ էին կոչում դեռևս կենդանության օրոք: Նա իր ողջ կյանքն ապրեց աղքատների համար և իրենից հետո թողեց տասնյակ հազարավոր հետևորդներ: Այդ կինը Մայր Թերեզան էր: Բացի կենսագրական տեղեկություններից, գիրքը նաև պարունակում է հենց Մայր Թերեզայի խոսքերը:

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Այս գիրքը նվիրվում է քսաներորդ դարի ամենահայտնի կանանցից մեկին` Մայր Թերեզային: Դեռևս նրա կենդանության օրոք, մարդիկ նրան դասել էին սրբերի կարգը, իսկ Հռոմի պապը նրան դարձրել էր իր աջ ձեռքը: Նա ապրեց 87 տարի և մեր մոլորակի պատմության մեջ իրենից հետո մի վառ հետք թողեց: Իր ողջ կյանքի ընթացքը Մայր Թերեզան նվիրեց աշխարհի, և հատկապես` Հնդկաստանում ապրող աղքատներին, քաղցածներին և տնանկներին ծառայելուն: Նա հիմնեց կրոնական կարգ, որի նպատակն էր օգնել աղքատների աղքատներին, չնայելով ռասայականությանը, ազգությանն ու դավանանքին: Այսօր արդեն ոչ ոք չի հերքում ազգերի միջև խաղաղության և փոխադարձ հասկացողության ամրապնդման համար այն մեծ ներդրումը, որը կատարել է այս փոքրիկ, փխրուն կինը` իր թույլ, բայց մեծ և սիրող սրտով: Այդ մասին են վկայում նաև այն բազմաթիվ մրցանակները, պարգևատրումներն ու պատվո կոչումները, որոնց արժանացել էր այս յուրահատուկ կինը: 1962թ. Հնդկաստանի կառավարության կողմից Մայր Թերեզան արժանացավ «Հիասքանչ լոտոս» անվանակարգին, 1971թ. նա ստացավ մի անգամից երեք պարգևատրում. Հովհաննես XXIII պապի անվան Վատիկանյան խաղաղության մրցանակը Հռոմում, Քենեդի մրցանակը Վաշինգտոնում և «Բարի Սամարացի» պարգևատրումը Բոստոնում (ԱՄՆ): 1972թ. Հնդկաստանի կառավարության կողմից Մայր Թերեզան ստացավ Ջավահարլալ Ներուի անվան Միջազգային համաձայնության մրցանակը, 1973թ.` Թեմփլ թոնյան մրցանակը: 1974թ. նա ստացավ աստվածության մագիստրոսի աստիճան: 1975թ.` Ալբերտ Շվայցերի միջազգային մրցանակը, 1977թ.` աստվածաբանության դոկտորի աստիճան Քեմբրիջի համալսարանում, 1979թ.` Խաղաղության նոբելյան մրցանակը, 1982թ.` դոկտորական աստիճան Բրյուսելի կաթոլիկ համալսարանում: 1996թ. Մայր Թերեզան դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվավոր քաղաքացի (նրանից առաջ նման պատվի արժանացել էր ընդամենը երեք հոգի): Լինելով տասնյակ գրքերի հեղինակ և բազմաթիվ պարգևատրումների մրցանակակիր, Մայր Թերեզան մահացավ, ունենալով միայն երկու սարի, Աստվածաշունչ, աղոթքագիրք, մի քանի օրագիր և մատիտներ: Սա այն էր, ինչ նա թողեց իրենից հետո` չհաշված տասնյակ հազարավոր հետևորդներին, աշխարհի 126 երկրներում ավելի քան 700 գթության տները և գթության քույրերի եկեղեցակարգի մոտավորապես 400 խմբերը, որոնք հաշվառում են 4600 հոգի: 1997թ. սեպտեմբերի 5-ին Մայր Թերեզան հեռացավ մեզնից և նրա վախճանը անտարբեր չթողեց ոչ մի մարդու:

 

 

ԳԼՈՒԽ 1

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐ

 

Մայր Թերեզան ծնվել է 1910թ. սեպտեմբերի 27-ին, քաղաք Սկոպիեում: (Եթե առավել հստակ ասենք, ապա նա լույս աշխարհ է եկել ոչ թե ամսի 27-ին, այլ` 26-ին: Սեպտեմբերի 27-ին նրան մկրտել են, և հենց մկրտության օրն էլ Մայր Թերեզան համարել է որպես իր ծննդյան օր): Նրա ծնողները կաթոլիկներ էին, այնինչ երկրի այդ հատվածում ալբանացիներից շատերը հակված էին դեպի իսլամը: Այդ ժամանակ Սկոպիեն պատկանում էր Օտտոմանյան կայսրությանը, իսկ հետո մտավ Հարավսլավիայի կազմի մեջ: Այժմ այն Մակեդոնիայի մայրաքաղաքն է: Մայր Թերեզայի իսկական անունն է Ագնես Գոնջա Բոյաջիու: «Ես երջանիկ մանկություն եմ ունեցել»,- հետագայում հիշում էր Մայր Թերեզան: Գոնջայի ծնողներն ալբանացիներ էին: Դարասկզբում նրանք հիմնավորվել էին Սկոպիեում: Հայրը` Նիկոլա Բոյաջիուն, մի խոշոր շինարարական ֆիրմայի բաժնետեր էր և հաջողակ առևտրական: Նա նաև քաղխորհրդի անդամ էր, տիրապետում էր շատ լեզուների, հաճախ էր ճանապարհորդում և շատ էր հետաքրքրվում քաղաքականությամբ: Ագնեսը չէր իմանում` ինչ բան է կարիքը, քանի դեռ ապրում էր ծնողների տանը: Ընտանիքը ոչ մի այն ապահովված էր, այլ նաև երջանիկ էր և, իրականում` համերաշխ: Ընտանիքում կար երեք երեխա: Ագնես Գոնջայից բացի ծնողներն  ունեին ավագ որդի` Ղազարոսը, և դուստր Ագաթան: Բոլոր երեխաները շատ մտերիմ էին միմյանց հետ և շատ էին խաղում մի ասին: Ավելի ուշ Ղազարոսը հիշում է, որ մանկության տարիներին Ագնես Գոնջան մի փոքրիկ, վարդագույն, թմբլիկ աղջնակ էր, միաժամանակ և` շատ ծիծաղելի: Այդ պատճառով էլ տանը նրան անվանում էին Գոնջա, ինչը ալբաներենից թարգմանաբար նշանակում է «ծաղկի կոկոն»: Գոնջայի մայրը` Դրանաֆիլե Բերնային, շատ գեղեցիկ կին է եղել: Լինելով նախանձավոր կաթոլիկ, նա հաճախ էր իր դուստրերին տանում տաճար` ծառայության, նրանց հետ միասին այցելում էր հիվանդներին և կարիքավորներին: 1919թ., երբ Գոնջան ինը տարեկան էր, անբացատրելի իրավիճակներում մահացավ նրա հայրը: Նա ալբանական ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից էր և պայքարում էր Սկոպիեի և Ալբանիայի միասնության համար: Կա մի այսպիսի տարբերակ, որ նա թունավորվել էր հարավսլավական ոստիկանության կողմից: Դրանաֆիլեն ստիպված է եղել միայնակ դաստիարակել երեք երեխաներին, որպեսզի նրանք ոչ մի կարիք չունենան: Նա հարսանյաց զգեստներ էր կարում, ասեղնագործում և տարբեր ծանր աշխատանքներ էր կատարում: Չնայելով զբաղվածությանը` Դրանաֆիլեն ժամանակ էր հատկացնում երեխաների դաստիարակությամբ զբաղվելու համար: Նրանք աղոթում էին ամեն գիշեր, ամեն օր այցելում էին տաճար և օգնում էին` ծառայություններ մատուցել Սուրբ Կույս Մարիամին: Ագնեսը սիրում էր լինել տաճարում: Այնտեղ նա կարդում, աղոթում և երգում էր: Աղքատները Բոյաջիուների տանը միշտ ապաստան, ջերմություն և կարեկցանք էին գտնում: Գոնջայի մայրը խնամում էր դրացի մի արբեցող կնոջ` օրական երկու անգամ նրան կերակուր տալով և նրա ետևից հավաքելով: Նա նաև օգնում էր վեց երեխաների տեր մի որբևայրու: Երբեմն Դրանաֆիլեն չէր հասցնում, և Ագնեսն էր նրա փոխարեն կատարում այդ բարեգործական աշխատանքները: Իսկ երբ որբևայրին մահացավ, նրա երեխաները մեծացան Բոյաջիուների տանը` ինչպես ընտանիքի անդամներ: Ղազարոսը Ավստրիայում ուսանելու թոշակ շահեց, Ագաթան ընդունվեց մասնավոր դպրոց, իսկ Ագնեսը` պետական լիցեյ: Նա լավ էր սովորում: Քրոջ հետ միասին նրանք երգում էին եկեղեցական երգչախմբում. Ագնեսը երգում էր սոպրանո, իսկ Ագաթան` երկրորդ ձայն: Գոնջան նաև մանդոլին էր նվագում: Գոնջան շատ ժամանակ էր անցկացնում Սուրբ Կույս Մարիամի միաբանության մեջ: Նա օգնում էր մի քահանայի, ով չէր տիրապետում օտար լեզուների և շատ էր կարդում Հնդկաստանում սլովենական ու խորվաթական միսիաների մասին: Աղջիկն ամեն տարի ուխտագնացություն էր կատարում Չերնոգորիա: Այնտեղ` Սուրբ Կույս Մարիամի սրբապատկերի առջև, նա առաջին անգամ զգաց Աստծուն ծառայելու կանչը: Սակայն տասներկու ամյա աղջնակն այդ ժամանակ միանձնուհի դառնալու ցանկություն չուներ, որի պատճառով էլ նա լռեցրեց ներքին ձայնը: Դրանից հետո Ագնեսը շատ էր աղոթում և մորն ու քրոջը պատմում կատարվածի մասին: Որոշ ժամանակ հետո նա հարցնում է քահանային, թե ինչպես կարող է վստահ լինել, որ իրոք լսել է Աստծո ձայնը, որին էլ քահանան պատասխանել է. «Լսի՛ր հոգուդ ձայնը: Եթե դու իրապես երջանիկ ես, որ Աստված կանչել է քեզ` ծառայելու Իրեն և մերձավորիդ, ուրեմն, դա իսկապես կանչ է եղել: Հոգուդ ուրախությունը հենց այն կողմնացույցն է, որը ցույց կտա ճանապարհը քո կյանքում»:

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up