Հավատք, որը հաղթում է աշխարհին

(0)

Նախաբան 

 

Աստված բարի է։ Նա Իր սերը հայտնեց Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Երբ նայում ենք Քրիստոսին, տեսնում ենք՝ ինչպիսին է մեր Տերը, ինչ է անում և ինչ է ուզում։ Սուրբ  Հոգին այսօր էլ բացում է Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, յուրաքանչյուրին, ով անկեղծ սրտով փնտրում է Աստծուն։ Ունենալով հայտնություն՝ հավատացյալն իրեն տեսնում է Հիսուս Քրիստոսի մեջ, գիտակցում, թե ով է ինքը և ինչ կարող է անել Նրա միջոցով։ Հավատացյալներն իրենց հայացքն ուղղում են Աստծուն և ազատվում են այն կապանքներից, որոնցով սատանան կապել էր իրենց՝ օգտվելով իրենց իսկ անգիտությունից կամ Աստծո հետ ունեցած ոչ ճիշտ հարաբերությունից։ Աստվածաշունչը դառնում է պարզ ու մատչելի, իսկ քրիստոնյայի կյանքը՝ ազատ և համարձակ։ Հիսուսը հավատացյալի կյանքում իրական անձնավորություն է, իսկ Նրա հաղթանակը՝ մեր հաղթանակը։ Սուրբ Հոգին բացում է հավատքի ճանապարհը և ցույց տալիս, թե ինչպես կարելի է հաղթել Հիսուս Քրիստոսով։ Այն, ինչ կատարել է Քրիստոսը խաչի վրա, մեր օրերում իրականություն է դառնում հազարավոր մարդկանց կյանքերում։ Խաչի մասին խոսքում  կա Աստծո ուժը, որը կարող է իրականացնել Աստծուց խոստացված հրաշքները։ Այսպիսին է ժամանակը, որում մենք ապրում ենք. Խոսքի զորության և Սուրբ Հոգու միջոցով առաքելական ուժի վերածննդի և Աստծո հայտնությունների նոր ալիք է բարձրանում ամբողջ աշխարհում։ Դա այնքան լավ է։ Աստված հրաշքներ է գործում՝ ցույց տալով Իր զորությունը և երկիրը լցնում է Իր փառքով։ Թո՛ղ փառավորվի Նրա Սուրբ անունը։ Հիսուսն է Տերը:

 

 

 

 

ԳԼՈՒԽ 1 

Աստված հավատքի Աստված է

 

 «Որովհետև այն ամենը, որ Աստծուց ծնված է` հաղթում է աշխարհին. և սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթում է, այսինքն մեր հավատքը: Ո՞վ է որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, որ հավատում է, թե  Հիսուսը Աստտծո Որդին է» (Ա Հովհ. 5. 4,5¤։ 

«Հավատք» բառը բաղկացած է վեց տառից, բայց այն կարող է իսկական հեղափոխություն կատարել, և մարդկային կյանքը բավական չէ նրա նշանակությունը հասկանալու համար։ Ամբողջ Աստվածաշունչը՝ Ծննդոց գրքից մինչև Հայտնություն, խոսում է հավատքի մասին։ Հավատքը հաճելի է Աստծուն, իսկ սատանան ատում է այն և պայքարում դրա դեմ։ Երբ Աստծո ժողովուրդն ապրում է հավատքով, և Աստծո էությունն արտահայտվում է հավատացյալի կյանքում, հավատացյալն ամբողջությամբ փոխվում է, նրա առջև  ուրիշ աշխարհ է բացվում։ Հիսուսն ասաց. «Քեզ չասացի՞ որ եթե հավատաս` Աստծո փառքը պիտի տեսնես» (Հովհ. 11.40)։ 

Եթե ուզում ենք պարզ պատկերացում կազմել հավատքի մասին, պետք է ուշադրություն դարձնենք, որ խոսքը վերաբերում է Աստծո նկատմամբ ունեցած հավատքին: Դա սեփական մտքերի վրա հիմնված հավատք չէ և ոչ էլ սեփական հնարավորությունների, զգացմունքների կամ կամքի հավատք. մեր հավատքի կենտրոնն Աստված է։ Աշխարհը հաճույքով է խոսում հավատքի մասին, սակայն դրան ոչ աստվածաշնչյան նշանակություն է տալիս։ Խոսելով հավատքի մասին՝ աշխարհն ինչ –որ անորոշություն է ենթադրում. «Հուսով եմ, որ վաղը լավ եղանակ կլինի, սակայն ես ամբողջությամբ վստահ չեմ», կամ «Ես հավատում եմ ապագային, քանի որ հույս ունեմ, որ ամեն բան լավ կլինի»։ Հավատքը դրական մտածելակերպ չէ, այսինքն՝ դա այն չէ, որ դու փորձում ես ինքդ քեզ համոզել, որ օրեցօր ամեն բան էլ ավելի լավ կլինի։

 

 

 

Հավատա այնպես, ինչպես Աստված է հավատում 

 

 

Ի՞նչ է հավատքը։ Այս հարցում պարզություն մտցնելու համար պետք է իմանալ՝ ով է հավատքի կենտրոնը։ Հիսուսն աշակերտներին ասաց. «Աստծո հավատքն ունեցեք» (Մարկ. 11.22,23)։

 Հիսուսի խոսքը կարելի է այսպես մեկնաբանել. հավատա այնպես, ինչպես Աստված է հավատում: Աստված հավատքի կենտրոնն է, հավատքը Նրանից է գալիս։ Աստված ունի հավատք և այդ հավատքը ցանկանում է փոխանցել մեզ։ Երբ Նրա հավատքը գործում է մեր մեջ, այն գերբնական արդյունք է տալիս:

Ի՞նչ է հավատքը։

«Հավատքը հուսացած բաների հաստատությունն է և չերևացող բաների ապացույցը» (Եբր. 11.1)։

 

Հավատքն անորոշ ենթադրություն չէ, որում վստահություն չկա։ Հավատքը հուսալի վստահություն է։ Այն մոլորված կարծիք չէ, որ ամեն բան լավ կլինի։ Հավատքը բացարձակ վստահություն է՝ ամբողջությամբ հիմնավորված, որին չեն կասկածում ինչ –որ հանգամանքներից ելնելով։ Չնայած հանգամանքները կարող են հակասական լինել, բայց, միևնույն է, հավատքը վստահություն է այն երևույթների նկատմամբ, որոնք չեն երևում։ Այդպիսի հավատքի մասին Հիսուսն ասում է.  

«Եթե Աստծո հանդեպ հավատք ունենաք, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ ե՛լ և ծովն ընկիր, և իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, նա ինչ էլ ասի, կլինի» (Մարկ. 11.23)։ 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up