Երկնային օրհնությունները քոնն են
Հպարտությունն ու հուսահատությունը ծուղակներ են, որոնցից յուրաքանչյուր քրիստոնյա պետք է խուսափի: Այս երկու երևույթներն էլ մղում են հավատալու իրենց և ոչ թե Աստծուն: Հպարտությունը հավատացնում է, որ ինքն ամեն բան կարող է որոշել: Հուսահատությունը ստիպում է մտածել, որ ոչինչ չի ստացվի, որ դու թույլ ես և անպետք: Դո՛ւրս ցատկիր այս երկու փոսերից և քայլ արա հավատքի մեջ: Վստահի՛ր Աստծուն և հնազանդվի՛ր Նրան: Այդպես վարվելով` դու կհասկանաս, որ երկնային օրհնությունները քոնն են: Նրանք, ովքեր հիասթափություն ապրելով հեշտությամբ հանձնվում են, դեռևս անտեղյակ են Աստծո բարությանը: Գիտե՞ս` ինչ է նշանակում «Աստված բարի է»: Դա նշանակում է, որ Նա կատարյալ բարի է: Միայն բարի բաներն են Աստծուց գալիս: Իհարկե, թշնամին չի ցանկանում, որ դու հասկանաս դա և այդ պատճառով քեզ շարունակ պահում է հարձակումների մեջ: Աստծո բարության մասին հայտնությունը զարմանալիորեն պարզ է, իրականում այնքան պարզ, որ մենք քայլում ենք դրա կողքով: Կյանքի ամենաառանցքային կապերից մեկը երեխա և հայր հարաբերությունն է: Հնարավոր է, որ դու շատ արտասովոր հարաբերություն ունես քո երկրային հոր հետ, բայց հիասքանչ հարաբերություն կարող ես ունենալ քո երկնային Հոր հետ: Երբ հասկանաս սա, քո կյանքն ամբողջությամբ կփոխվի, և դու կունենաս վստահության այն խորը զգացումը, որը ցանկանում է Աստված:
Նրա հանդեպ ունեցած հավատքդ թող չտատանվի
Ի՞նչ կատարվեց քեզ հետ, երբ փրկվեցիր: Փրկվելով դու ընդունեցիր Սուրբ Հոգուն: Հռոմեացիների 8.15-ում Նրան ան վանում են «Որդեգրության Հոգի»: Երբ դու փրկվեցիր, քո ձեռքը աստվածաբանական տրակտատ կամ դավանանքի ձեռնարկ չտվեցին: Քեզ Սուրբ Հոգի տրվեց, և դու բացականչեցիր. «Աբբա˜ Հայր»: Թող ոչ մի բան չտկարացնի այն հավատքը, որ ունես քո երկնային Հոր նկատմամբ: Եթե լքված ես քո երկրավոր հորից, ներիր նրան: Ոչ մի մարմնավոր հայր այնքան բարի չէ, որքան Աստված: Ոչ մի երկրավոր հայր կատարյալ չէ: Մարդիկ մասնագետ են իրենք իրենց ներելու մեջ, սպիտակեցնում են իրենց սեփական մեղքերը, իսկ մյուսներինը սևացնում: Երբեք թույլ մի՛ տուր, որ թշնամին պատ դնի քո և Աստծո միջև: Աստված քո թշնամին չէ: Նա քո Ընկերն է: Նա քո բարության աղբյուրն է: Սաղմոս 73.25-ում ասվում է, որ երբ Աստված ունենք, այլևս ոչ մեկի կարիքը չունենք այս երկրի վրա: Դավիթը զորությամբ էր թագավորում, քանի որ Աստծո հետ շփման մեջ նա հաստատուն ու կայուն էր: Նրա արդարության, իմաստության և հաղթանակի միակ մատակարարող աղբյուրը Աստված էր: Աստված է քո գանձը, և Նա բավական է: Աշխատակցիդ հանդեպ ունեցած վստահությունդ կարող է տատանվել: Կարող է անվստահություն լինել քո և եկեղեցու այլ անդամի միջև կամ քո ու ամուսնուդ, կնոջդ միջև: Դու փորձում ես բարի և խելացի լինել, բայց դեռևս ուրախ չես, քանի որ ինչ -որ բան պարզ չէ քեզ համար: Նման ձևերով սատանան փորձում է սասանել հավատքդ, որ ունես Աստծո հանդեպ: Նա ցանկանում է, որ տխրես, զայրանաս, հիասթափվես Աստծուց: Նա ցանկանում է, որ դառնությամբ լցվես Աստծո նկատմամբ և դրա համար ստեղծում է «հիմնավոր պատճառներ»: Ցավոք, սա հատուկ է քրիստոնյաներին: Կյանքում մենք բոլորս ունենում ենք դժվարություններ, բայց ոչինչ մեզ չի օգնում, երբ վհատվում ենք, և թվում է, թե կյանքն անարդար է մեր նկատմամբ: Թող ոչինչ չթուլացնի Աստծո հանդեպ ունեցած հավատքդ: Այդ պատճառով Գրվածքը պարզ ձևով հաստատում է.
«Մի՛ խաբվեք, իմ սիրելի եղբայրներ: Ամեն բարի տուրք ու ամեն կատարյալ պարգև վերևից է և լույսի Հորից կիջնի, Որի մեջ բնավ փոփոխության կամ դառնալու շուք չկա» (Հակոբ. 1.16,17):