Այս գիրքը մի պատգամ է եկեղեցու համար: Այն նաեւ նրանց համար է, ովքեր լքել են եկեղեցին դժգոհության կամ վիրավորանքի պատճառով: Այն պատգամ է ցանկացած հարանվանության կամ անդամության քրիստոնյաների համար, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր չեն ուզում գործ ունենալ հարանվանությունների կամ անդամությունների հետ: Գիրքը նրանց համար է, ովքեր ամբողջությամբ ծառայության մեջ են եւ հակառակը: Սա մի ձեռնարկ է երիտասարդների եւ ծերերի համար` անկախ նրանից, թե քանի տարի են ծառայում Տիրոջը, ինչպես նաեւ նորահավատների համար:
Քանի որ մենք մտնում ենք նոր հազարամյակ, կան հարցեր, որոնք միշտ ծառանում են մեր առաջ: Օրինակ` «Արդյո՞ք մենք արթնության մեջ ենք», «Արդյո՞ք մենք փորձառաբար ապրում ենք Աստծո Հոգու հեղումը եւ հոգիների հունձքը, որ կանխատեսել էր Հովել մարգարեն», «Ինչպե՞ս համեմատվենք Գործք առաքելոց գրքի եկեղեցու հետ», «Մե՞նք ենք փառավորյալ եկեղեցին, որի համար է Հիսուսը գալու», «Մենք պատրա՞ստ ենք Նրա վերադարձին»:
Հնարավոր է, որ մենք գովազդները կամ էմոցիոնալ հուզումները ընդունել ենք որպես վերջին տասնամյակի արթնության մասնիկներ: Գուցե մենք այն մարդի՞կ ենք, որոնք սիրում են արտաքին տեսքը եւ ոչ թե էությունը` դրանով չցուցաբերելով ոչ մի լրջություն: Արդյո՞ք մենք չենք մերժել աստվածայինը եւ անկեղծությունը, որի համար շատերը կանչված են «արքայության մեջ առաջ գնալու»: Աշխարհը տեսնո՞ւմ է Հիսուս Քրիստոսին մեր մեջ՝ իրար նկատմամբ մեր մեջ եղած իսկական սիրո պատճառով: Առաջիկա արթնությունը, որի մասին մարգարեացավ Հովելը, տարբեր է լինելու շատերի սպասած արթնությունից: Այն չի լինելու այն եկեղեցական համակարգի միջոցով, որը աշխարհի հետ ձուլված է: Այդ արթնությունը չի գա գաղջ, կռապաշտ եկեղեցու միջոցով, ոչ էլ այն ծառայողների միջոցով, որոնք մրցակցում կամ պայքարում են իրար հետ: Այն չի գա, քանի դեռ մենք զիջում ենք անկեղծությունը` հաջողություն ունենալու համար: Աշխարհը չի հրապուրվի եկեղեցու փայլից կամ գեղեցկությունից, այլ ավելի շատ նրա փառքից:
Այսօրվա եկեղեցին սայթաքում է այն կենսաոճի պատճառով, որով ապրում եւ քարոզում ենք քսաներորդ դարի վերջում: Մենք Ավետարանը էժանացրել ենք` դարձնելով այն կյանքի խնդիրները լուծելու միջոց: Մենք վաճառել ենք Հիսուսին այնպես, ինչպես առեւտրականն է փորձում զեղչ գներով վաճառել իր ապրանքը: Այսպես վարվելով` մենք ապաշխարությունը փոխարինել ենք նորահավատներ հավաքելու հետ: Հարցն այն է, թե մենք ինչպիսի նորահավատ ունենք: Հիսուսն Իր օրերի ծառայողներին ասաց. «...որ շուռ եք գալիս ծովն ու ցամաքը, որ մեկը նորահավատ (անգլերենում` նորադարձ) անեք. եւ երբ որ լինում է, նրան ձեզնից երկու տակ ավելի գեհենի որդի եք անում» (Մաթ. 23.15): Նորահավատներ հավաքելը շատ հեշտ է, բայց արդո՞ք նրանք Աստծո արքայության ճշմարիտ որդիներ են:
Այս գրքում վերոհիշյալ թեմաները շոշափվում են ավելի շատ, քան երբեւ է: 1992 թ-ի աշնանը Աստծո Հոգին ինձ հանձնարարեց գրել այս գիրքը: Երբ ես գրում էի, դողում էի, քանի որ այն, ինչ Աստված տալիս էր ինձ, ավելի ուժեղ էր, քան ես մտածում էի: Փաստորեն, հասնելով ինչ -որ կետի, ես դադարեցի գրել: Ես չէի ուզում որոշ բաներ ասել այնպես ուժգին, ինչպես ես ստանում էի: Մի քանի շաբաթ անցնելուց հետո ես սկսեցի նորից գրել՝ փորձելով փոխել ինձ ասված բաները մատուցելու ձեւը: Ոչինչ չէր ստացվում: Թվում էր, թե օծությունն էր, որ այն ժամանակ առաջ էր տանում գործը: Ես ժամեր էի անցկացնում համակարգչի դեմ՝ փորձելով գրել, բայց Սուրբ Հոգու ներկայությունը չկար: Սկսեցի աղոթել եւ փնտրել Տիրոջը՝ անհանգստանալով այս գրքի համար: Ես ասացի. «Տե՛ր, եթե Դու ես ուզում, որ գրեմ այս գիրքը, Դու պետք է տաս բառերը: Թվում է, թե ոչինչ չի հոսում, չկա կյանք եւ օծություն»: Տերը նորից հասկանալի ձեւով խոսեց ինձ հետ՝ ասելով. «Վեց ամիս առաջ դու շեղվեցիր այն բանից, ինչ Ես էի ցանկանում: Վերադարձի՛ր այնտեղ, որտեղ կյանքն ու օծությունն են հոսում»: Ես վերադարձա այն գլխին, որտեղ կանգ էի առել, եւ անմիջապես վերադարձավ գրելու օծությունը: Դրանից հետո առանց դադարի շարունակեցի գրել, մինչեւ ավարտեցի այս գիրքը:
Գրքում շոշափված թեմաների մեծ մասը ես քարոզել եմ ողջ Միացյալ Նահանգներում եւ արտասահմանում: Այնուամենայնիվ, այս գիրքը գրելու համար ես ստացա Հոգու առաջնորդությունը եւ գրեցի այն: Նախկինում ես երբեք դա չէի լսել, չէի քարոզել կամ մտածել այդ ուղղությամբ: Սա մեկ այլ հաստատում էր. այս գիրքը ներշնչված էր Տիրոջից: Ես գիտեմ, որ այս պատգամը վերջին օրերին Աստծո սրտի աղաղակն է Իր ժողովրդին: Խնդրում եմ, թեթեւամտորեն մի՛ ընդունիր այն: Ես ուզում եմ քեզ քաջալերել, որ այս գիրքը ամբողջությամբ կարդաս: Պատգամը ամբողջական չի լինի, եթե դու կարդաս գրքի միայն մի մասը: Երբ կարդաս այս գիրքը, խնդրի՛ր Տիրոջը, որ այդ պատգամը կիրառվի քո կյանքում, որպեսզի Նրա ճանապարհը պատրաստվի քո կյանքում եւ ծառայության մեջ: Եկեղեցին կերպարանափոխված կլինի, եթե մարմնի յուրաքանչյուր անդամ անհատապես փոխվի: Շատ հաճախ մենք մտածում ենք, որ ուրիշները պետք է փոխվեն եւ ոչ թե մենք: Շատ բաներ, որոնց մասին ես գրել եմ, հանդիմանում են այն ոլորտները, որոնց հետ Աստված է գործ ունեցել իմ անձնական կյանքում` նախապատրաստելով ինձ վերջին օրերի համար:
Տերն իրականում վերադառնալու է սուրբ եւ փառավոր եկեղեցու հա-մար, որը չի ունենա ոչ մի բիծ կամ արատ կամ նման բան (Եփես. 5.27): Մենք միշտ պետք է մեր առաջ ունենանք այս տեսիլքը, որպեսզի չհուսահատվենք եւ չկորցնենք մեր խոստումները: Երբ Աստված կանչում է ապաշխարության, մեզ համար դա նշանակում է փոխվել եւ շարժվել դեպի այն հույսը, որը մեր առջեւում է: Հովհաննես Մկրտչի պատգամն այս էր. «Ապաշխարե՛ք, որ մոտեցել է երկնքի արքայությունը» (Մաթ. 3.2): Այլ կերպ ասած` նա հայտարարում էր. «Արքայությունը մոտեցել է: Այսպիսով, որպեսզի ստանաս այն, ինչ Աստված ունի քեզ համար, պետք է փոփոխություն (ապաշխարություն) լինի»: Առանց հույսի ժողովրդին ապաշխարություն քարոզելը կհանգեցնի օրինապահության: Մենք պետք է փոխվենք, որպեսզի գանք այն տեղը, որտեղ կարող ենք ստանալ այն, ինչ Աստված է խոստացել:
Այս պատգամը Աստծո սրտից եկած ողորմության պատգամ է եւ ոչ դատապարտություն: Ողորմություն է, որովհետեւ Նա զգուշացնում է մեզ, որ գալու է Իր փառքով` անկախ այն բանից, թե որպես անհատ մենք պատրա՞ստ ենք, թե՞ ոչ: Այսպիսով, որպեսզի ստանանք այն, ինչ Նա ունի մեզ համար, պետք է փոխենք այն ուղիները, որոնք Նրանը չեն, որպեսզի երբ Իր փառքը հայտնվի, մենք ուրախ լինենք իսկական ուրախությամբ:
Իմ աղոթքն է, որ երբ դու կարդաս այս գիրքը, լսես դրա մեջ քեզ ուղղված Աստծո ձայնը, որպեսզի քո ականջները լսեն, ու քո աչքերը տեսնեն, եւ քո սիրտը հասկանա ու ճանաչի այն, ինչ այս վերջին օրերին Աստծո Հոգին ասելու է քեզ եւ եկեղեցուն: Ես նաեւ աղոթում եմ, որ այս գրքի միջոցով Նա հայտնի Իրեն եւ Իր կամքը քեզ, որպեսզի դու կարողանաս պատրաստ լինել այն ամենի համար, ինչին Աստված կանչել է քեզ:
ԳԼՈՒԽ 1
Եղիայի օծությունը
Աստծո դատաստանը կլինի Իր, այլ ոչ թե արդարության մեր չափանիշների համաձայն
«Ահա Ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ: Եվ Նա պիտի դարձնի հայրերի սիրտը դեպի որդիները, եւ որդիների սիրտը՝ դեպի իրենց հայրերը, որ մի գուցե Ես գամ եւ երկիրը զարկեմ անեծքով» (Մաղաք. 4.5,6):
Տիրոջ օրը
Տիրոջ մեծ եւ ահեղ օրը՝ Քրիստոսի երկրորդ գալուստը, ավելի մոտ կարող է լինել, քան ես եւ դու կարծում ենք: Աստված ասում է, որ Ինքը պատրաստվում է ուղարկել Եղիա մարգարեին նախքան այդ օրվա գալը: Այն կլինի մեծ օր Տիրոջ հավատարիմ եւ իմաստուն ծառաների համար եւ ահեղ օր նրանց համար, ովքեր երբեք չեն ընդունել Քրիստոսի Ավետարանը, եւ նրանց համար, ովքեր Տիրոջ ոչ իմաստուն ու չար ծառաներն են եղել: Սրանք այն մարդիկ են, որոնք, իմանալով Նրա կամքը, չվարվեցին դրա համեմատ: Սա նկարագրված է Հիսուսի հետեւյալ խոսքերի մեջ.
«Ուրեմն ո՞վ է այն հավատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տերը իր գերդաստանի վրա կարգեց, որ նրանց կերակուրը տա ժամանակին: Երանի այն ծառային, որ իր Տերը երբ որ գա, այնպես անելիս գտնի նրան: Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե իր բոլոր ստացվածքների վրա կդնի նրան: Բայց եթե այն ծառան իր սրտում ասի` իմ տերն ուշանում է գալու, եւ սկսի ծառաներին ու աղախիններին ծեծել, ուտել ու խմել եւ արբենալ, կգա այն ծառայի տերն այն օրը, որ նա չի սպասում, եւ այն ժամին, որ նա չգիտի, եւ նրան միջից կկտրի եւ նրա բաժինն անհավատարիմների հետ կդնի: Եվ այն ծառան, որ իր տիրոջ կամքը գիտենալով չի պատրաստել եւ ոչ էլ արել նրա կամքի պես, շատ ծեծ կուտի: Եվ նա, որ չգիտենալով ծեծի արժանի բան գործեց, քիչ կծեծվի. այն ամենին, որ շատ տրվեց, նրանից շատ կուզվի. եւ ում որ շատ պահ տրվեց, նրանից էլ ավելի կպահանջեն» (Ղուկ. 12.42-48):
Տիրոջ մեծ եւ ահեղ օրը Իր վերադարձն է դատաստան անելու համար: Աստծո դատաստանը կլինի համաձայն Իր արդար չափանիշների, այլ ոչ թե մեր սեփական: Այդ օրը «...մարդու ամբարտավանությունը պիտի խոնարհվի, եւ պիտի իջնի մարդկանց բարձրությունը. եւ միայն Տերը բարձր կլինի այն օրը: Եվ կուռքերը բոլորովին բնաջինջ պիտի լինեն» (Եսայի 2.17,18): Այն վրեժխնդրության օրն է, որը թափվելու է մարդու հպարտության եւ անհնազանդության վրա, չնայած որ հիմա թվում է, թե մեծամտությունն ու ապստամբությունը ուշադրության չեն արժանանա, չեն պատժվի, եւ հաճախ թվում է, թե դրանք պարգեւ ատրվելու են: