Սահմանափակող Գործոնները Ձեր Կյանքում

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ռասել Պլիլար
  • Կոդ: RP01
  • Formats available: pdf
  • Դիտում

Նախաբան

 

Ռասել Պլիլարն իմ ընկերն է և Ավետարանի հարգարժան ծառայող է: Նա և կինը՝ Բարբարան, տարիներ շարունակ հովվական ծառայության մեջ են եղել Սան Դիեգո քաղաքի շրջակայքում: Աստված հայտնել է Ռասելին բանալի սկզբունքներ, որոնք կարող են փոխել մարդկանց կյանքերը: Դրանք իրական հեղաշրջում կբերեն նրանց կյանքում, ովքեր ունեն բաց սիրտ և քաղց` ճշմարտության հանդեպ: Համարձակվե՛ք դառնալ այն սակավաթիվ մարդկանցից մեկը, ով կապրի համաձայն այս խորաթափանց գրքի ճշմարտությունների: Հեռացրե՛ք այն ամենը, ինչը սահմանափակում է Աստծուն ձեր կյանքում, և ունեցե՛ք կատարյալ հաղթանակ, որը Նա խոստացել է Իր Խոսքում: Հովիվ Ռասելի գիրքը կդրդի ձեզ քննել ձեր կյանքի այն բնագավառները, որոնցում դուք սահմանափակել եք ձեր աստվածային սպասումը և թույլ չեք տվել, որ ձեր երազանքներն իրականանան: Խորհուրդ եմ տալիս կարդալ « Սահմանափակող գործոնը ձեր կյանքում» գիրքը յուրաքանչյուրին, ով կհամարձակվի նորոգել իր մտածելակերպը, տեսիլքը, հնազանդությունը, ջանասիրությունը և Աստծուց ունեցած սպասումը: Անելով այս քայլերը՝ դուք կառաջնորդվեք Հոգով, և ձեր կյանքը հավիտյան կփոխվի: 

Դոկտոր Մորիս Սերուլո

Նախագահ և հիմնադիր « Մորիս Սերուլոյի համաշխարհային ավետարանչական ծառայություն»

 

Ներածություն

 

2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան արթնացա ժամը 04: 45-ին` Կալիֆոռնիայի ժամանակով: Ես խոհանոց գնացի, որ սուրճ պատրաստեմ կնոջս՝ Բարբարայի համար, նստեցի խոհանոցի սեղանի մոտ՝ Աստվածաշունչ կարդալու և Աստծո հետ ժամանակ անցկացնելու համար: Ես նարնջի հյութ էի խմում և պատրաստվում էի նոր օրվան, երբ որոշեցի հեռուստացույց միացնել ու ծանոթանալ աշխարհի և օրվա լուրերին: Միացրի «MSNBC» հեռուստաալիքը, որը մշտապես աշխատում է ուղիղ եթերով, և մինչև 05: 30-ը ծավալվում էին Նյու Յորք Սիթիի ողբերգական դեպքերը: Ամերիկայի Միացյալ Նահանգները և ամբողջ աշխարհն անմիջապես պատվեցին տրտմության ամպով: Իրավիճակը ցավալի և ողբերգական էր. այն հիշեցրեց ինձ թանձր մառախուղները, որոնք ծածկում են առափնյա տարածքը: Մենք շատ անգամներ ենք նման մառախուղներ տեսել, քանի որ ապրում ենք օվկիանոսի մոտ: Ծննդյանս օրը սեպտեմբերի 11-ին է, բայց այդ օրվա իմ բոլոր ծրագրերն անմիջապես ետին պլան մղվեցին՝ մեր երկրի վրա կատարված հարձակման պատճառով: Բարբարան և ես (ինչպես և մեծամասնությունը) չէինք հեռանում հեռուստացույցից և ապշած հետևում էինք, թե ինչպես էր Ազգային գվարդիան փակում երթևեկությունը դեպի քաղաք և քաղաքից դուրս: Հաջորդ յոթանասուներկու ժամվա ընթացքում տեղի ունեցածը նման էր կաթվածահար անող ուժի, որը եկավ մեր ամբողջ պետության վրա, հատկապես՝ Նյու Յորք Սիթիի: Մի քանի շաբաթ անց՝ ում հանդիպում էինք, ասում էին. «... որքա՜ն սահմանափակված էինք մենք»՝ տեղափոխությունների, ֆինանսների, հաղորդակցության և շատ այլ հարցերում: Այս գրքի վերնագիրը՝ « Սահմանափակող գործոնը ձեր կյանքում», ծնվեց այդ օրերին հնչող նմանատիպ արտահայտություններից: Այս գիրքն ընթերցելիս հիշե՛ք, որ դուք սահմանափակված չեք ձեր կրթությամբ կամ դրա բացակայությամբ, ձեր ռասայով, դավանանքով կամ մաշկի գույնով: Հարուստ կամ աղքատ ընտանիքում ծնվելը նույնպես չի սահմանափակում ձեզ: Դուք հատուկ եք Աստծո համար և սահմանափակված չեք ոչնչով և ոչ մի ազդեցությամբ: Սաղմոս 78. 40, 41-ում գրված է. «Որքա՜ն հաճախ նրանք բարկացրին Նրան անապատում և տրտմեցրին Նրան անջուր վայրում: Այո՛, նրանք ետ դարձան և փորձեցին Աստծուն, և սահմանափակեցին Իսրայելի Սուրբին» (KJV): Այլ թարգմանությունների մեջ «սահմանափակեցին» բառի փոխարեն գրված է «նեղացրին», «բարկացրին» կամ «զայրացրին»: Մի թարգմանության մեջ էլ գրված է, որ նրանք «բորբոքեցին Աստծո բարկությունը»: Մի եբրայական մեկնության մեջ օգտագործվում է «սահման» բառը՝ նշելով. «Աստծո շուրջը սահմաններ էին կառուցվել և սահմանագծեր էին անցկացվել, որոնք խոչընդոտում էին Նրան այն աստիճան, որ Նա չէր կարողանում գործել Իսրայելի զավակների փոխարեն»: Որքա՜ն հաճախ ենք մենք սահմանափակում Աստծուն՝ ասելով. « Դու կարող ես ինձնից ստանալ այսքանը և վե՛րջ... ո՛չ ավելին»: Ես ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ձեզ, որ ձեռք բերեցիք այս գիրքը, և ապա, որ ժամանակ եք հատկացնելու այն ընթերցելու և դրա շուրջ մտորելու համար: Թող որ այս ուղերձը բարձրացնի, խրախուսի և առաջ մղի ձեզ այն ընթացքի մեջ, որը դուք անցնում եք Տիրոջ հետ:

                                                                                 Հովիվ Ռասել Պլիլար « Ցանք և հունձք» ծառայություն

 

ԳԼՈՒԽ1

Ի՞նչ եք սպասում Աստծուց

 

 

Թոմաս Քարլայլը մի աներևակայելի արտահայտություն է արել. «Կյանքի ողբերգությունը ոչ այնքան մարդկանց կրած դժվարություններն են, որքան նրանց բաց թողնված հնարավորությունները»։ Մտածելով այս արտահայտության վերաբերյալ՝ ես մի պատմություն եմ հիշում, որն անհեթեթ է թվում, բայց այն իրականում տեղի է ունեցել։ Մեզ մոտ՝ Հարավային Կալիֆոռնիայում, մարդիկ լսում են բազմաթիվ անբարո դեպքերի և վրդովեցուցիչ միջոցառումների մասին։ Որոշ ժամանակ անց մարդը հոգնում է նման բաներ լսելուց։ Քանի որ եղանակի մասին ասելու գրեթե ոչինչ չկա (այն միշտ նույնն է), լրատվամիջոցները շարունակ զբաղեցնում են Կալիֆոռնիայի բնակիչներին անհեթեթ պատմություններով։ Տարիներ առաջ Լոս Անջելեսի լուրերի թիմը ներկայացրեց մի պատմություն, որն ասես «անհեթեթ» բառի սահմանումը լիներ։ Այս պատմությունը մի մարդու մասին է, ով սիրում էր թռչել և երազում էր օդաչու դառնալ։ Նա միացավ ԱՄՆ-ի Օդային ուժերին՝ հույս ունենալով, որ կիրականացնի իր երազանքը։ Դժբախտաբար, վատ տեսողությունը թույլ չտվեց նրան հասնել իր ցանկալի աստիճանին։ Այնպես որ, երբ նա հեռացավ ծառայությունից, նրա միակ մխիթարությունը իր տան ետևի բակի վրայով թռչող ռազմական ինքնաթիռները դիտելն էր։ Մեկ անգամ, երբ նա նստած էր իր տան ետևի բակի սիզամարգին և տխուր դիտում էր, թե ինչպես էին այլ մարդիկ իրականացնում իրենց երազանքը, նրա գլխում մի միտք է ծագում։ Նա գնաց տեղական զինվորական խանութ և գնեց հելիումի բալոն և 45 ռետինե օդերևութաբանական փուչիկներ։ Այս փուչիկները բոլորովին նման չեն երեկույթներին օգտագործվող սովորական փուչիկներին։ Դրանք շատ դիմացկուն գորշ-սպիտակավուն գնդեր են, որոնց տրամագիծը փչած ժամանակ մեկ մետրից ավելի է։ Հիշե՛ք, որ նա գնեց 45 այդպիսի փուչիկ։ Ես մի փոքր անհանգստություն եմ զգում, երբ պարզապես մտածում եմ այս մասին։ Ոգևորությունից դողալով՝ նա բերեց այդ փուչիկներն իր տան ետևի բակը։ Արդյո՞ք նրա գաղափարը կգործեր։ Նա կկարողանա՞ր բարեհաջող թռչել՝ ըստ իր կազմած ծրագրի։ Այդ մարդը ոչ ոքի չասաց, թե ինչ էր պատրաստվում անել։ Նա օգտագործեց չափազանց դիմացկուն ռետինե կպչուն ժապավեն՝ ամրացնելու համար այդ ծանր փուչիկներն իր սիզամարգի թեթև պլաստիկ աթոռին։ Նա զգուշորեն կապեց աթոռն իր մեքենայի թափարգելին և փչեց փուչիկները։ Դրանից հետո նա թեթև նախաճաշ վերցրեց իր հետ և լիցքավորեց հրացանը։ Նրա պատկերացմամբ, մթնոլորտի ստորին շերտերում իր ուզածի չափ թռչելուց հետո, նա հերթով կպայթեցներ փուչիկներն իր հրացանով և դանդաղ վայրէջք կկատարեր։ Որքան էլ այդ մարդը խելամիտ համարեր իր գաղափարը, նրան սպասում էր իր կյանքի մեծագույն ցնցումը։ Երբ պատրաստություններն ավարտվեցին, նա նստեց իր թեթև աթոռին և կտրեց այն կապող պարանը։ Ի զարմանս այդ մարդու՝ նա դանդաղորեն չբարձրացավ ամպերի մեջ. նա վեր սլա ցավ հրթիռի պես։ Արագությունն այնքա՜ն մեծ էր, որ նա ճոճվում էր մի կողմից մյուսը՝ հուսահատորեն փորձելով պահպանել հավասարակշառությունը։ Նա գցեց ձեռքից իր կերակուրը, բայց կարողացավ պահել հրացանը։ Նա չբարձրացավ մթնոլորտի ստորին շերտերը։ Այդ փուչիկները շարունակ վեր էին տանում նրան, մինչև որ նա հասավ մոտավորապես 3.200 մետր բարձրության՝ գտնվելով լիովին անօգնական վիճակում։ Այդ բարձրության վրա նա չէր կարող հրացանով պայթեցնել թեկուզ մեկ փուչիկ, քանի որ կկորցներ հավասարակշռությունը և իսկապես կսկսեր սավառնել, բայց՝ գլխով ներքև։ Այդ մարդը մնաց օդում՝ պահված օդերևութաբանական փուչիկներով, ամուր բռնած իր աթոռից և հրացանից։ Նրա ոտքերն անօգնական կախված էին տասներկու ժամ շարունակ, մինչ նա թռչում էր՝ մտածելով, թե արդյո՞ք կկարողանա ցած իջնել։ Նա հիշեց, որ ոչ ոքի չէր պատմել իր ծրագրի մասին։ Ոչ ոք չէր կարող իմանալ՝ որտեղ փնտրեր նրան. առավել ևս՝ մարդիկ չէին փնտրի նրան 3.200մետր բարձրության վրա։ Հավատում եք, թե ոչ՝ այս պատմությունը լավ ավարտվեց, բայց դրա շարունակությունն է՛լ ավելի ծիծաղելի է։ Այդ մարդը սավառնեց օդում և օդի հոսանքներով հասավ Լոս Անջելեսի Միջազգային օդանավակայան։ Մի օդաչու, ով այդ ժամանակ պատրաստվում էր վայրէջք կատարել և դեռևս անցնում էր ամպերի միջով, հանկարծ աջ կողմ է շրջվում և ականատես է լինում մի տեսարանի, որը երբեք չի մոռանա։ Նա օդում տեսնում է մի մարդու՝ «անպարկեշտ» բարձրության վրա, նստած սիզամարգերում դրվող թեթև պլաստիկ աթոռի վրա, որին կպչուն ժապավեններով օդերևութաբանական փուչիկներ էին ամրացված, և մի հրացան էր ամուր սեղմել։ Երբ օդաչուն իր անձնակազմի հետ ուշքի եկավ այդ տեսարանից, անմիջապես հաղորդեց դիսպետչերական կենտրոնին, որ իր ինքնաթիռն անցնում է մի մարդու կողքով, ով 3.000 մետր բարձրության վրա է՝ նստած պլաստիկ աթոռի վրա, ձեռքին էլ՝ հրացան։ Այսօր մարդիկ կմտածեն, որ դա նոր ահաբեկչական ռազմավարություն էր։ Լոս Անջելեսի Միջազգային օդանավակայանը մոտ է օվկիանոսին, և մութն ընկնելուն պես ափամերձ տարածքի քամու ուղղությունը փոխվում է։ Արդեն երեկոյան, քամին այդ մարդուն քշեց դեպի օվկիանոսը։ Մարդիկ շփոթված էին. ոչ ոք չէր պատկերացնում՝ ինչպես կարելի է փրկել նրան։ Ի վերջո, առափնյա անվտանգության աշխատակիցները ուղղաթիռ բարձրացրին այդ սխրանքի համար։ Չնայած փրկարարների մեծ փորձառությանը՝ նրանք մեծ դժվարությամբ փրկեցին այդ մարդուն, քանի որ փուչիկները քշվում էին ուղղաթիռի պտուտակներից առաջացող քամու հոսանքից։ Ի վերջո, նրանք կարողացան բարձրանալ անմիջապես նրա գլխավերևը և պարան իջեցնել նրա մոտ։ Նա բռնեց պարանը, և ուղղաթիռն ապահով ցամաք հասցրեց նրան։ Վայրէջք կատարելուն պես նրան սպասում էր Լոս Անջելեսի ոստիկանությունը, ինչպես նաև թղթակիցներ՝ բոլոր հեռուստակայաններից։ Թեև այդ մարդուն ձերբակալեցին, բայց գոնե մասամբ իրականացրեց իր երազանքը. նա դարձավ սեփական «օդանավի» օդաչուն։ Ես չեմ առաջարկում, որ ինչ-որ անհեթեթ երազանք ունենաք և դիմեք այնպիսի ծայրահեղությունների, որ թե՛ տեղական ոստիկանությունը, թե՛ լուրերի թղթակիցներն սպասեն ձեր վերադարձին։ Բայց ես խրախուսում եմ նայել ձեր ներկա իրավիճակին։ Դուք ունեցե՞լ եք երազանքներ, որոնք անկատար են մնացել։ Դուք հավատո՞ւմ եք, որ ձեր կյանքում երբեք առաջընթաց չեք ունենա՝ ձեր կրթության, ռասայական պատկանելության կամ բնավորության պատճառով։ Կարծում եք՝ դուք անտեսվա՞ծ եք մարդկանց և Աստծո կողմից։

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up