Երևակայությունը մտքի համար նույնն է, ինչ շնչառությունը՝ մարմնի համար։ Առանց երևակայության՝ մենք դատապարտված կլինեինք ապրելու միմիայն մեր բնազդով։ Մենք կշրջեինք առանց որևէ հագուստի, չէինք կարողանա կրակ վառել և շարունակ կերակուր կհայթայթեինք։ Նույնիսկ այնքան հասկացողություն չէինք ունենա, որ հասարակ հյուղակներ պատրաստեինք ծառերի ճյուղերից՝ եղանակային պայմաններից պաշտպանվելու համար։ Թող որ այս գիրքը հաղորդի ձեզ նոր երևակայություն և հեռանկար՝ կյանքի համար, նորոգի ձեր հույսը և տա հստակ պատկերացում երազանքների, նպատակների և տեսիլքների մասին։
Գլուխ Առաջին
ԴՐԱԿԱՆ ԵՐևԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ
Լեռնագնացը շարունակում է վեր բարձրանալ անհավատալի ցուրտ պայմաններում։ Ցուրտն այնքա՜ն ուժգին և անտանելի է, որ թափանցում է մինչև նրա ոսկորները։ Ճիգ գործադրելով դեպի հերթական ծերպը, որից կարելի է բռնվել, նա մղում է իրեն դեպի առաջ, դեպի վեր։ Մթնոլորտը 6.000 մետր բարձրության վրա այնքան նոսր է, որ հազիվ է բավականացնում, բայց լեռնագնացը շարունակում է աննահանջ վեր բարձրանալ։ Առջևում դեռ 2.800 մետր կա, որը նրա անցած կես ճանապարհից ընդամենը մի փոքր է պակաս. արդյո՞ք նա կհասնի գագաթին։ Սըր Էդմունդ Հիլարին՝ Նոր Զելանդիայից, առաջին մարդն էր, ով բարձրացավ Էվերեստ սարի գագաթը։ 1953 թվականի մայիսի 29-ին նա իր ուղեկցորդի հետ հասավ աշխարհի ամենաբարձր կետին, որը 8848 մետր բարձրություն ունի ծովի մակարդակից։ Երբ Սըր Հիլարիին հարցրին, թե ինչո՞ւ նա մագլցեց Էվերեստը, նա պատասխանեց. , Քանի որ այն այդտեղ էե։ Նա մասնակցեց այդ արշավին, քանի որ ակնկալում էր հասնել սարի գագաթին։
Երևակայություն՝ ձգտման վառելիքը
Կյանքը լի է երևակայությամբ։ Մենք պատկերացնում ենք, թե ինչպես է արևը ծագելու։ Մենք սպասում ենք, որ հերթական անգամ շունչ ենք քաշելու։ Մենք ակնկալում ենք, որ աճ և զարգացում ենք ունենալու։
Դրական երևակայությունը մղում է մեզ առաջ՝ դեպի մեր երազանքները և նպատակները, իսկ բացասական երևակայությունը կաթվածահար է անում՝ անգործության մատնելով։ Կյանքում կա մի սկզբունք, որը բոլորս, վաղ թե ուշ, հասկանում ենք. Դուք ստանում եք այն, ինչ ակնկալում եք՝ թե՛ լավը, թե՛ վատը։
Սպասում և ակնկալիք
Եկեղեցիներն աճում են՝ բարի բաների սպասելով։ Դրանք աճում են, քանի որ ակնկալում են, որ Աստված կգործի մարդկանց կյանքերում և սրտերում, և կձգի նրանց դեպի Իրեն։ Կարճ ասած՝ եկեղեցիներն աճում են, քանի որ բարի բաների են սպասում։ Իսկ դո՞ւք։ Դուք ունե՞ք դրական երևակայություն։ Դուք ունե՞ք դրական ակնկալիք ձեր ապագայի համար։ Դուք ապրո՞ւմ եք՝ լավ բաների սպասելով։ Դուք ունե՞ք դրական ակնկալիք ձեր ապագայի վերաբերյալ։ Մարդիկ սպասում են, որ լավ նվերներ կստանան Սուրբ ծննդյան տոներին, բայց երբեմն մեր սպասածի փոխարեն մեզ մի անհեթեթ փողկապ են նվիրում։ Այնուամենայնիվ, մենք պետք է դրական սպասում ունենանք ամեն ինչում։ Սպասումը նայում է առաջ՝ դեպի ապագան։ Երբ դուք լցված եք ակնկալիքով, դուք սպասում եք, որ ինչ-որ բան տեղի կունենա։ Այսպիսով, սպասումները և ակնկալիքները հատուկ են առաջադեմ մտածելակերպ ունեցող մարդկանց։ «Որովհետև նա այնպիսին է, ինչպես որ մտածում է իր սրտում» (Առակաց 23.7, NKJV)։ Դուք կլինեք այնպիսին, ինչպես որ մտածում եք ձեր սրտում։ Հիսուսն ասաց. «Որովհետև սրտի ավելացածից կխոսի բերանը» ( Մատթեոս 12.34)։ Եթե դուք ձեզ անարժեք համարեք, ձեր սպասումը ձեզնից՝ կլինի հենց այդպիսին։ Եթե մտածեք, որ ոչնչի չեք կարող հասնել, դուք, հավանաբար, ճիշտ դուրս կգաք։ Գեդեոնն անարժեք էր համարում իրեն։ Նա ասաց Տիրոջ հրեշտակին, որ իր ցեղն ամենափոքրն է Իսրայելի բոլոր ցեղերից։ Ավելին՝ Գեդեոնն իր հոր ազգատոհմը համարում էր ամենափոքրը՝ իր ցեղի բոլոր ազգատոհմերից, իսկ իրեն՝ իր հոր տան ամենափոքրը։ Այս մարդը հավատում էր իր սրտում, որ կունենար աննշան ազդեցություն, կամ՝ ոչ մի ազդեցություն Իսրայելի պատմության վրա։ Դրականի փոխարեն Նա ուներ բացասական սպասում թե՛ իրենից, թե՛ Աստծուց։
Աստված հանդիպում է ձեզ այնտեղ, որտեղ դուք գտնվում եք
Աստծո պատկերացումը Գեդեոնի մասին՝ դրական էր։ Գեդեոնը չէր հասկանում, որ Աստված չէր տեսնում իրեն այնպես, ինչպես ինքը։
● Աստված սպասում էր, որ Գեդեոնը զորավոր և խիզախ տղամարդ լիներ։
● Աստված սպասում էր, որ Գեդեոնը խրախուսվեր և քայլ աներ՝ դիմելով այնպիսի ռիսկերի, որոնցից մյուսները խուսափում էին։
● Աստված սպասում էր, որ Գեդեոնը դառնար այնպիսի առաջնորդ, ով կփրկեր Իսրայելը։
«Եվ Տիրոջ հրեշտակը եկավ և Աբիեզերյան Հովասի բևեկնու տակ նստեց, որ Եփրայի մեջ էր, և նրա որդի Գեդեոնը կալում ցորեն էր ծեծում՝ մադիանացիների երեսից փախցնելու համար։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց և ասաց. «Ո՛վ հզոր զորավոր, Տերը քեզ հետ»» ( Դատավորաց 6.11,12)։
Գեդեոնը «հզոր զորավոր» չէր համարում իրեն։ Հաշվի առնելով Գեդեոնի կարծիքն իր մասին՝ ես մտածում եմ, որ միգուցե նա շրջվեց՝ տեսնելու համար, թե ում հետ է Տերը խոսում։ Ինչպես և Գեդեոնը, հաճախ մենք չենք տեսնում մեզ Աստծո կոչման համեմատ։ Այնուամենայնիվ, Աստված չի սխալվում։ Աստված տեսավ Գեդեոնի մեջ այն, ինչ տեսնում է բոլորիս մեջ՝ նե րուժ։ Աստված սպասում էր, որ Գեդեոնը հաղթող լիներ։ Աստծո դրական սպասումը բարձրացրեց Գեդեոնին նոր մակարդակի վրա այնտեղից, որտեղ նա գտնվում էր։ Այնուամենայնիվ, Գեդեոնը չէր համոզվում և վիճարկում էր Աստծո խոսքերը։ Նա հարցրեց. «Եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ ենք մենք հայտնվել մադիանացիների ծանր ձեռքի տակ։ Ինչո՞ւ է Տերը թողել մեզ»։ Աստված, որպես կանոն, չի պատասխանում նման հարցերի, և այս դեպքը բացառություն չէր։ Մենք տալիս ենք նույն հարցերը.
● Տե՛ր, ինչո՞ւ Դու թույլ տվեցիր, որ այսպիսի բան տեղի ունենար ինձ հետ։
● Տե՛ր, ինչո՞ւ ես պետք է անցնեմ այս իրավիճակով։ Չե՞ս կարող պարզապես շտկել այն։
● Տե՛ր, ինչո՞ւ է այս աշխարհը, այս ազգը, այս քաղաքը կամ այս բնակավայրը այսպիսի խառնաշփոթ վիճակում։ Ինչո՞ւ Դու թույլ տվեցիր, որ ամեն ինչ այսքան հեռու գնա։
Գեդեոնը կենտրոնացած էր բացասականի վրա։ Տերն ասաց Գեդեոնին նույնը, ինչ ասում է մեզ. «Գնա՛ քո ուժով և զորությամբ և փրկի՛ր քո ժողովրդին»։
Աստված բարձրացնում է ձեր սպասման մակարդակը
Աստված ակնկալում էր, որ իրեն տկար և անզոր համարող անձնավորությունը փրկեր Իսրայելը, բայց նման հրամանն Աստծուց՝ վերջին բանն էր, ինչին սպասում էր Գեդեոնը։ Նա կգոհանար, եթե պարզապես ստանար իր հարցերի պատասխանները, բայց փոխարենը նա ստացավ հրաման՝ հարձակվելու հզոր և կատաղի թշնամու վրա։ Աստված օգնեց Գեդեոնին հասկանալ, որ իր ներսում կար շատ ավելի մեծ ներուժ, քան ինքը երբևէ պատկերացրել էր։ Աստված սովորեցրեց Գեդեոնին, որ զորությունը գտնվում է դրական երևակայության մեջ, և որ Գեդեոնը կարող էր շատ ավելին սպասել իրենից և Աստծուց։ Աստված խոստացավ Գեդեոնին, որ կլինի նրա կողքին՝ թշնամու հետ մարտնչելու ժամանակ։ Աստված բարձրացրեց Գեդեոնի սպասման մակարդակը շատ ավելի վեր նրա ներկա հանգամանքներից՝ ուղղելով նրա սպասումն անմիջապես Իրեն։ Այսպիսով
● Աստված ցանկանում է օգնել ձեզ հենց այսօր, որ հասկանաք ձեր ներուժը։
● Աստված սովորեցնում է ձեզ հենց այսօր, որ դրական երևակայության մեջ զորություն կա։
● Աստված խոստանում է, որ կլինի ձեզ հետ՝ անկախ այն բանից, թե կյանքում ինչի կբախվեք։
● Աստված բարձրացնում է ձեր սպասման մակարդակը շատ ավելի վեր ձեր ներկա հանգամանքներից։
Երբ թվում է՝ մեզ շրջապատող հանգամանքները կոտրում են մեզ, պետք է հիշենք, որ մեր կյանքում կա Աստված, Ում կարելի է վստահել, քանի որ Նա վեր է ամեն ինչից։ Աստծո համար անկարելի ոչինչ չկա։ Այնպես որ, մեր գործը՝ պարզապես Նրան վստահելն է։ Դուք պետք է բարձրացնեք ձեր սպասման և վճռականության մակարդակը։ Այո՛, սպասո՛ւմ ունեցեք, որ լավագույնս կվարվեք ցանկացած իրավիճակում։ Ոչինչ մի՛ սկսեք պարտվածի դիրքորոշմամբ։ Սկսե՛ք Տիրոջ զորությամբ և ավարտե՛ք նույն կերպով։ Աստված կանի մեզ համար այն ամենը, ինչին կհավատանք։