Քեզ Օրհնված Անվանիր

(0)

1

Քեզ օրհնված անվանիր

 

 

 Ի՞նչ է օրհնությունը: Ի՞նչ իրավունքով դուք կարող եք ձեզ օրհնված անվանել: Սուրբ Հոգին ցանկանում է ձեզ տալ ավելի խոր և ամբողջական հասկացողություն այն մասին, թե իրականում մենք ինչ ենք ստացել Աստծո շնորհքի միջոցով: Նա ցանկանում է, որ դուք դա բաց չթողնեք: Դուք իրավունք ունեք ձեզ անվանել օրհնված, որովհետև. 

 

1.Դուք ստեղծված եք օրհնությունների համար:

 2. Դուք կանչված եք օրհնված լինելու համար: 

3. Դուք գնված եք օրհնված լինելու համար: 

4. Դուք կարող եք ընտրել օրհնությունը:

 

 Այս ամենը ձեզ հետ ինքնաբերաբար չի կատարվի: Եթե դուք հասկանաք, թե ինչ է օրհնությունը, ապա անպայման կընտրեք դա: Իսկ եթե չհասկանաք, ապա կկորցնեք: Եսավը կորցրեց իր օրհնությունը, որովհետև բավականին մութ պատկերացում ուներ դրա մասին: Աստծո տվածը անկարելի է համեմատել մեկ այլ բանի հետ, բայց Եսավը դա չգնահատեց: Նա ավելի շատ մտածում էր մեղավոր հաճույքի մասին և կորցրեց այն, ինչ Տերը տվել էր նրան:

Աստված չի ցանկանում, որ դուք վարվեք Եսավի նման: Բայց եթե չունեք հստակ պատկերացում այն մասին, թե ինչ է օրհնությունն անձամբ ձեզ համար, ապա նման բան կարող է պատահել:

 

 

 

2

Դուք ստեղծված եք օրհնված լինելու համար

 

 

 «Աստված Իր պատկերով ստեղծեց մարդուն. Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց և ասաց. «Աճեցեք, շատացեք և լցրեք երկիրը և տիրեք նրան ու իշխեք ծովի ձկներին ու երկնքի թռչուններին և երկրի վրա սողացող բոլոր կենդանիներին»» (Ծննդ. 1.27,28): 

Այս խոսքերում մեր հոգևոր ԴՆԹ-ն է, այն, ինչ իրականում մենք կանք: Դուք կարող եք Ադամի և Եվայի մեջ տեսնել Աստծո նախնական ծրագիրը, այն, ինչ Նա մտադիր էր անել ամենասկզբից: Այդ ծրագիրը խեղաթյուրվել էր, բայց Հիսուսի շնորհիվ վերականգնվեց մեզ համար: Աստված Իր ձեռքերով ստեղծեց մարդուն, նրա մեջ փչեց կենդանարար շունչ, և մարդը սկսեց ապրել: Ադամը կանգնեց հողից` արդեն գիտակցելով, որ ինքն Աստծո ստեղծագործությունն է: Աստծուն ճանաչելը նրա կյանքի առաջին տպավորությունն էր: Իսկ Աստված նայեց Իր արարած մարդուն և, ամենաառաջին բանը, որ արեց, օրհնեց Ադամին: 

 

 

Աստված բարի Աստված է

 

 Աստվածաշնչում ասվում է, որ Աստված բարի է: Ոմանք մտածում են, որ Աստված միշտ վատ տրամադրություն ունի: Բայց դա այդպես չէ: Նա միշտ հիանալի տրամադրություն ունի, որովհետև գիտի, թե ինչ պետք է տեղի ունենա, և գիտի, որ Իր կամքով կատարվելիքը բարի է: Աստված կար դեռ աշխարհի արարումից առաջ և կլինի նաև աշխարհի վերջից հետո: Շատ կարևոր է, որ դուք Աստծուն չհիշեք միայն դժվար պահերին, կամ երբ աշխարհը ճգնաժամի մեջ է: Աստված ճգնաժամից բարձր է: Նա Ամենակարող, Հավիտենական Աստված է: Դուք կարող եք ճանաչել Նրա բնավորությունը, մոտենալ Նրա սրտին և լսել, թե ինչպես է այն բաբախում: Դուք կարող եք հասկանալ` ինչ է Նա սիրում, ինչպես է մտածում: Միգուցե դուք կասկածում եք Աստծո մտքերը հասկանալու ձեր կարողության վրա: Բայց իրականում դուք դա կարող եք: Աստվածաշնչում ասվում է, որ մենք ունենք Քրիստոսի միտքը: Հիսուս Քրիստոսը մտածում է ճիշտ այնպես, ինչպես Աստված, իսկ քանի որ մենք ունենք Քրիստոսի միտքը, նշանակում է՝ կարող ենք նաև հասկանալ Աստծո մտքերը: Աստված բարի է: Հակոբի ուղերձում կարդում ենք. «Ամեն բարի տուրք ու ամեն կատարյալ պարգև վերից է և լույսի Հորից է իջնում, Որի մեջ բնավ փոփոխություն կամ դառնալու շուք չկա» (Հակ. 1.17): Ահա թե ինչպիսին է մեր Աստված:

 

 

 

Օրհնությունը կյանքն է 

 

Աստված նայում է մարդուն և ասում. «Ես օրհնում եմ քեզ»: Մենք այդ օրհնությունը վերածել ենք հարկադրված ողջույնի և ուսին արված թփթփոցի: Բայց օրհնությունն ուղղակի ողջույն չէ. դա կյանքն է, որ հոսում է Հորից, Որդուց և Սուրբ Հոգուց դեպի մարդը, որովհետև Աստված լավ, բարի և ողորմած է: «Օրհնություն» բառը հանդիպում է ամբողջ Աստվածաշնչում: Աստծո և մարդու առաջին հանդիպումը կապված էր օրհնության հետ: Դա սկսվեց Աստծուց: Նա էր առաջին օրհնություն տվողը, և դա եղավ շնորհքի միջոցով: Մարդը չվաստակեց դա, բայց Աստված տղամարդուն ու կնոջը դրեց օրհնության մեջ և շրջապատեց նրանց օրհնությամբ: Եթե դուք շարունակեք կարդալ Աստվածաշունչը, ապա կտեսնեք, որ մեղանչելու պատճառով այժմ աշխարհում գոյություն ունի ոչ միայն օրհնությունը, այլ օրհնությունն ու անեծքը միասին: Եթե չլիներ մեղքը, չէր լինի նաև անեծքը, բայց մենք առաջացել ենք օրհնությունից: Օրհնությունը եկել է առաջինը, և այն շարունակում է մնալ աշխարհում նույնիսկ անեծքի գալուց հետո: Աստված անեծքի հարցերը լուծեց խաչի վրա: Եվ այժմ աշխարհում տիրում է ոչ թե անեծքը, այլ օրհնությունը: Անեծքը ոչ մի առավելություն չունի. առավելությունը օրհնության մեջ է: Հռոմեացիների ուղերձի մեջ ասվում է, որ ուր մեղքն է, այնտեղ և շնորհքն է: 

Հենց այնտեղ, որտեղ շատ է մեղքը, տանջանքն ու վիշտը, Աստված ծրագրել է ավելի առատ շնորհք թափել: Ձեր ուշադրությունը մի՛ կենտրոնացրեք վատ բաների վրա, այլ թող ձեր ընկճված վիճակը ձեզ ազդանշան լինի, որ ամեն բան հիանալի է լինելու: Աստված ձեզ է գալիս Իր հաղթանակով. Նա ցանկանում է վերականգնել Իր օրհնությունը և այն վերադարձնել ձեզ:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up