Հաղորդություն

(0)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

 

Այս փոքրիկ գիրքը գրելու նպատակն այն է, որ Հաղորդությանը նայենք որպես ավելի հզոր հոգևոր կյանքի և Հիսուսի հետ ավելի մտերիմ փոխհարաբերություն ունենալու միջոցի: Հոգևոր որոշ շրջանակներում մարդիկ կորցրել են իրենց հասկացողությունը Հաղորդության մասին, և հատկապես արթնության որոշակի շարժումներ կասկածանքով են վերաբերվել դրան: Հակազդելով պատմական հարանվանություններին` մարդիկ հաճախ պարզապես իրենց առանձնացրել են այն ամենից, ինչ կարելի է գտնել այդ եկեղեցիներում: Այդպես վարվելով` նրանք անտեղյակ են դարձել Հաղորդության հրաշալի օրհնություններին: 

Այս հակազդումներն ու պատմության մասին իմացության պակասը տարել են հոգևոր աղքատացման` հաճախ առանց դրա մասին գիտակցելու: Քիչ թե շատ անհայտացել է մի հզոր միջոց, որը Տերը հասանելի է դարձրել մեզ: Վերջին տարիներին եկեղեցում ջանք ենք թափել Հաղորդության խորհուրդը ավելի լավ հասկանալու և խորությամբ ընկալելու համար: Այս գիրքը պետք է դիտվի որպես դրա արդյունք և օգնություն բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ավելի խոր պատկերացում ձեռք բերել Հաղորդության մասին ու քայլեր ձեռնարկել այն ճիշտ օգտագործելու համար: Մենք պետք է օգտագործենք Տիրոջ տված բոլոր շփման միջոցները, որպեսզի Նրա շնորհքը է՛լ ավելի շատ լինի մեր կյանքում: Արթնության քրիստոնյաների համար կարևոր է չշեղվել ճշմարտությունից, այլ փոխարենը լինել ավելի լայնախոհ թե՛ Տիրոջն ավելի շատ փափագելու, թե՛ Նրան երկրպագելու և Հաղորդության խորհուրդը վերապրելու հարցում:

Այս գիրքը ոչ մի դեպքում չի համարվում Հաղորդության մասին ամբողջական ուսումնասիրություն: Շատերն ավելի խոր և համընդհանուր են ներկայացրել Հաղորդության տարբեր կողմերն ու աստվածաբանական տարակարծությունները: Իմ խնդիրն է, որպեսզի ընթերցողներն ավելի բարձր գնահատական տան Հաղորդությանը և օգտագործեն այն ավելի լավ եղանակով: Իմ ցանկությունն է, որ նույնիսկ նրանք, ովքեր անծանոթ են այս թեմային, կարողանան հասկանալ այս գիրքը: Հաղորդության մեջ կա հոգևոր աղբյուր, որը բաց է բոլորիս համար, և Տերը ցանկանում է, որ այն օգտագործենք ամբողջությամբ: Որպես քրիստոնյա, ծարավ լինելով Տիրոջը, փափագելով Ավետարանի արթնությանն ու ճեղքմանը ազգերի մեջ, չենք կարող պարզապես ընտրություն կատարել այն ամենի մեջ, որ Տերը տվել է մեզ: Փոխարենը մենք կարիք ունենք ավելի խորանալու այն ամենի մեջ, ինչ Նա հասանելի է դարձրել մեզ: 

 

 

 

 

ԳԼՈՒԽ 1 

ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

 

 «Եվ նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հացն առավ և օրհնելով կտրեց, և աշակերտներին տվեց և ասաց. «Վերցրե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»: Եվ բաժակն առավ, գոհացավ, նրանց տվեց և ասաց. «Խմե՛ք դրանից ամենքդ, որովհետև այդ է Իմ արյունը Նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղաց: Միայն ասում եմ ձեզ, թե այսուհետև որթի այս բերքից էլ չեմ խմի մինչև այն օրը, որ դրան ձեզ հետ նոր կխմեմ Իմ Հոր արքայության մեջ»: Եվ օրհներգելուց հետո դուրս ելան Ձիթենյաց սարը»» (Մատթ. 26.26-30): 

 

Այստեղ հիմք դրվեց Հաղորդությանը: Հիսուսը գտնվում էր վերնատանը. Նա գիտեր, որ Իրեն մատնել են, ու շուտով ձերբակալվելու է, տանջվելու և դաժանորեն խաչվելու է` մեղավորների փոխարեն մահապատժի ենթարկվելով: Մենք միայն կարող ենք պատկերացնել, թե ինչ զգացմունքներ էին պատել Նրան, և որքան հուզիչ պետք է Նրա համար լիներ այդ ճակատագրական երեկոն Երուսաղեմում: Հրեա աշակերտների մի խումբ շրջապատել էր Նրան: Աշակերտներն այդքան էլ չէին հասկանում, թե ինչ էր տեղի ունենում, չնայած որ շատ էին սիրում Հիսուսին և երեք ու կես տարի գնացել էին Նրա ետևից: Ենթագիտակցության մեջ նրանք հասկանում էին, որ ինչ -որ խոշոր բան էր կատարվում այդ պահին, մի հզոր բան, որը հսկայական հետևանքներ էր ունենալու իրենց բոլորի համար: Բայց, անշուշտ, նրանք չէին կարող պատկերացնել, որ վերջին ընթրիքը, որը կիսում էին Հիսուսի հետ այդ Ավագ Հինգշաբթի երեկոյան, կդառնա օրինակ և կիզակետ միլիոնավոր աշակերտների համար: Եվ որ նրանք, օրհներգություններ երգելով, շարունակաբար կտոնեն այս Հաղորդության ընթրիքը:  

Հիսուսն այստեղ չէր գործում հոգևոր անօդ տարածության մեջ. Նա քաջատեղյակ էր հրեական հավատքի զանազան տոների արարողություններին: Զատկի շաբաթը Փեսախն է, և Հիսուսը, Ով «օրենքի տակ» էր (Գաղատ. 4.4), այն տոնում էր ավանդական եղանակով: Հիսուսն անում էր այն ամենը, ինչ Հին ուխտը սովորեցնում էր աստվածապաշտ հրեաներին կատարել, միևնույն ժամանակ առաջ նայելով այն Նոր ուխտի օրհնություններին, որը շուտով ուժի մեջ էր մտնելու. եկել էր Նրա մահվան ժամանակը, Նրա արյունը թափվելու էր շատերի մեղքերի թողության համար: Փեսախը համարվում է հրեական ամենակարևոր տոնը: Տիրոջ հրամանն էր հրեաներին տոնել այն ամեն տարի, սերնդից սերունդ, երբեք չմոռանալով, թե ինչպես Նա Իր ժողովրդին հանեց Եգիպտոսից (Ելից 12.14): Այդ գիշերը, որը տարբեր էր մնացած բոլոր գիշերներից, պետք է նշվեր Զատկի գառան, անթթխմոր հացի և դառը խոտերի ընթրիքով: Այդ ամենի նպատակն էր հրեաներին հիշեցնել, թե ինչպես նրանք այդ գիշեր պաշտպանվեցին Զատկի գառան արյունով, և ապա հրաշքով ազատվեցին Եգիպտոսից` ստրկության երկրից: Ուտելով Սեդերի (Զատկի) ընթրիքը` նրանք տոնում էին թշնամու դեմ տարած հաղթանակը, ստրկությունից ազատագրումը և նոր Խոստմունքի երկրի ապագա օրհնությունները: Նույնիսկ այսօր հրեաները տոնում են Սեդերը անթթխմոր հացով, գառով և դառը խոտերով: Եվ նույնիսկ այսօր, ավանդության համաձայն, ամեն Զատկին փոքր երեխան հարցնում է. «Ինչո՞ւ է այս գիշերը տարբերվում մյուս բոլոր գիշերներից»: 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up