Ներածություն
Ավագության մասին գիրք գրելը դյուրին գործ չէ: Տարբեր մարդկանց համար «ավագություն» կամ «առաջնորդություն» բառն ունի խիստ տարբեր նշանակություն: Այսօր մեր հասարակության մեջ առաջնորդությունը թերագնահատված է, և որոշակի շրջանակներում այն երբեմն ուժեղ հակազդեցություն է առաջացնում: Սակայն այսօր, ավելի քան երբևէ, այն առավել մեծ կարևորություն ունի: Աշխարհը կանգնած է մի ճգնաժամի առաջ, և ավագության դերը ավելի է կարևորվում: Ճշմարիտ ավագության հրատապ կարիքը զգացվում է թե՛ եկեղեցում և թե՛ հասարակության մեջ: Իմ ցանկությունն է, որ դուք պարզ ու հստակ պատկերացում կազմեք, թե ինչ է իրենից ներկայացնում ավագությունը, և որ այն ներշնչի ձեզ տեսնել ձեր սեփական տեղը ավագության մեջ: Ըստ էության, ամեն մեկն ունի ավագության որոշակի դեր: Մեծ բաներ կկատարվեն, երբ մարդիկ ընդունեն և գտնեն այդ ներուժը գործադրելու ճիշտ ուղին: Երբ ամեն ոք հասկանա իր դերը և իրական ներուժը, պարգևները կհոսեն, և արդյունքում շատ մարդիկ կօրհնվեն միանգամայն նոր ձևով: Ավագությունը քեզ համար պատվանդան ստեղծելը չէ, այլ մարդկանց կյանքերը փոխելու պատասխանատվություն վերցնելն է: Ավագություն չի նշանակում լինել ուշադրության կենտրոնում, այլ լինել օրինակ ուրիշներին քաջալերելու և հույս տալու համար, առանց կատարելություն պահանջելու: Ավագությունը երբեք սեփական անձի համար չէ. այն միշտ ուրիշների համար է: Այն ոչ թե անձդ գոհացնելու, այլ մարդկանց օգնելու համար է, որպեսզի նրանք վերագտնեն այն, ինչի համար Աստված կանչել է նրանց: Հոգևոր ավագությունը չի նշանակում մատնացույց անել մեծ ճշմարտությունները և հորդորել մարդկանց ապրել դրանցով: Այն նշանակում է ունենալ Հիսուսի հետ մտերիմ հարաբերություններ և լինել Նրա կյանքի օրինակը՝ անձնվիրաբար ծառայելով բոլոր նրանց, ում Տերը կդնի մեր ճանապարհին: Սուրբ Հոգին ցանկանում է ահա այսպիսի ավագ ձևավորել մեզանից:
ԱՎԱԳՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Ի՞նչ է ավագը: Ո՞վ է ավագը: Ավագության հարյուրավոր սահմանումներ կան: Դրանցից շատերը կենտրոնանում են անհատի ֆիզիկական ու մտավոր կարողությունների վրա և շեշտում են ավագության այս կամ այն կողմերը: Թեպետ այդ սահմանումներն օգտակար են, բայց ամբողջական չեն: Այս գիրքը աստվածաշնչյան հոգևոր ավագության մասին է: Այնուամենայնիվ, նախքան այդպիսի ավագության մասին գաղափար կազմելը մենք պետք է վերադառնանք Աստծո կողմից մարդու արարմանը: Ստեղծելով մարդուն՝ Աստված որոշակի հատկություններ դրեց նրա էության մեջ: Դրանցից մեկը առաջնորդելու ցանկությունն ու կարողությունն էր: «Եվ Աստված ստեղծեց մարդը Իր պատկերով. Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց: Եվ Աստված օրհնեց նրանց, և Աստված ասաց նրանց. «Աճեք և շատացեք, և լցրեք երկիրը, և տիրեք նրան, և իշխեք ծովի ձկների և երկնքի թռչունների վրա և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա» Ծննդ. 1.27,28): Այստեղ մենք տեսնում ենք, որ մարդը ստեղծվել է հատուկ նպատակի համար՝ աճելու, շատանալու, երկիրը լցնելու և իշխելու: Այս ամենը պետք է տեղի ունենար Նրա հետ հաղորդակցվելով և ներդաշնակ Նրա ծրագրերին ու նպատակներին: Մարդը դարձավ Աստծո համագործակիցը, բայց ստորադաս էր Նրան: Նա պետք է ապրեր Աստծուն հնազանդվելով, և ամեն ինչում Աստված պետք է փառավորվեր: Առանց Աստծո մարդը ոչինչ չէր կարող անել, սակայն Նրա հետ ամեն բան հնարավոր էր: Հովհաննես 15.5-ում Հիսուսն ասում է. «Ես որթն եմ, դուք՝ ճյուղերը. նա, որ Ինձանում է մնում, և Ես` նրանում, շատ պտուղ է բերում, որովհետև առանց Ինձ չեք կարող ոչինչ անել»: Մարդը ստեղծվել է Աստծուց կախում ունենալու համար և Նրա հետ մեծ բաների կհասներ, խիստ պտղաբեր կլիներ ու կնվաճեր երկիրը: Այսպիսով Աստված կփառավորվեր, և Նրա փառքը կլցներ ամբողջ երկիրը: Սա է մեր նպատակը և ճակատագիրը: Դա դրված է մեր հոգևոր «գեներում»: Մեր ներքին մարդը սրան է փափագում: Սա է կյանքի իմաստը: Ամեն ոք, ով փախչում է սրանից կամ ըմբոստանում և անտեսում է իր կյանքի նպատակը, ամբողջովին կխորտակվի: Հիշո՞ւմ եք քանքարների մասին առակը: Այն մարդը, որ պարզապես թաքցրեց իր քանքարը, քննության մեջ ձախողվեց: Նա պետք է բազմապատկեր այն, ինչ տերը տվել էր իրեն: Ծննդոց գրքում Աստված մարդուն պատվիրեց գնալ, բազմանալ և բազմացնել այն ամենը, ինչ տրված էր իրեն: Մենք ստեղծված ենք հաղթող և ոչ թե պարզապես գոյատևող լինելու համար: Մենք կանչված ենք բազմանալու դեպի ներս և դեպի դուրս: Կյանքը պարզապես գոյատևում չէ: Այս ամենն իրականացնելու համար մենք ավագության կարիք ունենք: Առաջնորդ լինել նշանակում է պատասխանատվություն և նախաձեռնություն վերցնել: Դա նշանակում է ուրիշներին ոգեշնչել և կազմակերպել այնպես, որ միասին հասնենք տրված նպատակին:
Ավագության երկու կողմերը
Արարչագործության ժամանակ Աստված մարդուն տվեց երկու կարգադրություն.
1. Նվաճել արարչագործությունը ՝ բազմանալ, լցնել և իշ խել ( Ծննդ. 1.28):
2. Խնամել և պաշտպանել ստեղծագործությունը `մշակել և պա հել (Ծննդ. 2.15):
Ավագության երկու կողմերը հստակ ձևակերպված են վերևում. նախաձեռնություն վերցնել, տարածվել և միևնույն ժամանակ մշակել ու պահպանել:
Ամենահռչակավոր առաջնորդները հաճախ ակնառու աշխարհակալներ են լինում: Այնուամենայնիվ, հավատարիմ տնտեսները և թվացյալ անհասկացող կառավարիչները գուցե առավել կարևոր են, քանի որ այն, ինչը նվաճվում, բայց չի խնամվում և չի պաշտպանվում, արդյունքում շատ արագ քայքայվում է: