Օծություն

(0)

Նախաբան 

 

Հնարավոր չէ պատշաճ խորությամբ նկարագրել, թե օծությունը իրենից ինչ է ներկայացնում: Բայց այն գոյություն ունի, և այն հիանալի է: Երբ օծությունն իջնում է ձեզ վրա, դուք փոխվում եք. չէ՛ որ իրականում այն Աստծո Հոգու, Աստծո հպումն է: Օծությունն անում է այն, ինչը ոչ ոք ի զորու չէ անել: Այն կարող է հոսել ձեզանով, ձեր ձեռքերի միջոցով և փոխանցվել ուրիշներին: Բառերն անկարող են նկարագրել այն զգացողությունը, որ դուք ունենում եք, երբ օծություն եք ստանում: Օծությունը բարձրացնում է ձեզ, սրում ձեր միտքը և դարձնում ավելի դյուրընկալ: Նրա օգնությամբ դուք կարող եք ասել այն, ինչի մասին անգամ գաղափար չունեք: Օծությունն իր հետ բերում է Աստծո սուրբ ներկայությունը, Հիսուսի հետ քաղցր ու սրտագին շփում և նկատելի գեղեցկություն: Աստված ցանկանում է, որ յուրաքանչյուր հավատացյալ օծություն ստանա, հասկանա Իրեն և սովորի համագործակցել ու «հոսել» Իր հետ միասին: Ես ամբողջ սրտով ցանկանում եմ, որ այս գիրքը ձեր մեջ առաջացնի օծության ծարավ և սովորեցնի ձեզ քայլել Աստծո մեջ: 

 

 

 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

 Մեր օրերում շատ կարևոր է հասկանալ Սուրբ Հոգու օծության նշանակությունը և սուզվել ու շարժվել Նրա մեջ: Այս գրքում ես ձեզ կսովորեցնեմ ինչպես է Սուրբ Հոգու օծությունը լինում ամեն մի հավատացյալի վրա: Ես կփորձեմ բացատրել, թե այն ինչ է իրենից ներկայացնում, ինչպես է գործում, ինչպես է աճում, և ինչը կարող է խանգարել նրան: Այնուհետև կբերեմ օծության դրսևորման տարբեր օրինակներ և կպատմեմ, թե ինչպես կարելի է գործել դրանց մեջ: Գոյություն ունի օծության ուսումնասիրման երկու հիմնական միջոց՝ Աստվածաշնչի ընթերցանությունը և սեփական փորձը: Մեր հավատքը ձևավորվում է նախ և առաջ Աստծո Խոսքի վրա և ոչ թե սեփական փորձի, բայց մեր փորձը, այնուամենայնիվ, վկայում է Խոսքի ճշմարտացիությունը: Աշակերտները ապրում էին Հիսուսի կողքին, տեսնում Նրա գործերը, իսկ հետո վկայում էին տեսածի և լսածի մասին: Նույնը պետք է անենք նաև մենք: Քանի դեռ սեփական փորձը համապատասխանում է Աստծո Խոսքին, այն մեծ նշանակություն է ունենում հոգևոր կյանքի մասին պատկերացում կազմելու համար: 

 

 

Սուրբ Հոգին ձեր Ուսուցիչն է 

 

 Սուրբ Հոգին և հոգևոր աշխարհը իրողություն են, որը, եթե օգտագործենք Եբրայեցիս 5.11-ի արտահայտությունը, «դժվար է մեկնել»: Մարդկային բնությունն այնպիսին է, որ ծանրացնում է մեր  լսողությունը, երբ անհրաժեշտ է լսել Սուրբ Հոգու ձայնը, հասկանալ Նրան և «հոսել» Նրա օծության մեջ: Միշտ չէ, որ մեզ հասկանալի է այն ամենը, ինչ Նա ասում է, և ժամանակ է պետք լսածը իմաստավորելու համար: Բայց Աստված ցանկանում է մեզ սովորեցնել հասկանալ այն, ինչ անում է Սուրբ Հոգին, որպեսզի, երբ Նա առաջնորդի մեզ, ցանկացած իրավիճակում կարողանանք ճիշտ վարվել: Հենց դրա համար է մեզ տրվում օծությունը: Նրա նպատակը Աստծուց մեզ համար նախասահմանվածը իրականացնելու ընդունակություն տալն է: Օծությունը կարող է զարգանալ և մեր աշխատանքի մեջ ավելի իմաստուն դարձնել մեզ: «Եվ այն օծությունը, որ դուք Նրանից ընդունեցիք, բնակվում է ձեզանում, և դուք պետք չունեք, որ մեկը սովորեցնի ձեզ, այլ ինչպես այն օծությունը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է և սուտ չէ, և ինչպես Նա սովորեցրեց ձեզ, կացեք Նրանում» (Ա Հովհ. 2.27): Գրվածքի այս խոսքերի լույսի ներքո օծության թեման շոշափելու նախաձեռնությունը կարող է մի փոքր անսովոր թվալ: Եփեսացիս 4.11,12-ից պարզ է դառնում, որ Աստված մեզ տվել է ծառայության պարգևներ՝ Քրիստոսի մարմնի շինության համար: Ուսուցչի (վարդապետի) պարգևը դրանցից մեկն է, և ուսուցումը հանդիսանում է նրա հիմնական նպատակը: Վերոհիշյալ մեջբերումը չի ենթադրում, որ ուսուցումը անհրաժեշտ չէ, ընդհակառակը, նշանակում է, որ դուք ունեք ուսուցիչ՝ Սուրբ Հոգին, երբ ձեր կողքին ուրիշ ոչ ոք չկա: Ձեր ներսում կա մի բան, որը ձեզ թույլ է տալիս իմանալ՝ ճի՞շտ է արդյոք այն, ինչ լսել կամ տեսել եք Սուրբ Հոգու ներշնչմամբ:

 

 

 

Հոգու խորքում՝ երեխա 

 

 

Այս հարցը հաճախ կասկած է առաջացնում: Հավանաբար, առիթ եք ունեցել հանդիպելու ինչ-որ մեկին, որին բոլորը հիանալի մարդ են համարել, բայց ձեզ մոտ նրա մասին այլ տպավորություն է ստեղծվել: Այդ դեպքում դուք, հնարավոր է, քննադատաբար վերաբերվեք բոլորին, բայց դրանից պետք է ազատվել: Ձեր զգացողության պատճառը կարող է լինել Սուրբ Հոգին, Որը ձեզ ասում է, որ այդ մարդու հետ ինչ-որ բան այնպես չէ: Եթե չսովորեք առաջնորդվել Սուրբ Հոգով կամ «հոսել» օծության մեջ, ապա կարող եք ընկնել ինքնադատապարտման մեջ այն պատճառով, որ տվյալ մարդու մասին ունեցած ձեր կարծիքը չի համապատասխանում մյուսների կարծիքի հետ: Հնարավոր է, որ դուք կփորձեք լավ տրամադրվել նրա նկատմամբ կամ կփորձեք մտնել նրա դրության մեջ, բայց ձեր ներսում, միևնույն է, կմնա ինչ-որ անհանգստություն: Այդ վիճակի բացահայտման անկարողությունը կառաջացնի խղճի խայթի, զղջման զգացում: Աստված ուզում է, որ այդ իրավիճակում դուք լինեք մերկ` թագավորի մասին հեքիաթի երեխայի նման. երբ բոլորը տեղիք կտան խաբեությանը, կծափահարեն, դուք կասեք. «Իսկ թագավորը մերկ է»: Ձեր հոգու խորքում ապրում է այդպիսի երեխա, և այդ բանի շնորհիվ դուք կարող եք մերկացնել այն, ինչը չեն տեսնում ուրիշները: Երբեմն ուզում եք զսպել ձեզ, որովհետև ձեզ հաճելի չէ, կամ ձեզ մտահոգում է, թե ինչ կասեն մարդիկ: Բայց երբ սովորեք հասկանալ, թե ինչ է ասում Սուրբ Հոգին ձեր ներսում, ապա այդ ամենի մասին խոսելն այլևս սարսափելի չի լինի: Նրա օծությունը ընդունակ է ամեն ինչ սովորեցնել ձեզ:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up