Ինչպես Առաջնորդվել Աստծո Հոգով

(0)

Նախաբան

 

1959 թվականին Էլ Պասոյում` Տեխասում, Տերը տեսիլքով հայտնվեց ինձ: Նա մտավ իմ սենյակ երեկոյան ժամը 18:30-ին, նստեց անկողնուս մոտ դրված աթոռին և մեկուկես ժամ զրուցեց ինձ հետ: Այս գրքում մանրամասն կպատմեմ մեր զրույցի մասին, բայց սկզբից ցանկանում եմ մի ճշմարտություն ընդգծել: Նա ինձ հետ խոսեց մարգարեի ծառայության մասին (տե՛ս Եփես. 4.11,12), այնուհետև ասաց. «Նոր կտակարանի ժամանակաշրջանում մարգարեները կարգված չեն եկեղեցին առաջնորդելու համար: Իմ Խոսքում ասվում է. «Որովհետև, ովքեր Աստծո Հոգով են վարվում, նրանք Աստծո որդիներ են» (Հռոմ. 8.14): Եթե Ինձ լսես, քեզ կսովորեցնեմ, թե ինչպես առաջնորդվել Իմ Հոգով: Ես ցանկանում եմ, որ դու էլ նույնը սովորեցնես Իմ ժողովրդին»: Ես ամաչում եմ, որ տարիներ շարունակ բավականաչափ չեմ ուսուցանել այս թեման: Ժամանակ առ ժամանակ անդրադարձել եմ այս թեմային, բայց լրջորեն չեմ ուսուցանել: Վերջերս Տերն ինձ սթափեցրեց, և սկսեցի ավելի շատ սովորեցնել այս մասին: Այս գիրքը դրա արդյունքն է:                                                                                                                                                          Քենեթ Է. Հեգին

 

 

ԳԼՈՒԽ 1

Տիրոջ ճրագը 

 

«Որովհետև, ովքեր Աստծո Հոգով են վարվում, նրանք Աստծո որդիներ են»: Հռոմեացիների 8.14 

«Նույն Ինքը` Հոգին, վկայություն է տալիս մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք»: Հռոմեացիների 8.16 

«Մարդու հոգին Տիրոջ ճրագն է. նա քննում է սրտի բոլոր ներսերը»: Առակաց 20.27 

 

Աստծո զավակները կարող են ակնկալել, որ Աստծո Հոգին իրենց կառաջնորդի: Առակաց 20.27-ում գրված է. «Մարդու հոգին Տիրոջ ճրագն է…»: Եթե այս խոսքը գրվեր այսօր, միգուցե այսպես կշարադրվեր. «Մարդու հոգին Տիրոջ լամպն է», ինչը նշանակում է, որ Աստված մեզ կլուսավորի. Նա մեզ կառաջնորդի մեր հոգու միջոցով: Սակայն մենք հաճախ առաջնորդվում ենք ոչ այնպես, ինչպես Աստված է ասել: Այդպես վարվելով` փորձանքի մեջ ենք ընկնում: Երբեմն Աստծո առաջնորդության մասին դատում ենք մեր բնական զգայարաններով: Սակայն Աստված երբեք չի ասել, որ մեզ կառաջնորդի մեր բնական զգայարանների միջոցով: Շատ հաճախ մենք իրավիճակներին նայում ենք մտավոր տեսանկյունից և ջանում ենք ամեն ինչ հասկանալ դատողությամբ: Սակայն Աստվածաշնչի ոչ մի հատվածում գրված չէ, որ Աստված մեզ կառաջնորդի մեր դատողության միջոցով: Աստվածաշնչում չի ասվում, որ մարդու մարմինը կամ միտքը Տիրոջ ճրագն է: Այնտեղ ասվում է, որ մարդու հոգին Տիրոջ ճրագն է (տե՛ս Առակ. 20.27): Աստված մեզ կառաջնորդի. Նա մեզ կլուսավորի մեր հոգիների միջոցով: Մինչև կհասկանանք, թե ինչպես է Աստված մեզ առաջնորդում մեր հոգիների միջոցով, պետք է հասկանանք մարդու բնությունը: Մարդը հոգի է, ունի շունչ և բնակվում է մարմնի մեջ:

 

 

ԳԼՈՒԽ 2

Մարդը` որպես հավիտենական հոգի

 

 

Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք… Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով. Աստծո պատկերով ստեղծեց նրան…»: Ծննդոց 1.26,27 

Մարդը հոգևոր էակ է: Նա ստեղծված է Աստծո նմանությամբ: Հիսուսն ասաց, որ Աստված Հոգի է (տե՛ս Հովհ. 4.24): Ուրեմն մարդն անպայման պետք է հոգի լինի: Մարդը հոգի է, ունի շունչ և ապրում է մարմնում (տե՛ս Ա Թեսաղ. 5.23): Երբ մարդու մարմինը մահանում և գերեզման է դրվում, հոգին շարունակում է ապրել: Մարդու այս մասը հավիտենական է: Հոգիները երբեք չեն կարող մահանալ, իսկ մարդը հոգի է: Հետևյալ հատվածում Պողոսը խոսում է մարմնական մահվան մասին. 

ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 1.23,24 

23. «Երկու կողմից էլ նեղ տեղ եմ` փափագելով դուրս գալ և Քրիստոսի հետ լինել, որ շատ ավելի լավ է:

24. Բայց մարմնում կենալը ավելի հարկավոր է ձեզ համար»:

Պողոսն ապրելու էր` մարմնում, թե` առանց մարմնի` նա, միևնույն է, ապրելու էր: Եթե նա մնար կամ ապրեր մարմնում, կարող էր ուսուցանել Փիլիպեի եկեղեցուն և օրհնություն լինել նրանց համար: Սակայն Պողոսի համար շատ ավելի լավ էր մեռնել և Քրիստոսի հետ լինել: Պողոսը, փաստորեն, ասում է. «Ես կապրեմ այս մարմնում կամ դուրս կգամ և կլինեմ Քրիստոսի հետ»: Ո՞վ դուրս կգա: «Ես» դուրս կգամ: Պողոսը չէր խոսում իր մարմնի մասին: Նրա մարմինը դուրս չէր գալու: Պողոսը խոսում էր իր ներսի մարդու` հոգևոր մարդու մասին, ով ապրում էր իր մարմնի մեջ: Երբեմն մարդիկ հարցնում են. «Մենք միմյանց կճանաչե՞նք Երկնքում»: Ես միշտ նրանց հարցնում եմ. «Դուք այստեղ միմյանց ճանաչո՞ւմ եք»: Դուք եք գնալու Երկինք: Եթե դուք միմյանց ճանաչում եք այստեղ, ապա կճանաչեք նաև այնտեղ: Դուք նույն անձնավորությունն եք` ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ: Պողոսն ասում է. «Ես դուրս եմ գալու և Քրիստոսի հետ եմ լինելու, ինչը շատ ավելի լավ է»: Այս արտահայտությունն ինձ շատ է դուր գալիս: Եթե նա պարզապես ասեր` ավելի լավ է, արդեն հրաշալի կլիներ, բայց նա ասում է` շատ ավելի լավ է: Որոշ կեղծ պաշտամունքներ սովորեցնում են, որ մարդը մահանում է այնպես, ինչպես շունը, սակայն դա ճշմարիտ չէ: Մարդն ավելին է, քան մարմինը: Նա հոգի է, ունի շունչ և բնակվում է մարմնի մեջ: Մյուսներն ասում են, որ երբ մարդը մահանում է, «շնչավոր քնի» մեջ է ընկղմվում: Աստվածաշունչն այդպիսի բան չի սովորեցնում: Ոմանք էլ ասում են, որ հոգին իսկապես դուրս է գալիս, բայց վերադառնում է կովի, շան կամ մեկ ուրիշի տեսքով: Վերամարմնավորումը սուրբգրային և աստվածաշնչյան ուսմունք չէ: Կարդացե՛ք Աստծո Խոսքը և այս հարցի վերաբերյալ ձեր բոլոր կասկածները կփարատվեն:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up