1
ԱՅՑԵԼՈՒԹՈՒՆ
Ոչ իբր արդեն բռնած լինեմ կամ թե արդեն կատարյալ եղած լինեմ [հասուն կամ ամբողջապես հասունացած], բայց հետևում եմ, որ իցե թե հասնեմ նրան, ինչպես որ էլ հենց Քրիստոս Հիսուսից բռնված եմ։ Եղբայրնե՛ր, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, ետևի բաները մոռանալով՝ դեպի առաջի լինողներն եմ նկրտում։ Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսում։ – Փիլիպեցիս 3.12–14
Եվ ես էլ, եղբայրնե՛ր, որ ձեզ մոտ եկա, ոչ թե խոսքի կամ իմաստության գերազանցությունով եկա՝ Աստծո վկայությունը ձեզ պատմելու։ Որովհետև միտքս չէի դրած մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին և այն էլ խաչվածին։ Եվ ես տկարությունով և վախով և շատ դողով եղա ձեզ մոտ։ Եվ իմ խոսքը և քարոզությունը ոչ թե մարդկային իմաստության պատիր խոսքերով եղավ, այլ Հոգու և զորության ապացուցությամբ. Որ ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով։ – Ա Կորնթացիս 2.1–5
1987 թվականի մեր ամենամյա ճամբարային հավաքույթից մի քանի օր առաջ Տերն ինձ այցելեց: Հիմա, երբ հիշում եմ այդ այցելությունը, տկարությամբ, ակնածանքով և դողով եմ պատմում ձեզ այդ մասին՝ Աստծո զարմանահրաշ զորության և ներկայության պատճառով: Պողոսն ասում է. «Եվ ես տկարությունով և վախով և շատ դողով եղա ձեզ մոտ...» (Ա Կորնթ. 2.3): Սա, իհարկե, չի նշանակում, որ նա այնպիսի վախ էր զգում, ինչպիսին է, օրինակ՝ վախը բոժոժավոր օձից կամ պտտահողմից: Պողոսը խոսում էր աստվածային երկյուղի՝ Աստծո հանդեպ ակնածանքի և խորին հարգանքի մասին: Այդ նույն ակնածանքով է, որ հիմա պատմում եմ ձեզ այն զարմանահրաշ այցելության մասին, որ Տերն արեց ինձ մեր ճամբարային հավաքույթից մեկ շաբաթ առաջ: Նախ և առաջ թույլ տվեք պարզաբանել և ասել, որ ես մեծ մասամբ գիշերվա ժամերին եմ աղոթում: Կյանքիս մեծ մասը գիշերային մարդ եմ եղել: Հիմա տարիքս առել և փոքր-ինչ փոխվել եմ, սակայն միշտ կեսգիշերին ավելի աշխույժ եմ եղել, քան օրվա որևէ այլ ժամի: Այդ պատճառով ուսումնասիրություններս հիմնականում գիշերն էի անում: Հաճախ պատահում էր, որ ամբողջ գիշեր ընթերցանությամբ և ուսումնասիրությամբ էի զբաղվում: Գիշերվա ժամերին աղոթելու սովորությունն իմ մեջ ձևավորվել է 1933 և 1934 թվականներին, երբ գամված էի անկողնուն: Քանի որ վեր կենալ չէի կարող, անկողնուց բացի աղոթելու այլ վայր չունեի: Հիշում եմ մասնավորապես մի գիշեր, երբ ոչ մի րոպե չքնեցի. ամբողջ գիշեր աղոթեցի: Եղել են դեպքեր, երբ գրեթե ողջ գիշեր աղոթել եմ: Շատ է պատահել, որ մեկ-երկու ժամ աղոթեմ մինչև քնելս:Միշտ անհամբեր սպասում էի գիշերվան, երբ բոլորը անկողին կմտնեին, և ամեն բան կհանդարտվեր, որ կարողանայի աղոթել: Օրվա ընթացքում սենյակում ինձ հետ ինչ-որ մեկը միշտ լինում էր: Եվ այդպես՝ ամիսներ շարունակ. քանի որ կարծում էին, թե ցանկացած պահի կարող եմ հեռանալ, ուստի թույլ էին տալիս, որ ինչ-որ մեկը մնա ինձ հետ սենյակում: Այդպես սովորություն դարձրի աղոթել գիշերները, երբ կարող էի մենակ մնալ, և այդ սովորությունը տարիներ շարունակ ուղեկցեց ինձ: Շատ անգամներ Աստված ինձ հետ խոսել է գիշերվա ժամերին: Մեր ամենամյա ճամբարային հավաքույթին նախորդող հինգշաբթի՝ հուլիսի 16-ի գիշերը, արթնացա և այլևս չկարողացա քնել, ուստի սկսեցի Հոգով աղոթել: Հոգով՝ այլ լեզուներով աղոթելու ընթացքում պարբերաբար անգլերեն կրկնում էի «ծրագրեր, նպատակներ» բառերը: Ծրագրեր և նպատակներ: Ասացի Տիրոջը՝ «Տե՛ր, սա ամենը չէ. գիտեմ, որ ամենը չէ», և շարունակեցի լեզուներով աղոթել: Ի վերջո իմ շուրթերից հնչեց հետևյալը՝ «ծրագրեր, նպատակներ և ձգտումներ»: Ծրագրեր, նպատակներ և ձգտումներ: Հոգու մեջ հափշտակություն զգացի և սկսեցի տեսնել ու հասկանալ մարդկային ծրագրերն ու դրանց առնչությունը Աստծո ծրագրերին: Տեսնում էի, որ շատ անգամներ մարդիկ բարի ու նույնիսկ լիովին սուրբգրային ծրագրեր էին կազմում, բայց դրանք Աստծո ծրագրերը չէին: Անսովոր վերապրում էր, որը տևեց մոտ երեք ժամ: Մասամբ հայտնություն էր, մասամբ՝ տեսիլք: Սկսվեց գիշերը ժամը երեքին, իսկ երբ վերջին անգամ ժամացույցին նայեցի, արդեն առավոտյան վեցին մոտ էր: Հոգու հափշտակությամբ հայտնվեցի այնտեղ, որտեղ Հիսուսն էր կանգնած. այնպիսի տպավորություն էր, կարծես ես և Հիսուսը Թալսայի հավաքույթի կենտրոնի առաստաղից մի փոքր վեր կանգնած նայում էինք ներքև՝ մեր ճամբարային հավաքույթի ծառայություններին, որոնք պլանավորված էր անցկացնել գալիք երկուշաբթի օրվանից: Տեսա, թե ինչպես մեր առջև բացվեց երկուշաբթի երեկոյան անցկացվող ծառայությունը, տեսա նաև շատ բաներ, որոնք տեղի էին ունենալու շաբաթվա ընթացքում մյուս ծառայությունների ժամանակ: Մինչ ես նայում էի, Հիսուսն ինձ պատմում ու բացատրում էր տեղի ունեցող բաները: Երբ այդտեղ, Հիսուսի հետ կանգնած, լսում էի, թե ինչպես էր Նա պատմում ու բացատրում ծառայությունների ընթացքում տեղի ունեցող բաները, տեսնում էի, որ այդ ճամբարային հավաքույթը լինելու էր ամենափառահեղ և նշանակալից հավաքույթներից մեկը, որ երբևէ անցկացրել էինք: Տեսնում էի, որ դրա արդյունքները շատ հեռահար էին լինելու: Երբ Հիսուսի հետ կանգնած նայում էի, թե ինչպես էր այդ ամենը բացվում իմ առջև, հարցրի Նրան. «Տե՛ր, ինչո՞ւ ավելի վաղ չհայտնվեցիր ինձ, որպեսզի կարողանայինք գովազդել մարդկանց, որ այս ճամաբարային հավաքույթն արտասովոր է լինելու: Եթե իմանային դրա մասին, ավելի շատ մարդիկ կգային»: Հիսուսը պատասխանեց. «Եթե այդպես լիներ, ապա կգային հետաքրքրասերներ և այնպիսիք, որոնք սենսացիա են ուզում տեսնել: Իսկ ես ուզում էի, որ այստեղ լինեին այն մարդիկ, որոնց Ես եմ ուղղորդել»: Ցավալի է, բայց Քրիստոսի Մարմնում կան այնպիսիք, որոնք պարզապես սենսացիա են փնտրում. միշտ գնում են ցանկացած բանի հետևից, ինչը նոր է: Այդ մարդիկ կգային՝ սխալ նպատակ հետապնդելով: Նրանք կասեին. «Եկե՛ք գնանք եղբայր Հեգինին լսելու: Աստված նրան էլի այցելել է. գնանք լսենք դրա մասին»: Այդպիսիք սովորաբար վերցնում և աղավաղում են խոսքերդ: Կան մարդիկ, որոնք վերցնում են ասածիդ մի մասը, աղավաղում այն, ավելացնում, պակասեցնում և շփոթմունք ստեղծում Քրիստոսի Մարմնում: Հավանաբար կլինեն այնպիսիք, որոնք կկարդան այս գիրքը, խոսքերս կկտրեն համատեքստից և սխալ կներկայացնեն դրանք: Սակայն որքան էլ մոլորված մարդիկ հակված լինեն սխալ ներկայացնելու որևէ բան, դա չպետք է հետ պահի մեզ աստվածաշնչյան և ճշմարիտ ընթացքին հետևելուց: Դա չպետք է հետ պահի մեզ ընդունելուց այն, ինչը Սուրբ Հոգին ցանկանում է այս օրերում սովորեցնել Քրիստոսի Մարմնին: Ես հավատում եմ, որ նրանք, որոնք լսելու ականջ ունեն, կլսեն, թե ինչ է Հոգին ասում եկեղեցուն այս օրերում, կհամագործակցեն Նրա հետ և կօգնեն մտնելու Աստծո շարժի մեջ, որին ամբողջ սրտով փափագում ենք: Երկար տարիների իմ ծառայության մեջ միայն երկու կամ երեք անգամ եմ ունեցել այնպիսի վերապրում, ինչպիսին ունեցա 1987 թվականի ճամբարային հավաքույթից առաջ: Առաջին անգամ նման վերապրում ունեցել եմ 1953 թվականին: Մի ուրբաթ երեկո Հոգով աղոթում էի, երբ տեսա կիրակնօրյա երեկոյան հավաքույթս: Երբ եկավ այդ հավաքույթի ժամանակը, արեցի այն, ինչ տեսել էի, որ անում եմ: Զարմանահրաշ, սքանչելի բաներ տեղի ունեցան այդ ծառայության ժամանակ: Հաջորդ նման փորձառությունն ունեցել եմ 1954-ին, երբ քարոզում էի Կալիֆոռնիայում՝ Ամբողջական Ավետարանի մի հարանվանության հավաքույթին: Մի գիշեր արթնացա հրատապ աղոթքի անհրաժեշտության զգացողությամբ: Մինչև առավոտյան ժամը չորսը տեղումս պառկած հանգիստ աղոթեցի Հոգով՝ առանց որևէ մեկին անհանգստություն պատճառելու: Եվ հանկարծ տեսա այդ երեկո անցկացվելիք իմ ծառայությունը: Այլ բաների թվում տեսա մի կնոջ, որին բերել էին պատգարակով. բոլորի աչքերի առջև նա վեր կացավ պատգարակից և հեռացավ՝ լիովին բժշկված: Երբ եկավ այդ ծառայության ժամանակը, արեցի այն, ինչ տեսել էի այդ գիշեր, ամեն բան կատարվեց հենց այնպես, ինչպես տեսել էի. պատգարակի վրա դրված մի կնոջ բերեցին, նա ոտքի կանգնեց և բժշկված հեռացավ: 1987 թվականի Իր այցելության ժամանակ Տերը պատմեց Իր ծրագրերը՝ այն, ինչ ցանկանում է անել եկեղեցում այս օրերում, և ասաց, թե ինչու չի կարողացել անել դրանք: Եթե Քրիստոսի Մարմինը համագործակցի Աստծո հետ, գնա Նրա ծրագրի և Նրա նպատակների համաձայն և ձգտի այդ ծրագրին, ապա Աստված կկարողանա իրականացնել այն, ինչ Ինքը ցանկանում է անել այս օրերում: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում Քրիստոսի Մարմինը նոր սկզբի ծանծաղ ջրերում է եղել: Հիմա էլ շարժվում ենք դեպի մեկ այլ նոր սկիզբ: Մենք նոր ենք հասնում այն վայրը, որտեղ Տերը կարող է սկսել անել այն բաները, որ ցանկացել է անել այս ժամում և այս օրերում: Այն բաները, որոնք Հիսուսը բացատրեց ինձ այդ այցելության ժամանակ, նախատեսված էին օգնելու Քրիստոսի Մարմնին՝ նախապատրաստվելու Աստծո Հոգու հաջորդ մեծ շարժին երկրի վրա: Այն հոգևոր ճշմարտությունները, որոնց մասին ասաց Հիսուսն Իր այցելության ժամանակ, այսպես ասած, ցատկահարթակ են, որի օգնությամբ Քրիստոսի Մարմինը մուտք կգործի գերբնականի մեջ այնպես, ինչպես նախկինում երբևէ չի արել, և դեպի այնտեղ, որտեղ երբևէ չի եղել: Ինչո՞ւ, որովհետև հետևելու ենք Նրա ծրագրերին և Նրա նպատակներին ու ձգտելու ենք դրանց:Աստծո օրհնությունների այն ալիքը, որ գալիս է երկրի վրա, Քրիստոսի Մարմնում սովորական կդարձնի այն դրսևորումները, որոնք նախկինում հազվադեպ են եղել: Եկեղեցու գլուխը՝ Հիսուս Քրիստոսն է ուղղորդում Իր մարմնի գործողություններն այսօր երկրի վրա, և Նա պետք է ստանա ամբողջ գովաբանությունը, պատիվը և փառքը: Օ՜, ընկերնե՛ր, Աստծո Հոգու մեջ շարժ է տեղի ունենում: Սակայն մենք չենք կարող պարզապես ցատկել դրա մեջ: Աստված է ցանկանում հասցնել մեզ այդտեղ. այդ իսկ պատճառով մենք պետք է հետևենք Նրա ծրագրերին, Նրա նպատակներին և ձգտենք դրանց: Այս այցելության ժամանակ Հիսուսն ասաց ինձ. «Այս շարժը կկորչի, եթե մարդիկ չսովորեն շարժվել Իմ Հոգուն համընթաց»: Կլինեն մարդիկ, որոնք կընթերցեն սա և կմնան նույնքան անկենդան, որքան մինչ այդ էին: Ուրիշները կասեն՝ «Արդյոք սքանչելի՞ չէ», սակայն ոչինչ չեն անի իրենց կյանքում Աստծո ծրագրերին, նպատակներին և ձգտումերին հետևելու համար: Սակայն կլինեն նաև մարդիկ, որոնք կգիտակցեն և կվերցնեն այն, ինչ Տերը ցանկանում է տալ Քրիստոսի Մարմնին այս օրերում. նրանք կստանան Աստծո ծրագիրն իրենց կյանքերի համար և կհետևեն դրան: Այն մարդիկ, որոնք այդպես կվարվեն, պատրաստ կլինեն այն շարժին, որն Աստված այս օրերում ցանկանում է բերել երկրի վրա: Քրիստոսի Մարմինը երբևէ չի տեսել այնպիսի բաներ, ինչպիսիք կտեսնենք, երբ հասնենք այն կետին, որտեղ կիմանանք Աստծո ծրագիրն ու նպատակը ոչ միայն մեր կյանքերի, այլև եկեղեցու համար և կձգտենք այդ ծրագրին:
2
ԾՐԱԳՐԵՐ, ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՁԳՏՈՒՄՆԵՐ
Ինչպես արդեն ասացի, Տիրոջ այս այցելության սկզբում աղոթելիս շարունակաբար ասում էի հետևյալ բառերը՝ «ծրագրեր, նպատակներ և ձգտումներ»: Երբ այդ վերջին անգլերեն բառը դուրս եկավ շուրթերիցս, ես հափշտակվեցի Հիսուսի հետ և սկսեցի տեսնել, թե ինչպես են մարդիկ մշակում իրենց ծրագրերը: Նայում էի մարդկային ծրագրերին, և գլխումս հետևյալ մտքերն էին պտտվում. սրանք լավ, գուցե լիովին սուրբգրային ծրագրեր են, սակայն Աստծո ծրագրերը չեն նրանց համար: Ի հակադրություն մարդկային ծրագրերի՝ տեսնում էի նաև Աստծո ծրագիրը: Տերն ինձ հետևյալն ասաց. «Ես Իմ ամբողջ ժողովրդին օրհնում եմ այնքան, որքան կարող եմ: Սակայն այսօր չկա Աստծո շարժը, Հոգու խոր հոսանքը և Սուրբ Հոգու դրսևորումների ամբողջությունն այն պատճառով, որ մարդիկ ժամանակ չեն հատկացնում Ինձնից լսելուն: Ժամանակ չեն հատկացնում Խոսքում գրված Իմ ծրագրին հետևելուն: Որքան ավելի ճշգրիտ հետևեն Իմ ծրագրին, այնքան ավելի շատ կդրսևորվի և կերևա Իմ զորությունը»: Շատ հաճախ մարդկանց և ծառայությունների ձախող ման պատճառն այն է, որ նրանք սխալ ծրագրի, նպատակի և դրդապատճառների են հետևում: Ինչ էլ անելիս լինեք Աստծո համար, ինքներդ ձեզ հա՛րց ուղղեք. «Արդյո՞ք սա Աստծո ծրագիրն է»: Մի քանի տարի առաջ մասնակցում էի մի հավաքույթի, որից հետո մի քանի քարոզիչ կանգնած զրուցում էին: Նրանցից մեկը, որ մեծ եկեղեցու հովիվ էր, ասաց. «Մտածում եմ իմ եկեղեցու հովվությունը թողնելու և արվարձանում եկեղեցի հիմնելու մասին»: Հետո ավելացրեց. «Այդ եկեղեցին իմ շուրջը կկառուցեմ»: Ես հետևում էի, թե ինչպես էր նա կառուցում այդ եկեղեցին, և տեսա, որ այն այդպես էլ հաջողության չհասավ: Այն չէր կարող հաջողության հասնել, որովհետև կառուցված չէր ըստ Աստծո ծրագրի: Այդ հովվի ծրագրերն ու նպատակները սխալ էին, նա սխալ բանի էր ձգտում: Եկեղեցին պետք է կառուցվի Հիսուսի շուրջը: Երբ մարդկանց ծրագրերն ու նպատակները սխալ են, նրանք կարող են նույնիսկ բաժանում բերել եկեղեցում: Նման բաներ են անում, իսկ հետո ասում, թե Տերն էր իրենց ասել անել դա: Ես չեմ հավատում, որ Աստված երբևէ որևէ մեկին կասի գողանալ մեկ ուրիշի եկեղեցու անդամներին, քանի որ գիտեմ, որ Աստված գող չէ: Սակայն երբ եկեղեցին չի հետևում Աստծո ծրագրին, հնարավոր է՝ անդամներն իրենց կամքով հեռանան, քանի որ հոգևոր կերակուր չեն ստանում: Սա ինձ հիշեցրեց մի պատմություն, որում ներգրավված էր մեր «Ռեմա» ուսումնական կենտրոնի շրջանավարտներից մեկը, որը վերադարձել էր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա, և եկեղեցի հիմնել: Եկեղեցին սկսվել էր տասներեք մարդուց, որոնք հավաքվում էին նրա հոր տան հյուրասենյակում՝ Աստվածաշնչի ուսումնասիրության համար: Ժամանակի ընթացքում մարդկանց թիվն ավելացել էր, և քանի որ այլևս տանըչէին տեղավորվում, վարձակալել էին թատրոնի կամ, ինչպես իրենք են ասում, «կինոթատրոնի» սրահ: Որոշ ժամանակ անց նույնիսկ այդտեղ այլևս չէին տեղավորվում: Ի վերջո մի ավելի մեծ շենք էին վարձակալել և հիմնել Հարավային Աֆրիկայի «Ռեմա» աստվածաշնչյան ուսումնական կենտրոնը: Կենտրոնին մոտ եկեղեցի կար, որի հովիվը Ամբողջական Ավետարանի տեղի հարանվանության ազգային առաջնորդն էր: Թեև նրա հարանվանությունը 400 անդամ ուներ, նա ստիպված էր նաև ամբողջական դրույքով աշխատել: Այդ հովիվը շարունակաբար զգուշացնում էր իր եկեղեցու անդամներին չգնալ «Ռեմայի» շրջանավարտի եկեղեցին: Նա ասում էր. «Չգնա՛ք այդ եկեղեցի, քանի որ նրանք հավատքի և բարգավաճման մասին սխալ ուսմունք են սովորեցնում»: Մի քանի տարի անց մենք կրկին այցելեցինք «Ռեմայի» շրջանավարտի եկեղեցին և տեսանք, որ անդամների թիվն այնքան էր աճել, որ մասնաշենք պետք է ավելացնեին: «Ռեմայի» այդ հովիվն իր հարանվանությունում մոտ 11000 անդամ ուներ, որոնցից 2600-ը սևամորթ էին: Սպիտակամորթների քանի՞ եկեղեցի գիտեք Ամերիկայում, որ ունի 2500 սևամորթ անդամ: Տեսնելով ռասայական բազմազանություն ունեցող այդ հարանվանության հաջողությունը՝ երկրի կարկառուն առաջնորդներից մեկը «Ռեմայի» հովվին հրավիրել էր իր գրասենյակ ու ասել. «Կարծես թե Դուք միակն եք, որին հաջողվել է լուծել ռասայական խնդիրն այս երկրում: Օգնե՛ք մեզ. ասե՛ք, թե ինչպես եք դա արել»: «Դե,- պատասխանել է «Ռեմայի» հովիվը,- նախ և առաջ բոլորը պետք է վերստին ծնվեն, քանի որ բոլորը, անկախ մաշկի գույնից, եսասեր ու եսակենտրոն են, եթե փրկված չեն: Սակայն եթե մարդիկ փրկվեն և լցվեն Աստծո սիրով, ապա կկարողանաք փոփոխություններ բերել այս երկրում»:Սա է Աստծո ծրագիրն ու նպատակը ցանկացած ազգության համար, որ մարդիկ փրկվեն, լցվեն Սուրբ Հոգով և քայլեն Աստծո սիրո մեջ: Անկախ նրանից, թե ով եք դուք և ինչով եք զբաղվում, եթե ձեր ծրագրերն ու նպատակները համընթաց են Աստծո հետ, ապա կհաջողեք: Քանի որ «Ռեմայի» այս հովվի ծրագրերն ու նպատակները համընթաց էին Աստծո հետ, Աստված օգտագործեց նրան Հարավային Աֆրիկայում ավելի քան 450 եկեղեցիների ցանցի ձևավորման համար: Նրանք մեծ արթնություն ունեն, և Աստծո Հոգին զարմանահրաշ կերպով շարժվում է այնտեղ: Այն մարդը, որը պատմեց ինձ սրա մասին, ասաց. «Մի անգամ ես և ընտանիքս այցելեցինք «Ռեմա»՝ պարզապես տեսնելու, թե ինչ է այնտեղ կատարվում, և այնքան հավանեցինք, որ մնացինք այնտեղ»: Ժամանակի ընթացքում այն հովվի հարանվանության անդամներից 360-ը ևս այցելեցին «Ռեմա» և այնքան հավանեցին, որ մնացին այնտեղ: Ի վերջո այդ հովվի եկեղեցում քառասուն մարդ մնաց: Երբ գնացինք Հարավային Աֆրիկա՝ «Ռեմայի» շրջանավարտի նոր շինությունների բացմանը, Ամբողջական Ավետարանի եկեղեցու հովիվը համազգային համաժողով էր անցկացնում: Նրանք մեզ հաղորդագրություն ուղարկեցին, որում ասվում էր. «Սկզբում մենք կարծում էինք, թե այն, ինչ դուք քարոզում եք, սխալ է, բայց հետո եկանք այն համոզման, որ դա այդպես չէ: Թող Աստված է՛լ ավելի զորացնի ձեզ: Պարզապես ցանկանում ենք, որ իմանաք՝ ձեզ հետ ենք և ձեր կողքին ենք»: