Հոգևոր աճ

(0)

ՆԱԽԱԲԱՆ

 

Աճն ընթացք է։ Այս գրքում մենք կխոսենք հոգևոր աճի մասին։ Մեր դասերը, որոնք, միգուցե, կապակցված չթվան, կօգնեն ձեզ հոգևորապես աճել։ Նախևառաջ, դրանք կօգնեն որոշել ձեր ներկա վիճակը և հասկանալ, թե որ հոգևոր փուլում եք։ Իսկ երբ որոշեք ձեր ներկա հոգևոր վիճակը, դրանք կօգնեն ձեզ աճել դեպի հաջորդ փուլը։

 

 

Գլուխ 1

ՈՐՈՇԵԼ ՁԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԱՃԸ

 

 

«(Քրիստոսը) վեր ելավ բարձրը, գերի առավ գերությունը և մարդկանց պարգևներ տվեց... Եվ Նա մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին՝ մարգարեներ, մի քանիսին՝ ավետարանիչներ, մի քանիսին՝ հովիվներ և վարդապետներ, սրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև որ ամենքս հասնենք հավատքի և Աստծո Որդուն ճանաչելու միությանը և կատարյալ մարդ լինենք՝ Քրիստոսի կատարյալ հասակի չափով, որ այլևս երեխա չլինենք՝ երերված ու տատանված վարդապետության ամեն քամուց մարդկանց խաբեբայությամբ, որ մոլորեցնեն խաբեբայության խորամանկությամբ։ Բայց ճշմարիտ լինելով սիրո մեջ՝ աճենք Նրանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը»։ - Եփեսացիների 4.8,11-15

Ակնհայտ է, որ Պողոսը չէր համարում, որ Եփեսոսի եկեղեցին արդեն հասունացել էր։ Դուք նկատեցի՞ք, որ նա գրում է. «Բայց ճշմարիտ լինելով սիրո մեջ՝ ԱՃԵՆՔ...»։ Եվ նույնպես «Մինչև որ ամենքս հասնենք հավատքի և Աստծո Որդուն ճանաչելու միությանը և ԿԱՏԱՐՅԱԼ ՄԱՐԴ ԼԻՆԵՆՔ»։

Մեր աստվածաշնչյան թարգմանության մեջ գրված է «կատարյալ» բառը։ Կարծում եմ՝ այս բառի պատճառով մենք հստակ չենք ընկալում այս խոսքի իրական իմաստը։ Աստվածաշնչի անգլերեն «Մոֆֆաթի թարգմանության» մեջ գրված է՝ «հասնել հասունության»։ Անգլերեն «Ընդլայնված թարգմանության» մեջ գրված է՝ «որպեսզի [մենք հասնենք] իրական հասուն տղամարդկության»։ Պողոսը խոսում է հոգևորապես տղամարդ կամ հասուն մարդ դառնալու մասին. «Որ այլևս երեխա չլինենք»։ Նա խոսում է հոգևորապես աճելու, հոգևոր հասունության հասնելու և հոգևորապես լիովին հասուն տղամարդ դառնալու մասին։ Աստված ցանկանում է, որ մենք աճենք։ Եվ Աստվածաշունչը սովորեցնում է, որ կա զարմանալի նմանություն հոգևոր և ֆիզիկական աճի միջև։ Այն խոսում է հոգևոր աճի առնվազն երեք փուլերի մասին, որոնք համապատասխանում են ֆիզիկական աճի երեք փուլերին։ Դրանք են մանկությունը, երեխայությունը և հասունությունը։ Մենք կդիտարկենք այս փուլերը ճիշտ այս հերթականությամբ՝ առանձնացնելով որոշ ենթաբաժանումներ, և դուք կտեսնեք, որ ֆիզիկական աճի յուրաքանչյուր փուլին հատուկ հատկանիշներից մի քանիսը նույնպես վերաբերում է համապատասխան հոգևոր փուլերին։ Եվ ես հավատում եմ, որ այս կերպով մենք կորոշենք մեր հոգևոր աճը։

 

 

Գլուխ 2

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

 

 

«Նորածին երեխաների (կամ՝ մանուկների) պես ցանկացեք այն բանավոր (կամ՝ Խոսքի) անխարդախ կաթին, որ նրանով աճեք»։ - Ա Պետրոս 2.2

Առաջին Պետրոսի այս խոսքում Աստվածաշունչն անվանում է քրիստոնյաներին «նորածին մանուկներ»։ Բնականորեն և ֆիզիկապես, ոչ ոք չի ծնվում լիովին հասուն։ Մարդիկ ծնվում են որպես մանուկներ և մեծանում են։ Նմանապես, ոչ ոք չի ծնվում որպես լիովին հասուն քրիստոնյա։ Դուք ծնվում եք որպես հոգևոր մանուկ, իսկ հետո մեծանում եք։ Միայն այս փաստի հիման վրա կարելի է մի ամբողջ քարոզ պատրաստել։ Մենք հաշվետու ենք լինելու այն հոգևոր մանուկների համար, որոնք ծնվել են Աստծո ընտանիքի մեջ՝ ապաշխարելով մեր եկեղեցիների խորանների առջև։ Մոտավորապես 12 տարի ես եկեղեցու հովիվ եմ եղել և կարող եմ ասել, որ մանուկներից շատ բան չի կարելի սպասել, քանի որ նրանք չեն կարող շատ բան անել իրենց համար։ Նրանց պետք է օգնեն այլ մարդիկ։ Շատ հաճախ, եթե կիրակի երեկոյան փրկված մարդն ինչ-որ սխալ է գործում մինչև չորեքշաբթի երեկո, բոլորը եկեղեցում իմանում են այդ մասին և աղմուկ են բարձրացնում այդ պատճառով։ Նրանք ակնկալում են, որ մինչև չորեքշաբթի երեկո կամ հաջորդ կիրակի այդ մարդը պետք է վարեր նույնպիսի օրինակելի քրիստոնեական կյանք, ինչպիսին իրենք են վարում, այնինչ պահանջվել են տարիներ, որ իրենք այդպիսին դառնան։ Մի քանի տարի առաջ ես երկու շաբաթ տևող հավաքույթներ անցկացրի մի ծառայողի համար։ Այդ հավաքույթները պետք է ավելի երկարատև լինեին, բայց ես ընդհատեցի։ Մարդիկ հաճախում էին։ Դահլիճում 800 տեղ կար, և ամեն երեկո այն լեցուն էր։ Մարդիկ արձագանքում էին։ Իրականում, մենք չէինք անցկացնում ավետարանչական ծառայություններ. ես հիմնականում սովորեցնում էի և աղոթում էի հիվանդների  համար։ Այնուամենայնիվ, շաբաթ երեկոյան, երբ սկսեցի փրկության կոչով, 33 մարդ առաջ եկավ՝ փրկություն ընդունելու համար։ Նրանք կանգնեցին բեմի երկայնքով։ Ես աղոթեցի նրանց համար և առաջնորդեցի աղոթքի մեջ։ Դրանից հետո ուղարկեցի նրանց աղոթքի սենյակ, որտեղ այլ մարդիկ էին աղոթելու նրանց համար, և շարունակեցի ծառայել հիվանդներին։ Այդ ծառայությունը տպավորվեց իմ մեջ այն բանով, որ փրկության համար առաջ եկած 33 մարդկանց մեծ մասը 25-32 տարեկան երիտասարդ ամուսնացած զույգեր էին։ Ես իմացա, որ նրանցից ոչ ոք քրիստոնյա չէր եղել և չէր անդամակցել որևէ եկեղեցու։ Ծառայությունից հետո հարցրի հովվին այդ երիտասարդների մասին։ 

- Այդ 33-ից ոչ ոք նահանջած չէր, - ասաց Նա։

- Բոլորն էլ մեղավորներ էին, որոնք առաջ էին եկել՝ փրկվելու համար։ Դա անսովոր էր։ Ես հարցրի, թե արդյո՞ք նա ճանաչում էր նրանցից որևէ մեկին։

- Ես չեմ ճանաչում ոչ ոքին, - պատասխանեց նա։

- Նրանք երբեք չեն եղել իմ եկեղեցում։ - Դուք վերցրի՞ք նրանց հեռախոսահամարները կամ հասցեները, - հարցրի նրան։

- Եղբա՛յր, - ասաց նա, - կարծում եմ՝ եթե նրանք ինչ-որ բան ստացան, ապա կվերադառնան։ Չպետք է անհանգստանալ նրանց մասին։

- Վաղը երեկոյան ես կավարտեմ այս հավաքույթները, - ասացի ես։ Մարդիկ ծնվում են որպես մանուկներ։ Նրանք հոգատարության կարիք ունեն։ Նրանք երբեք չէին եղել այդ եկեղեցում։ Նրանք նախկինում երբեք չէին լսել Ամբողջ Ավետարանի քարոզումը։ Նրանց հետ անհրաժեշտ էր կապ պահպանել, աղոթել նրանց համար, զրուցել և աշխատել նրանց հետ։ Նրանք նորածին մանուկներ էին։ Այն բանից հետո, երբ մի հայտնի բժշկող ավետարանիչ հավաքույթներ էր անցկացնում մի քաղաքում, մի հովիվ, որն այդ հավաքույթների կազմակերպիչներից էր, ասաց ինձ.

- Ես երբե՛ք չեմ մասնակցելու քաղաքային ավետարանչությունների կազմակերպմանը։ Երբե՛ք։

- Ինչո՞ւ, - հարցրի ես։ - Դրա արդյունքում իմ եկեղեցում ոչ մի մարդ չավելացավ, - պատասխանեց նա։

- Ոչ ոք։ Ոչ մի անդամ։ Ես ոչ մի օգուտ չստացա դրանից։

- Իսկապե՞ս։

- Այո՛։

- Դու ստացա՞ր քարտեր ապաշխարության համար առաջ եկած մարդկանց տվյալներով, - հարցրի նրան։

- Իհա՛րկե, - պատասխանեց նա, - նրանք տվեցին ինձ քարտեր, բայց այդ մարդկանցից ոչ ոք այդպես էլ չեկավ։ Նույն քաղաքում ես զրուցում էի մեկ այլ հովվի հետ միևնույն հավաքույթների մասին, և նա ասաց.

- Այդ հավաքույթների շնորհիվ մենք 29 նոր անդամ ունեցանք։ Երանի՜ այդ ավետարանիչը վերադառնար։

- Ինչպե՞ս դա եղավ, - հարցրի ես։

- Ինչպե՞ս եղավ, որ նրանք եկան քո եկեղեցի։

- Նրանք ոչինչ չգիտեին մեր եկեղեցու մասին, - պատասխանեց նա։

- Ես ստացա նրանց կողմից լրացված քարտերը և այցելեցի նրանց։ Ես չհորդորեցի նրանց գալ հենց մեր եկեղեցի, բայց պնդեցի, որ նրանք գտնեին Ամբողջ Ավետարանը քարոզող լավ եկեղեցի և սկսեին իրենց ընթացքն Աստծո հետ։ Եվ նրանցից ոմանք եկան մեր եկեղեցի։

Մենք պատասխանատու ենք մանուկների համար։ Մանուկները չգիտեն։ Մանուկները չեն կարող ոչինչ անել իրենց համար։ Բնական աշխարհում նորածին մանուկը չի կարող շատ բան անել։ Նա դեռ չի կարող քայլել։ Նա չի կարող հագնվել։ Իրականում, նա ոչինչ չի անում իր համար։ Նա միայն սնվում է, և այն էլ՝ միայն կաթով։ Վերստին ծնված մարդիկ հոգևոր մանուկներ են, և եթե նրանք ստանան Խոսքի անխարդախ կաթը, նրանք կաճեն։

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up