ՎԵ՛Ր ԿԱՑ ԻԲՐԵՎ ԿԻՆ ԱՌՅՈՒԾ
Երբ լուսաբացին արթուն պառկած էի անկողնումս, և սիրտս արագ բաբախում էր ու մարմինս դողում, հանկարծ զգացի, որ Աստված էգ առյուծի տեսիլքն ինձ ցույց էր տվել այն պատճառով, որպեսզի հայտներ մի բան, որը ես հեշտությամբ կարող էի բաց թողնել առօրյա անցուդարձի մեջ: Այն գրավել էր իմ ողջ ուշադրությունը, և ես լսում էի` լարելով բոլոր զգայարաններս: Իմ սենյակը չոր ու դատարկ էր թվում այն գույների աշխարհի համեմատ, որտեղից նոր էի վերադարձել: Երկրի վաղորդյան ձայները տարաշխարհիկ հնչեղ ձայնի համեմատ ավելի խուլ էին հնչում: Ես կանգ առա` վախենալով շարժվել ու կորցնել տեսիլքի վերջին նշույլները: Ես փակեցի աչքերս. բոլորն այնտեղ էին` էգ առյուծը, հարթակը, գրվածքը, ետնամասը և ձայնը: Անցավ որոշ ժամանակ. երբ սիրտս հանդարտվեց, և մարմինս խաղաղվեց, ես բացեցի աչքերս: Հարթակի առաջամասի փորագրությունն ինձ շատ հետաքրքրեց, ուստի ես վերցրեցի Աստվածաշունչը: Ինձ հետաքրքիր էր` արդյո՞ք դա որևէ կապ ուներ սուրբգրային գլխի կամ համարի հետ: Եթե այո, ապա ի՞նչ էր գրված Թվոց 23-րդ գլխում: Էջերը թերթելիս սիրտս նվաղեց, և երբ կարդացի վերնագիրը, ես հասկացա, որ այդ հատվածը վերաբերում էր Բաղաամի մարգարեությանը: Ես գիտեի, որ նա ճիշտ, սակայն անպատիվ մարգարե էր: Ես սկսեցի կարդալ` առանձնապես ոչինչ չզգալով, մինչև որ հասա 19-րդ խոսքին.
«Աստված մարդ չէ, որ սուտ խոսի,
Ո՛չ էլ՝ մարդու որդի, որ զղջա.
Մի՞ թե կասի և չի անի,
Կամ՝ կխոսի և չի կանգնեցնի:
Ահա հրաման առա օրհնելու, և Ինքը օրհնեց,
Եվ ես ետ չեմ դարձնի:
Հակոբի վրա անօրենություն չզննեց,
Ոչ էլ անզգամություն տեսավ Իսրայելի վրա.
Նրա Եհովա Աստվածն իր հետ է.
Եվ նրա մեջ թագավորի ցնծության ձայն կա,
Աստված է Եգիպտոսից նրանց հանողը.
Մի եղջերուի պես զորություն ունի նա,
Դրա համար Հակոբի դեմ կախարդություն չի լինի,
Եվ Իսրայելի դեմ՝ դյութություն.
Հակոբին և Իսրայելին կասվի ժամանակին,
Թե Աստված ինչե՜ր արեց» (Թվոց 23.19-23):
Այս խոսքերն այնքան շատ բան են ասում Աստծո հավատարմության մասին: Նրա տված խոստումները հաստատ են և վստահելի, իսկ օրհնություններն՝ անփոփոխ: Աստծո հավատարմության շնորհիվ Իսրայելն ուներ անվտանգ և կախարդության ու անեծքի վարակիչ հետևանքներից ազատ ապագա: Այս ամենը հուսադրող էր, բայց Թվոց 23-ի հաջորդ խոսքն առանձնահատուկ կերպով գրավեց իմ ուշադրությունը.
«Ահա այս ժողովուրդը մատակ առյուծի (անգլերենում՝ էգ առյուծի) պես պիտի վեր կենա,
Եվ առյուծի պես պիտի բարձրանա.
Չի պառկի, մինչև որ որսը ուտի
Եվ սպանվածների արյունը խմի» (Թվոց 23.24, NLT):
Դողը սրտումս` կրկին կարդացի նուրբ թղթի վրա տպված հուժկու խոսքերը. «Էգ առյուծի պես պիտի վեր կենա, և առյուծի պես պիտի բարձրանա»: Այդ հուզիչ պատկերը կլանեց ինձ. ես տեսնում էի արու առյուծին և նրա էգին, որոնք բարձրանում էին խոտերի միջից: Եվ երբ նրանք բարձրացան, հարթավայրի դինամիկան այդ խաղաղվի ճակից վերածվեց հուզումնալից վիճակի: Յուրաքանչյուր կենդանի արարած զգում էր առյուծների դիրքի փոփոխությունը և ուշադիր հետևում էր նրանց. ոսկե գույն կենդանիներն արթնացել էին: Նրանք ձգվում էին, ստուգում, թե ինչ է տեղի ունենում մթնոլորտում և հետազոտում էին իրենց տարածքը, որպեսզի կարողանան տեղաշարժվել: Առյուծները հավանաբար քաղցած էին: Միգուցե նրանք անհանգս տացած էին թշնամուներ կայությունից, որը խախտել էր նրանց տարածքի նշված սահմանները, և այժմ ժամանակն էր, որպեսզի առյուծները ցույց տային, որ իրենք այդտեղ են: Այն պահից, երբ նրանք վեր կացան, լարվածությունն ուժեղացավ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չէին դադարել շարժվել: Եթե առյուծներն անհանգիստ էին, ապա մյուս կենդանիները նույնպես հանգիստ չունեին: Նրանք չէին հանդարտվի այնքան ժամանակ, քանի դեռ առյուծների պայքարը կամ ճաշկերույթը չէր ավարտվել: Երբ առյուծները վեր կացան, իմ հոգում զգացի նրանց ուժի զորությունը: Ո՞վ չի սարսափում և հիանում, երբ արու կամ էգ առյուծը բարձրանում ու տեղաշարժվում է իր հանգիստ դիրքից: Դա մի հրաշք տեսարան էր, որ պարզապես պետք էր նայել, բայց, թե ի՞նչ կապ ուներ դա ինձ հետ… Ինչպե՞ս ես կարող էի որևէ կերպ կապ ունենալ այդ վայրի, ոսկե գույն և հզոր արարածների հետ: