Աղոթում եմ, որ փնտրելով ճշմարտությունը՝ դուք սեր գտնեք։ Այս խստասիրտ դարձած աշխարհում պետք է խիզախություն ունենաք, որպեսզի լինեք նուրբ՝ ծաղկի պես, և ամուր՝ ադամանդի պես։ Եղե՛ք հավատարիմ։ Եղե՛ք ճշմարտացի։ Եղե՛ք ուժեղ։ Խոսքով և գործով լուսավորե՛ք ճանապարհը դեպի այն ժայռը, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապաստան գտնել։ Վստա՛հ եղեք։ Դուք չեք կարող ձախողվել, քանի որ կտրված եք անպարտելի վեմից (տե՛ս Եսայի 51.1)։
1
ԱՆԿՈՏՐՈՒՄ ՆԿՈՏՐՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԱԴԱՄԱՆԴԸ
« Նայե՛ք այն վեմին, որից դուք կտրված եք, և այն հորի գուբին, որից դուք փորված եք»։ Եսայի 51.1
Ավելի քան մեկ տարի մտորել եմ այս խոսքի շուրջ. ինձ գերել է գաղափարն այս վեմի, այս քարի, այս ... ադամանդի մասին։ «Ադամանդ» բառի «ադամանդե» ածականը մի շարք լեզուներում օգտագործվում է «անկոտրում» իմաստով և նշանակում է ամուր, անթափանցելի և անզիջում՝ կարծիքի կամ դիրքորոշման մեջ. անկոտրում՝ ադամանդի պես։ Այս բառը ստացել է նաև «համառ» իմաստը։ Սակայն պետք է հիշել, որ բոլոր այս բառերը հեռացել են ադամանդի նախնական իմաստից, քանի որ «ադամանդ» բառն ի սկզբանե կրել է առարկայի իմաստ և, շատ առումներով, սոսկ երազանք է եղել։ «Ադամանդ» բառն ունի հին առասպելական պատմություն։ Ադամանդը հայտնի էր որպես քար։ Թույլ տվեք շտկում անել՝ որպես անհայտ քար։ Այն խորհրդանշում էր անհայտ հանքանյութ, որի գոյությունը ենթադրում էին հին հույները։ Մաթեմատիկոսները, փիլիսոփաները և միստիկները ենթադրում էին, որ գոյություն ուներ այնպիսի քար, որի նմանը չկա, որն այնքա՜ն ամուր էր, որ դրա մեջ անկարելի էր թափանցել, և որն անկարելի էր կոտրել։ Առանց ճաքերի և բեկորների՝ այն անասելիորեն պինդ էր, բայց և՝ անդիմադրելի գեղեցիկ։ Այն կունենար առարկաներ ձգելու և վանելու եզակի կարողություն։ Այն կձգեր այլ առարկաներ, սակայն չէր ենթարկվի որևէ ձգողության. այն մագնիսական ուժ կունենար, սակայն ոչինչ չէր կարողանա տեղաշարժել այն։ Այդ քարը կունենար եզակի հարաբերություն լույսի հետ. այն ընդունակ կլիներ հավաքել լույսի ճառագայթները և փոխել դրանց ուղղությունը։ Կրակը չէր կարողանա թափանցել դրա մեջ, և կրակի բոցերից դուրս հանելուն պես այդ քարն այնքան սառը կլիներ, որ մարդը կկարողանար հեշտորեն հպվել դրան։ Ահա այդ անզուգական քարի ենթադրյալ հատկանիշներից ընդամենը մի քանիսը։ Խնդիրը՝ այն հայտնաբերելն էր։ Արդյո՞ք այն գտնվում էր երկրի սրտում՝ խավար ընդերքում։ Իսկ միգուցե այդ հրաշք քարերը ծնվում էին կրակի՞ց և արտանետվում որևէ հրաբխի խառնարանի՞ց։ Թե՞ այն ծածկված էր ծովի խորքում։ Իսկ միգուցե աստվածնե՞րն էին շնորհում այն՝ որպես պարգև որոշակի արժանիքների համար։ Հույներն անվանեցին այդ անհայտ քարն «ադամաս», որի լավագույն թարգմանությունն է «անպարտելի»։ Ու թեև չկար նույնիսկ աննշան ապացույց այն մասին, որ ադամասը գոյություն ուներ, նրանք երազում էին այն մասին, թե ինչպես կարելի էր գործածել այդ անպարտելի քարը։ Այս հանքանյութից հնարավոր կլիներ զենքեր պատրաստել։ Ադամասից կպատրաստվեին թրեր, կացիններ և դանակներ, որոնք չէին կոտրվի մարտի ժամանակ, և վահաններ, որոնք անխոցելի կլինեին։ Նետերի նրբագեղ գլխիկները՝ պատրաստված ադամասից, հեշտորեն կթափանցեին ամենից ամուր թիրախների մեջ։ Իսկ զրահնե՞րը։ Ադամասից պատրաստված անթափանցելի զրահներ հագած զինվորներն անպարտելի կհամարվեին։ Խավարը չէր կանգնեցնի նրանց, քանի որ ադամասի կողմից կլանված ճառագայթները կկուրացնեին նրանց թշնամիներին, և այն կլուսավորեր հաղթանակի ճանապարհը։ Գաղափարն այդ քարի մասին այնքա՜ն անդիմադրելի էր, որ տեսությունը դրա գոյության մասին տարածվեց դեպի հյուսիս՝ Եվրոպայով մեկ, մինչև որ հասավ Մեծ Բրիտանիայի ափերին։ Հենց այդտեղ «ադամաս» բառը վերածվեց մեզ հայտնի «ադամանդ»-ի։ Եվ հենց այդտեղ էր այն սպասում իր երևան գալուն։ Մ.թ. 400 թվականին, երբ ալմաստը հայտնաբերվեց Հնդկաստանում, մարդիկ մտածեցին, որ երկար ժամանակ փնտրվող ադամանդը վերջապես գտնվեց։ Ոչ մի քար չէր կարող համեմատվել դրա հետ իր ամրությամբ։ Ցանկացած այլ քար մասնատվում էր ալմաստ-ադամանդի ազդեցության ներքո։ Այդ ակներն առաջացել էին այնպիսի ուժգին կրակի և ճնշման ներքո, որ բոլոր ավելի թույլ բաղադրիչները կլանվել էին, և մնացել էր միայն մեկը՝ ածխածինը, որից էլ բաղկացած է ալմաստի բյուրեղային կառուցվածքը։ Դարեր շարունակ «ալմաստ» և «ադամանդ» բառերը փոխանակաբար գործածվել են՝ նկարագրելու համար այն ամենը, ինչն անպարտելի, անսասան և անխորտակելի է։ Ե՛վ քարոզիչների արքա Չարլզ Սփերջենը, և՛ Մաքրակրոն լեգենդ Ջոն Բունյանն անդրադարձել են Զաքարիա մարգարեի խոսքերին, որը ողբում էր, քանի որ մարդկանց սրտերն ադամանդի պես կարծրացել էին և անթափանցելի էին Աստծո Խոսքի համար.
«Եվ իրենց սիրտն ադամանդի պես շինեցին, որ չլսեն օրենքը և այն խոսքերը, որ Զորաց Տերը Իր Հոգով առաջին մարգարեների ձեռքով ուղարկեց, և մեծ բարկություն եղավ Զորաց Տիրոջ կողմից» ( Զաքարիա 7.12)։
Այս բառը պահպանվել է նաև ավելի ժամանակակից թարգմանությունների մեջ.
«Նրանք ադամանդի պես ամուր դարձրին իրենց սրտերը, որ չլսեն օրենքը և Զորքերի Տիրոջ խոսքերը, որոնք Նա ուղարկեց Իր Հոգով՝ առաջվա մարգարեների միջոցով։ Այդ պատճառով մեծ բարկություն եկավ Զորքերի Տիրոջից» (ESV)։
Գրեթե 18-րդ դարի ավարտին ֆրանսիացի գիտնական Անտուան Լավուազիեն բացահայտեց, որ բավականաչափ ջերմության և թթվածնի առկայության դեպքում ալմաստը գոլորշիանում է։ Այս բացահայտումից հետո «ադամանդ» բառն առնչվեց միայն «ալմաստ» բառի հետ, և անխորտակելի, անսասան ու անպարտելի ադամանդի որոնումը մոռացվեց։ Այն դարձավ անիրական մի բան։ Բայց մարդիկ շարունակում էին երազել։ Ակնածալի Արկենսթոունը, որը հիշատակվում է Ջ. Ռ. Ռ. Թոլքինի աշխատությունների մեջ, կարծես շարունակում է առասպելական ադամանդի գաղափարը։ Ավելի քան երկու հազարամյակ մարդիկ որոնում էին, սակայն չէին կարողանում գտնել բաղձալի ադամանդը։ Սակայն ինձ մոտ հարց է ծագում... Ո՞րն է այդ որոնման հիմքը։ Հնարավո՞ր է, որ Աստված է ոգեշնչել գաղափարն ադամանդի մասին։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ երազել մի բանի մասին, ինչը ոչ ոք դեռ չի տեսել, և ինչո՞ւ խոսել անհայտի մասին։ Իսկ ի՞նչ, եթե այս քարը մեր միջև է, սակայն ճանաչված չէ։ Միգուցե ադամանդը երբեք էլ չպետք է լիներ պատերազմի և կործանման միջոց, այլ՝ ապաստանի և մատակարարման։ Մի՞- թե այն քարը, որը մենք որոնում ենք, չպետք է հասանելի լինի բոլորին։ Հնարավո՞ր է, որ ադամանդի նպատակն է՝ բացահայտել այն, ինչը գտնվում է մեր սրտի խորքում։ Այս աշխարհում, որտեղ ճշմարտությունը սայթաքում և սահում է նորագույն հասարակական մշակութային միտումների թելադրանքով, մի՞թե հաճելի չէր լինի ունենալ այն, ինչը հաստատուն է,
. անշարժ է,
. անպարտելի է,
. անփոփոխ է։
Միգուցե այս մտորումներն ընդամենը անմիտ հարցեր են գոյություն չունեցող քարի մասին։ Չէ՞ որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ այլևս ոչ ոք չի որոնում քարեր, որոնցում ուժ կա։ Մենք իրատես ենք. մենք իմացել ենք, որ աստղերն ընդամենը լուսատու գոլորշի են։ Մենք քայլել ենք լուսնի մակերեսի վրայով և զննաձողեր ենք իջեցրել դեպի օվկիանոսի հատակի խորը խավար խոռոչները։ Մենք մեծ մասամբ փարատել ենք այն առասպելական պատկերացումները, որոնք մի ժամանակ երկյուղածություն էին առաջացնում։ Սակայն, զրկվելով երկյուղից, մենք պարուրվել ենք շփոթմունքով և համեմատություններով։ Մարդիկ, որոնք ստացել են լավագույն կրթությունը, հաճախ զուրկ են թե՛ կյանքի նպատակից, թե՛ հնարավորություններից։ Մենք ստրկացրել ենք մեզ վարկային համակարգին, որի նպատակը գնորդներին ծուղակը գցելն է։ Մեր նախահայրերի կողմից ստեղծված քաղաքական համակարգը, որի նպատակը մեզ միաբանելն էր, այժմ պառակտում է մեզ։ Մեր կապերը լայն են, սակայն մեր հարաբերությունները մակերեսային են և զուրկ են ճշմարիտ մտերմությունից։ Մենք որոշում ենք մեր ինքնությունը ըստ մեր զբաղվածության և, չնայած դրան, բավականություն չենք ստանում կյանքից։ Մենք օգտագործում ենք տեխնիկական միջոցները, որպեսզի քարկոծենք այն մարդկանց, որոնց երբեք երես առ երես չենք հանդիպի։ Երբ ճշմարտությունը ջրիկանում է, մենք այլևս չունենք պատասխաններ այն հարցերին, որոնք ավելի մեծ են, քան մենք։ Իրական ճշմարտությունը ժայռ է՝ անկոտրում, անբաժանելի, անշարժ, անպարտելի։ Հիսուսն է ճշմարտությունը։ Եվ ես ենթադրում եմ, որ Հիսուսն է Ադամանդը։
Հիսուսը՝ Ադամանդ
Ոչ մի քար այս երկրից չի կարող հավասարվել Կենդանի Քարին։ Այն ամենը, ինչ փնտրում էին հույն միստիկները, իրական է Քրիստոսում։ Նա մեր Ժայռն է, մեր Անկյունաքարը, և մեր երկար սպասված Ադամանդը։ Միայն Քրիստոսն է այն անփոփոխ Քարը, որն ի զորու է փոխել ամեն ինչ։ Եվ Դարերի Ժայռը մշտապես եղել է մեր միջև։ Իսրայելի զավակների աննպատակ թվացող անապատային դեգերումների ժամանակ Մովսեսը հռչակում էր այդ Ժայռի ներկայությունը. « Ժայռը՝ Նրա գործը կատարյալ է. որովհետև Նրա բոլոր ուղիներն արդարություն են։ Աստված՝ հավատարիմ և առանց անիրավության, Արդար և ուղիղ է Նա» (Երկր. Օր. 32.4, KJV)։ Դավիթն աղաղակեց Աստծուն իր փրկության օրը, երբ ավարտվեց իր անապատային շրջանը. «Սրտանց սիրում եմ Քեզ, ո՛վ Տեր, իմ զորություն։ Տե՛ր, իմ Վեմ և իմ Բերդ և իմ Ազատիչ, իմ Աստված, իմ ամրություն, որին ես հուսացած եմ։ Ո՛վ իմ ասպար և իմ փրկության եղջյուր, Նա իմ բարձր աշտարակն է» ( Սաղմ. 18.1,2)։ Եբրայերեն «ժայռ» բառն այս հինկտակարանյան հատվածներում նշանակում է «անմատչելի ապաստան»։ Նա մեր զորության Ժայռն է և մեր հաստատուն Հենարանը՝ մանրախճով պատված այս աշխարհում։ Հիսուսը մեր Բերդն է այն ժամանակ, երբ մեր թշնամիները ցանկանում են մահացու աքցանի մեջ վերցնել մեզ։ Ժայռը մեր փրկությունն է, ապահովությունը և պաշտպանական զրահը։ Քրիստոսն օծում է մեզ Իր Հոգու յուղով և ազդարարում է մեր փրկությունը մեր չարախոսներին։ Շատ առումներով բոլորս էլ փախստականներ ենք այս աշխարհում, և բոլորս էլ փնտրում ենք այդ բարձր, ապահով և սուրբ վայրը։ Մենք ձգտում ենք ապահով կյանքի այնպիսի թագավորության մեջ, որը կառավարվում է անթերի արդարադատությամբ։ Նման Իսրայելցիներին՝ մենք ետևում ենք թողել մեր եգիպտացի ստրկատերերին, սակայն դեռ չենք հաղթահարել այն ստրկացնող ձայները, որոնք տպավորվել են մեր ներսում՝ նրանց դաժանության պատճառով։ Նույնիսկ այդ դեպքում Ժայռն ուղեկցում էր մեզ անապատային դեգերումների մեջ, որոնցում մենք պատրաստվում էինք Նրա նպատակների համար, սակայն չգիտեինք այդ մասին։ Ժամանակն է ընդունել, որ մենք կոտրված ենք, և կրկին ընկնել այդ Ժայռի վրա՝ նորոգվելու համար։ «Եվ այս քարի վրա ընկնողը կփշրվի, և ում վրա, որ այն ընկնի, կջարդի նրան» ( Մատթ. 21.44)։ Այս խոսքը Հիսուսի մասին է, որը և՛ Քարն է, և՛ Որդին։ Երկուսն էլ ուղարկվել էին Աստծուց, և երկուսն էլ մերժվեցին մարդկանց կողմից։ Որդին այն Քարն է, որը եկավ՝ փշրելու մարդկանց կեղեքող թագավորությունները և դառնալու Աստծո թագավորությունը հաստատող Անկյունաքարը։ Ն. Թ. Ռայթը շեշտադրում է խորը կապը Որդու և Քարի միջև. « Զուգադիպություն է, որ անգլերենում «որդի» («սոն») բառի տառերը կրկնվում են «քար» (սթոուն») բառի մեջ (որում երկու տառ է ավելանում), իսկ եբրայերենում «բեն» («որդի») բառի տառերը կրկնվում են «էբեն» («քար») բառի մեջ, (որում մեկ տառ է ավելանում)»1 ։