Ես չեմ կարող պարտվել, եւ ես չեմ հանձնվի

(0)

Նախաբան

 

Ժամանակը թռչում է: Բոլորս բազմիցս լսել ենք այս արտահայտությունը, որ նշանակում է՝ ժամանակն արագ է ընթանում: Սա պարզապես մարդկային գաղափար չէ. Աստվածաշնչում ասվում է, որ այս կյանքը երկրի վրա «մի շոգի» է: Քանի որ ժամանակն այդքան արագ է անցնում, և քանի որ մենք ապրում ենք վերջին օրերում՝ Հիսուսի վերադարձին ընդառաջ, կենսական անհրաժեշտություն է դառնում կարևորել կյանքի ամեն վայրկյանը: Յուրաքանչյուր օր մենք պետք է ապրենք այն ամենով, ինչ ունենք մեր ներսում՝ մեր ողջ սրտով և «երբեք չհանձնվելու» վերաբերմունքով: Իմ կարգախոսը մշտապես եղել է. «Ես չեմ կարող պարտվել, և ես չեմ հանձնվի»: Սա լավ կարգախոս է, որով կարող է ապրել ցանկացած մարդ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր առումով: Մենք ավելի քան հաղթող ենք Հիսուս Քրիստոսում և կարող ենք հաղթական կյանք ունենալ՝ իրականացնելով այն ամենը, ինչ Աստված նախասահմանել է մեզ համար: Փոխանակ անհանգստանալու, թե ինչ կբերի մեզ ապագան, մենք պետք է գրոհով նվաճենք այն: Ես աղոթում եմ, որ դուք, կարդալով այս գիրքը, սովորեք հենց այդպես էլ անել: 

 

Գլուխ 1

Գրոհով նվաճել ապագան

Այս ժամանակը, ինչպես նաև մյուս բոլոր ժամանակները, շատ լավ ժամանակ է, միայն թե իմանանք ինչ անել դրա հետ:

                                                                                                                                           Ռալֆ Ուալդո Էմերսոն

«Գետնանուշ» կոմիքսում Լինուսը խոսում է Չարլի Բրաունի հետ երազանքների և ապագայի մասին: Նա ասում է. «Երբ մեծանամ, իսկական մոլեռանդ եմ լինելու»: Չարլի Բրաունը պատասխանում է. «Ինչո՞ւմ ես մոլեռանդ լինելու, Լինո՛ւս»: Լինուսը դեմքի անորոշ արտահայտությամբ պատասխանում է. «Օ՜հ, չգիտեմ: Դա իրականում կարևոր չէ: Ես մի տեսակ անվճռական, թույլ մոլեռանդ կլինեմ»: Թեև ծաղրանկարում դա կարող է ծիծաղելի թվալ, սակայն անվճռական կամ թույլ մոլեռանդ գոյություն չունի: Ու մենք նույնպես, որպես քրիստոնյաներ, չենք կարող անվճռական լինել, եթե ցանկանում ենք հաջողակ լինել: Եթե ուզում ենք գրոհով նվաճել մեր ապագան կամ հաղթական կյանք ունենալ, ապա չենք կարող մեզ թույլ տալ, որ անվճռական լինենք այն բանում, ինչին հավատում ենք, կամ այն կենսակերպում, որով ապրում ենք: Մի մարդ, որը հեռու էր անվճռական լինելուց, Հեսուն էր՝ Իսրայելի հզոր առաջնորդներից մեկը: Նա առաջնորդում էր մարդկանց մի խմբի, որը լավ գիտեր անվճռական լինելու գինը: Իսրայելցիների նախորդ սերունդը ցանկանում էր ազատվել եգիպտական գերությունից: Սակայն ազատվելուց հետո նրանք սկսեցին տրտնջալ առաջնորդ Մովսեսի դեմ և ցանկացան վերադառնալ Եգիպտոս: Իրենց անվճռական վերաբերմունքի պատճառով նրանք քառասուն տարի թափառեցին անապատում ու այդպես էլ չմտան Խոստմունքի երկիր: Սակայն Հեսուի գրքի առաջին գլխից սկսած՝ մենք կարդում ենք իսրայելցիների մի սերնդի մասին, որը նվիրվեց իր ապագան նվաճելու գործին:

ՀԵՍՈՒ 1.1-11

1Եվ եղավ, որ Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ՝ ասելով.

2 «Իմ ծառա Մովսեսը մեռավ, և հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանանով, դո՛ւ և այս բոլոր ժողովուրդը, այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին:

3 Բոլոր տեղերը, որ կոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ Մովսեսին ասել եմ:

4 Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ Գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը լինի:

5 Ոչ մի մարդ չկարողանա քեզ քո կյանքի բոլոր օրերում դեմ կանգնել. ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ կլինեմ. քեզ չեմ թողնի և քեզ անտես չեմ անի:

6 Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես այն երկիրը, որի համար սրանց հայրերին երդում արեցի՝ սրանց տալու համար:

7 Միայն թե զորացի՛ր և շա՛տ քաջ եղիր, որ պահես և անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է. նրանից չխոտորվես աջ կամ ձախ, որ ամենում էլ խելամիտ լինես, ուր որ գնում ես:

8 Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր և ցերեկ նրա վրա մտածես, որ պահես և կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես և այն ժամանակ խելամուտ կլինես:

9 Ահա քեզ պատվիրում եմ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր որ գնաս»:

10 Եվ Հեսուն, ժողովրդի ոստիկաններին պատվիրելով, ասաց.

11 «Բանակի միջով անցկացե՛ք և պատվիրե՛ք ժողովրդին՝ ասելով. «Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օր հետո դուք այս Հորդանանով կանցնեք, որ գնաք ժառանգեք այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը ձեզ տալիս է իբրև ժառանգություն»: 

Առջևում Խոստմունքի երկիրն էր. իսրայելցիների համար անվճռական լինելու ժամանակը չէր: Այսօր էլ, երբ մենք կանգնած ենք Տիրոջ վերադարձի նախաշեմին, մեզ համար նույնպես անվճռական լինելու ժամանակը չէ: Հասկանո՞ւմ եք, իսրայելցիների այս խումբը, որի մասին գրված է Հեսուի գրքի 1-ին գլխում, քառասուն տարի առաջ կանգնած էր այս նույն տեղում կամ մոտակայքում: Դա մի սրտառուչ տեսարան էր: Թվոց 13-րդ գլխում կարդում ենք, որ Մովսեսը տասներկու տղամարդու ուղարկեց՝ Քանանը՝ Խոստմունքի երկիրը լրտեսելու: Լրտեսներից տասը վերադարձան վախեցած ու ասացին. «Մենք չենք կարող գրավել այդ երկիրը»: Նրանք անվճռական էին: Միայն երկուսը՝ Քաղեբն ու Հեսուն, վերադարձան հավատքով և ասացին. «Եկե՛ք անմիջապես գնանք և տիրենք այդ երկրին, որովհետև մենք կարող ենք նվաճել այն»: 

 

Անվճռական լինելու գինը

 

Ցավոք, շատերը նման են «Գետնանուշ» ծաղրանկարի հերոս Լինուսին. նրանք սկսում են ինչ-որ բան անել, սակայն վճռական չեն այն իրականացնելու գործում: Այլ խոսքով՝ նրանք ունեն այսպիսի վերաբերմունք. եթե ամեն բան լավ ընթանա, ապա կշարունակեն իրենց ջանքերը, բայց եթե լավ չընթանա, կհանձնվեն: Մեր քրիստոնեական կյանքում նման անվճռական վերաբերմունքով մենք չենք կարող հաջողակ լինել: Եթե պատրաստվում ենք հաջողությամբ որևէ բան իրականացնելու, ապա պետք է հանձն առնենք ոչ միայն սկսել, այլև շարունակել և ավարտին հասցնել այն: Ցանկացած ջանքում դուք հակառակության կհանդիպեք: Եթե նախապես հաստատուն որոշում կայացրած չլինեք, ապա հեշտությամբ կհանձնվեք, երբ բախվեք հակառակության: Հաջողությունը լիարժեք նվիրում է պահանջում: Ուսուասիրելով Հեսուի գիրքը՝ կհայտնաբերեք, որ յուրաքանչյուր միջադեպ առնչություն ունի այս սկզբունքի հետ. հնազանդությունը բերեց հաղթանակ, անհնազանդությունը՝ պարտություն: Իսրայելի նվիրվածությունը կամ հնազանդությունն այն բանին, ինչ Աստված ասաց, հաղթանակ բերեց նրան: Իսրայելի անհնազանդությունն այն բանին, ինչ Աստված ասաց, պարտություն բերեց նրան: Միտուավոր անհնազանդությունը, որի մասին գրված է Հեսուի գրքի 7-րդ գլխում, բերեց պարտություն Գայիի մոտ: Իսկ Աստծուն հնազանդվելու լիակատար նվիրվածությունը, որի մասին կարդում ենք Հեսուի գրքի 8-րդ գլխում, բերեց լիարժեք հաղթանակ հաջորդ անգամ Գայիի դեմ պայքարում (տե՛ս Հեսու 8.1-28): Մեր նվիրվածությունն այնպիսին պետք է լինի, որ ստիպի մեզ լիովին անձնատուր լինել Աստծուն: Շատ մարդիկ ցանկանում են նվիրվել Աստծուն այնքան ժամանակ, քանի դեռ կարող են իրենցից մի մաս վերապահել իրենց ցանկությունների համար: Աստծո հետ այդպես չի լինում: Աստված ձեզ ամբողջությամբ է ցանկանում. Նա ուզում է, որ ամբողջովին անձնատուր լինեք Իրեն և հնազանդվեք Իր Խոսքին: Անդրադառնալով Աստվածաշնչում գրված որևէ խոսքի՝ ինչ-որ մեկը կարող է ասել. «Միգուցե Աստված հենց դա նկատի չուներ»: Եթե Աստված դա նկատի չուներ, ապա ինչո՞ւ ասաց: Մենք պետք է ունենանք այսպիսի վերաբերմունք, որ եթե Աստվածաշնչում դա է ասվում, ապա մենք կհավատանք դրան, և հարցը փակված է: Մենք լիովին անձնատուր պետք է լինենք Աստծուն, որպեսզի նվաճենք ապագան: Երբ լիովին անձնատուր լինեք Աստծուն, ձեր կյանքը կողողվի Նրա զորության այնպիսի հեղեղով, որը կանցկացնի ձեզ ցանկացած բանի միջով, ինչին կբախվեք: Աստծո զորությունը հասանելի է, և այն ձերն է: Սակայն դուք չեք կարող անվճռական լինել այդ հարցում: Դուք պետք է շարժվեք և անեք այն, ինչ Աստված ասում է ձեզ:  

 

Երկրորդ հնարավորություն

 

Վերադառնալով Թվոց 13-րդ գլխին՝ տեսնում ենք, որ Իսրայելը կանգնած էր Աստծո խոստացածը ստանալու շեմին: Սակայն վախի, հոռետեսության և բացասական վերաբերմունքի պատճառով իսրայելցիները չկարողացան տիրանալ այն երկրին, որ Աստված խոստացել էր նրանց: Աստված ասել էր՝ «Այն ձերն է», սակայն իսրայելցիները քառասուն տարի թափառեցին անապատում, պատճառը նրանց անվճռականությունն ու անհավատությունն էր: Այնուամենայնիվ, Հեսուի գրքի 1-ին գլխում տեսնում ենք, որ քառասուն տարի անց իսրայելցիները հնարավորություն ունեցան վերագրավելու իրենց հայրերի կորցրածը: Կյանքում հաճախ չէ, որ երկրորդ հնարավորություն ենք ստանում: Երբեմն հնարավորությունները, որ մարդիկ չեն օգտագործում վախի, անվստահության կամ հոռետեսության պատճառով, այլևս չեն ընձեռվում: Սակայն իսրայելցիների այս նոր սերնդին, որն անապատում հասունացավ, ընձեռվեց ևս մեկ հնարավորություն՝ նվաճելու Խոստմունքի երկիրը: Տերը խոսեց Հեսուի հետ՝ ասելով. «…և հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանանով, դո՛ւ և այս բոլոր ժողովուրդը, այն երկիրը, որ Ես տալիս եմ Իսրայելի որդիներին: Բոլոր տեղերը, որ կոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ…» (Հեսու 1.2-3): «Վեր կենալու և երկրին տիրելու» մարտահրավերը, որ տրվեց նրանց, այնքան էլ չի տարբերվում այն մարտահրավերից, որն այսօր ծառացած է մեր առջև: Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցին՝ էկլեսիան՝ կանչվածները, այսպես ասած, կանգնած է Խոստմունքի երկրի սահմանին: Ավետարանի հանդեպ մարդիկ երբեք այնքան բաց չեն եղել, որքան այսօր: Եթե մարդկանց հետ զրույցի բռնվեք, երևի թե միշտ կխոսեք Աստծո մասին: Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են աշխարհի տարբեր մասերում արթնություններ բռնկվում: Անցյալում երբեք չենք ունեցել այսպիսի տեխնոլոգիաներ և միջոցներ Ավետարանի ուղերձը մինչև երկրի ծայրերը հռչակելու համար: Համարձակ միսիոներական հարված հասցնելու ճիշտ ժամանակն է: Եվ ինչպես Հեսուն ասաց իսրայելցիներին՝ վե՛ր կացեք և անցե՛ք այդ Հորդանանով, այնպես էլ Աստված այսօր մեզ է ասում. «Վե՛ր կացեք, վերցրե՛ք այն ծրագիրը, որ Ես ունեմ ձեր կյանքի համար: Վերցրե՛ք այն ծրագիրը, որ Ես ունեմ Իմ Եկեղեցու համար: Ընդունե՛ք մարտահրավերը, վե՛ր կացեք, առա՛ջ գնացեք և արե՛ք այն, ինչ Ես կանչել եմ ձեզ անելու»: Անշուշտ, Աստված ցանկանում է, որ մենք ինչ-որ բան անենք, որն օգտակար է մեր օրերում և մեր դարաշրջանում: Բազմաթիվ են դեպքերը, երբ շատ բան, ինչ արվում է, այդքան էլ օգտակար չէ: Շատ գումար, ժամանակ և եռանդ են ծախսվում, սակայն դա իրականում չի օգնում որևէ մեկին: Մենք պետք է համոզված լինենք, որ այն, ինչ անում ենք, օգտակար է ուրիշներին, մեզ և Աստծո Արքայությանը: Եկե՛ք ուսուասիրենք Իսրայելի զավակներին և սովորենք որոշ բաներ, որոնք շատ օգտակար կլինեն մեզ, երբ ճամփա ընկնենք՝ գրոհով նվաճելու մեր ապագան: 

 

Համար մեկ. պատշաճ նախապատրաստում

 

Դուք պատրա՞ստ եք գրոհով նվաճելու ապագան: Պատրա՞ստ եք առաջ շարժվելու և վերցնելու այն, ինչ Աստված ունի ձեր կյանքի համար: Շատ մարդիկ երբեք լիովին ձեռնամուխ չեն լինում իրենց կյանքի ճանապարհորդությանը, որովհետև ապագան նրանց համար առեղծված է, ինչը նրանց ուղին որոշ չափով անհայտ է դարձնում: Բայց անգամ երբ չենք կարողանում տեսնել մեր հաջորդ քայլը, պատրաստ պետք է լինենք ոտք դնելու անհայտի մեջ: Ապագան անհայտ է. ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է սպասվում, կամ ինչ կլինի վաղը: Կարևոր է հիշել, որ թեև չգիտեք, թե ինչ կա ձեր առջևում, դուք կարող եք հաջողության հասնել, քանի դեռ ծրագրում և նախապատրաստվում եք: Առաջին բանը, որ մեզ անհրաժեշտ է ապագան գրոհով նվաճելու համար, պատշաճ նախապատրաստումն է: Մարդկանց մեծ մասը կյանքում ձախողվում է, նույնիսկ հոգևոր առումով, պատրաստված չլինելու պատճառով: Եթե կարդաք Հեսուի գիրքը, առաջին երեք գլուխներում կնկատեք, որ Հեսուն մանրամասն մշակեց մի քանի ծրագրեր, նախքան ինքը և ժողովուրդը երբևէ կանեին առաջին քայլը: Առաջին՝ Հեսուն հրամայեց, որ իսրայելցիները բավարար սնունդ նախապատրաստեն: Երկրորդ՝ նա մարդկանց ուղարկեց Երիքով՝ երկիրը լրտեսելու: Երրորդ՝ նա հրահանգներ տվեց քահանաներին և ասաց, թե ինչ պետք է նրանք անեին: Չորրորդ՝ Հեսուն ժողովրդին մարտահրավեր նետեց (տե՛ս Հեսու 1-3): Շատ մարդկանց մարտահրավեր պետք է նետել, մինչ նրանք կարձագանքեն: Դե ինչ, ես ուզում եմ այսօր ձեզ մարտահրավեր նետել: Մեր առջև այսօր մարտահրավեր կա: Աշխարհը փրկության կարիք ունի, իսկ փրկվածները՝ եկեղեցի գալու: Աշխարհը կարիք ունի լսելու Հիսուս Քրիստոսի Բարի լուրը:  Ես ասել եմ ու կրկին կասեմ. կառավարության օրենքները չեն վերացնելու մեր խնդիրները: Մենք չենք կարողանալու օրենսդրորեն վերացնել աղքատությունը: Մենք օրենսդրորեն չենք հաշտեցնելու մարդկանց: Հիսուսն է պատասխանը: Երբ մարդու սրտում Հիսուսն է, նա կարող է գտնել ճշմարտությունը բոլոր տեսակի իրավիճակների վերաբերյալ: Օրինակ, եթե մարդու ֆինանսական վիճակը կամ աշխատանքային կարգավիճակը նրա անառողջ լինելու հետևանք են, ապա նա գիտի, որ Հիսուսով, Ով իր սրտում է, և Խոսքի վրա հիմնված ճիշտ ուսմունքով կարող է առողջանալ: Երբ նա առողջանա, կկարողանա դուրս գալ և ապրուստի միջոց վաստակել: Բացի այդ, երբ Հիսուսը մեր սրտում է, Աստծո սերը փռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով (Հռոմ. 5.5): Եվ մենք բացահայտում ենք, որ բոլոր ցեղերի ու ռասաների մարդիկ կարող են միասին նստել, միասին երկրպագել, միասին սնվել և միասին հաղորդակցվել:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up