Սուրբ Հոգու պարգևները
Հատված Սուրբ գրքից՝ Ա Կորնթացիս 12.114
Առանցքային ճշմարտություն. Սուրբ Հոգու պարգևները տրված են եկեղեցու շինության համար: Պողոսը՝ Հոգուց ներշնչված, Կորնթոսի եկեղեցուն գրել է. «Բայց հոգևոր պարգևների համար, եղբայրնե՛ր, չեմ կամենում, որ չգիտենաք» (Ա Կորնթ. 12.1): Եթե Աստծո Հոգին Պողոսի միջոցով հայտնում էր, որ չէր ցանկանում` Կորնթոսի եկեղեցին չգիտենար հոգևոր պարգևների մասին, ապա, վստահ եմ, որ Նա չի ցանկանում դա նաև այսօրվա եկեղեցու համար: Եվ սակայն այս բաների վերաբերյալ կա ակնհայտ անտեղյակություն: Որոշ վայրերում մարդիկ առհասարակ ոչինչ չգիտեն դրանց մասին, անգամ այն, որ նման պարգևներ գոյություն ունեն: Նրանք կարծում են, թե պարգևները վերացել են: Այլ վայրերում որոշ բաներ գիտեն դրանց մասին, բայց նրանց այդ գիտելիքը խիստ սահմանափակ է:
Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ 12.1-14
1 Բայց հոգևոր պարգևների համար, եղբայրնե՛ր, չեմ կամենում, որ չգիտենաք։
2 Դուք գիտեք, թե երբ որ հեթանոս էիք, անձայն կուռքերի մոտ էիք տարվում, ինչպես որ առաջնորդվում էիք։
3 Նրա համար հայտնում եմ ձեզ, որ ոչ ոք չկա Աստծո Հոգով խոսող, որ Հիսուսին նզովյալ ասի, և ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ Հոգով Սրբով։
4 Պարգևները զանազան են, բայց Հոգին նույնն է։
5 Եվ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է։
6 Եվ ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է։
7 Բայց ամեն մեկին տրված է Հոգու հայտնությունը օգտի համար։
8 Որովհետև մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, և ուրիշին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով։
9 Մյուսին՝ հավատք՝ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության պարգևներ՝ նույն Հոգով։
10 Ուրիշին՝ զորությունների ներգործություններ, և ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների ընտրություն, ուրիշին՝ այլևայլ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանություններ։
11 Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում՝ ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է։
12 Ինչպես էլ մարմինը մեկ է և անդամներ շատ ունի, և մեկ մարմնի բոլոր անդամների շատ լինելով՝ մարմինը մեկ է, այսպես էլ Քրիստոսը։
13 Որովհետև մենք էլ ամենքս մեկ Հոգով մկրտվեցինք մեկ մարմին լինելու. թե՛ հրեաներ, թե՛ հույներ, թե՛ ծառաներ, թե՛ ազատներ, և ամենքս մեկ Հոգուց խմեցինք։
14 Որովհետև մարմինն էլ մեկ անդամ չէ, այլ շատ։
Ա Կորնթացիս թուղթը մեկ անձի ուղղված նամակ չէ. այն ուղղված է ամբողջ եկեղեցուն: Ոմանք կարծել են, թե այս խոսքերն ուղղված են ինչոր անձի, սակայն Պողոսն ամբողջ եկեղեցուն է ասում, որ նախանձավոր լինեն պարգևների նկատմամբ: Եվ երբ ամբողջ Մարմինը նախանձավոր լինի դրանց նկատմամբ, Հոգին ամեն մեկին կբաժանի այդ պարգևները, ինչպես Ինքն է կամենում: Այստեղ Պողոսը նկատի ունի՝ բոլորը չէ, որ ունենալու են բոլոր պարգևները. նա ասում է. «Որովհետեւ մեկին [ոչ բոլորին] Հոգուց տրված է իմաստության խոսք, և ուրիշին՝ գիտության խոսք...»: Ոմանք կտրել են այս խոսքերը համատեքստից և կարծել, թե Աստվածաշունչը անհատին է ասում, որ ցանկանա ունենալ բոլոր այս պարգևները: Իրականում Պողոսը եկեղեցուն է դիմում՝ որպես խմբի, որ նախանձավոր լինեն պարգևների նկատմամբ: Երբ եկեղեցին այդպես վարվի, Հոգին ամեն մարդու կբաժանի, ինչպես Ինքն է կամենում. ոչ թե ինչպես ես եմ կամենում կամ ինչպես դուք եք կամենում, այլ ինչպես Հոգին է կամենում:
Հոգու պարգևները Հիսուսին Տեր են դավանում
Կորնթոսի եկեղեցին ուներ որոշ առանձնահատկություններ, որոնք այսօր չկան մեր մեջ: Պողոսն ասում է. «Դուք գիտեք, թե երբ որ հեթանոս էիք, անձայն կուռքերի մոտ էիք տարվում, ինչպես որ առաջնորդվում էիք»։ Այս մարդիկ նախկինում երկրպագում էին կուռքերի: Կուռքերին այդ երկրպագության ժամանակ նրանք, սխալ հոգուց դրդված, սխալ բաներ էին ասում: Եկեղեցու պատմությունից տեղեկանում ենք, որ նրանցից ոմանք, ովքեր մասնակցում էին քրիստոնեական հավաքներին, երբ Հոգին դրսևորում էր Իրեն, ինչոր բաներ էին ասում սխալ հոգու ազդեցությամբ: Ոմանք նույնիսկ ոտքի էին կանգնում ծառայության ժամանակ և ասում, որ Հիսուսը նզովված է: Պողոսն ասում է, որ երբ Սուրբ Հոգին է գործում, Նա Հիսուսին Տեր է դավանում (խ. 3): Եթե խոսքի պարգևներից որևէ մեկն է գործում, ապա, իհարկե, Սուրբ Հոգին կասի, որ Հիսուսն է Տերը: Պարգևներից որն էլ գործի, այն միշտ Հիսուսին է բարձրացնելու որպես Տեր, ոչ թե մարդկանց: Պարգևները ուշադրությունը կենտրոնացնում են ոչ թե մարդու, այլ Քրիստոսի վրա: «Նրա համար հայտնում եմ ձեզ, որ չկա Աստծո Հոգով խոսող, որ Հիսուսին նզովյալ ասի»: Կարող եք վստահ լինել, որ երբ ինչոր մեկը խոսքի պարգև է գործածում և Հիսուսին նզովյալ է ասում կամ որևէ կերպ Նրա դեմ խոսում, ապա այդ խոսքերի հեղինակը Սուրբ Հոգին չէ: Հետո Պողոսն ասում է, որ ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր կոչել առանց Սուրբ Հոգու: Նա նկատի ունի, որ եթե մարդը ճիշտ հոգուց դրդված է խոսում, ապա Հիսուսին Տեր կդավանի: Բավականաչափ հասկացողություն չունենալու պատճառով շատերը փորձում են պարգևը գործածել առանց Հոգու: Գուցե այդ պարգևը ժամանակ առ ժամանակ դրսևորվել է նրանց կյանքերում, և նրանք կարծում են, թե արդեն ունեն դա և կարող են գործածել, երբ կամենան: Սակայն երբ այդպես են վարվում, վստահաբար խնդրի մեջ են հայտնվում՝ լայն բացելով իրենց սատանայական մոլորության համար: Երբ հեռանում ենք Խոսքից, սատանան է զբաղեցնում մեզ:
Պարգևների զանազանությունը
Պողոսը շարունակում է՝ ասելով. «Պարգևները զանազան են...»: «Զանազան» բառը նշանակում է «տարբեր»: Այլ խոսքերով՝ Պողոսն ասում էր. «Կան տարբեր պարգևներ, սակայն Հոգին նույնն է: Կան տարբեր պաշտոններ, սակայն Տերը նույնն է: Եվ կան տարբեր ներգործություններ, սակայն նույն Աստված է ամենը ամենքի մեջ ներգործում»: Մասնավորապես այս խոսքի վերաբերյալ կան երկու տարբեր տեսություններ, և ես կարևորություն եմ տեսնում այդ երկու տեսություններում էլ: Տեսություններից մեկն այն է, որ տարբեր մարդկանց մեջ այդ պարգևները տարբեր կերպ են գործում: Ասում են, որ ներգործությունների տարբերությունը խոսում է այն մասին, որ տարբեր անհատների մեջ պարգևները ներգործում են տարբեր կերպ և ոչ միշտ նույն կերպ: Մյուս կողմից՝ կան մարդիկ, որոնք կարծում են, թե խոսքը պարգևների տարբերությունների մասին է, այսինքն՝ կան տարբեր պարգևներ, տարբեր պաշտոններ և տարբեր ներգործություններ: Նրանք ասում են, որ այստեղ Պողոսը երեք տարբեր բաների մասին է խոսում՝ ոչ միայն պարգևների: Նա խոսում է պարգևների, պաշտոնների և ներգործությունների մասին: «Բայց ամեն մեկին տրված է Հոգու հայտնությունը օգտի համար»։ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ նա պարգևները կոչում է «հայտնություն» (անգլերենից բառացի թարգմանված՝ «դրսևորում»). Հոգու հայտնությունը (դրսևորումը) օգտի համար է: Դրանք տրված են ամբողջ եկեղեցու օգտի համար, ոչ թե անհատի: Պողոսը շարունակում է՝ «Որովհետև մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք, և ուրիշին՝ գիտության խոսք...», և թվարկում է ինը պարգևները:
Պարգևների երեք տեսակները
Ինը պարգևները նկարագրելու ամենահեշտ եղանակը հետևյալն է՝ դրանցից երեքը խոսքով են արտահայտվում, երեքը՝ գործով, իսկ մյուս երեքը բացահայտում են ինչոր բան: Խոսքով արտահայտվող երեք պարգևները կոչվում են խոսքի պարգևներ: Դրանք են մարգարեությունը, այլևայլ լեզուները և լեզուների մեկնությունը: Գործով արտահայտվող երեք պարգևները կոչվում են զորության պարգևներ: Դրանք են հավատքի պարգևը, հրաշագործությունները և բժշկությունների պարգևները: Նշված երրորդ պարգևի մասին խոսելիս հունարեն բնագրում միշտ գործածվում է հոգնակի թիվը. թե՛ «բժշկություն» և թե՛ «պարգև» բառերը հոգնակիով են նշվում՝ բժշկությունների պարգևներ (սա միշտ չէ, որ ճիշտ է թարգմանված Աստվածաշնչի «The King James» թարգմանությունում): «Բժշկության պարգև» ասվածը գոյություն չունի: Ինչոր բան բացահայտող պարգևները կոչվում են հայտնության պարգևներ: Դրանք են իմաստության խոսքը, գիտության խոսքը և հոգիների զանազանությունը: Այս պարգևները թվարկված են ըստ իրենց կարևորության: Հայտնության երեք պարգևներից լավագույնը իմաստության խոսքի պարգևն է: Զորության պարգևներից լավագույնը հավատքի պարգևն է: Խոսքի պարգևներից լավագույնը մարգարեության պարգևն է: Իհարկե, ցանկացած իրավիճակում լավագույնն այն պարգևն է, որն ամենաանհրաժեշտն է այդ պահին:
Անգիր. «Բայց հոգևոր պարգևների համար, եղբայրնե՛ր, չեմ կամենում, որ չգիտենաք»։ – Ա Կորնթ. 12.1