Մարկոս 11.23
23. Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ. նա, ով ասի այս լեռանը` վեր կաց և ծովն ընկիր, և չկասկածի իր սրտում, այլ հավատա, որ ինչ ասում է կլինի, պիտի լինի նրան, ինչ որ ասի:
Եկեք փոքր -ինչ մտորենք Հիսուսի հետևյալ խոսքերի շուրջ. «… նա, ով ասի… և չկասկածի իր սրտում, այլ հավատա, որ ինչ ասում է կլինի, պիտի լինի նրան, ինչ որ ասի»: Գիտե՞ր արդյոք Հիսուսը, թե ինչի մասին էր խոսում, թե՞ սրանք պարզապես անպատասխանատու երազողի խոսքեր են: Ո՛չ, սրանք երազողի խոսքեր չեն: Հիսուսն ասում էր հենց այն, ինչ ուզում էր ասել: Եվ ի՞նչ էր Նա ասում: Հիսուսն ասում էր` դուք կունենաք: Դուք կունենաք այն, ինչ կասեք: Եթե իսկապես ձեր սրտում հավատաք ինչ -որ բանի` լինի դրական, թե բացասական, և դա ասեք ձեր շուրթերով, կլինի այն, ինչ ասեք: Մարդը միշտ սրտով հավատում և շուրթերով դավանում է Աստծո բոլոր ծրագրերն ու որոշումները:
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են աստվածաշնչյան այս երկու մեջբերումներն արտահայտում նույն իմաստը.
«… շուրթերով դավանում ենք…» (Հռոմ. 10.10) և «… նա կունենա այն, ինչ կասի» (Մարկ. 11.23):
Եբրայեցիս 4.14
14. Արդ, մենք, որ ունենք մեծ Քահանայապետ, երկինք գնացած, Հիսուսին` Աստծո Որդուն, ամուր բռնենք մեր դավանությունը:
Ո՞րն է այն դավանությունը, որը պետք է ամուր բռնենք և պահպանենք: Դա մեր հավատքի դավանությունն է, Հիսուս Քրիստոսի, Աստծո` մեր երկնային Հոր և Նրա Խոսքի հանդեպ մեր հավատքի դավանությունը: Քրիստոնյաների մեծամասնությունը թեև անկեղծ են, բայց թույլ են: Պատճառն այն է, որ նրանք, իրականում, երբեք չեն համարձակվել դավանել այն, ինչ Աստծո Խոսքն ասում է իրենց մասին: Նրանք երբեք չեն համարձակվել դավանել, որ ունեն այն, ինչ Աստծո Խոսքն ասում է, որ ունեն: Իրականում, ճիշտ դավանությունն ամուր բռնելու փոխարեն, շատերը սխալ դավանություն են անում: Սխալ դավանությունը պարտության, ձախողման և սատանայի տիրապետության դավանությունն է:
Նրանք հաճախ խոսում են սատանայի գործերի մասին, թե ինչ զրկանքներ են կրում, ինչպես են պայքարում, ինչպես է սատանան խոչընդոտում իրենց հաջողությանը` պահելով իրենց հիվանդության և կապանքների մեջ: Եվ քանի դեռ նրանք այդպես են խոսում, Հիսուսի խոսքերի համաձայն, կունենան այն, ինչ ասում են: Ես գիտեմ, որ մարդիկ այդպես չէին վարվի, եթե իմանային, թե ինչ են անում: Նրանց դավանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ չգիտակցված հայտարարություն, թե Աստված` մեր երկնային Հայրը, ձախողակ է: Աստված ձախողակ չէ: Պարտությունն Աստծուց չէ: Եթե խոսում եք պարտության մասին, ուրեմն խոսում եք սատանայի գործերի մասին: Աստված չի ցանկանում, որ եկեղեցին պարտության մեջ քայլի: Նա ասաց, որ դժոխքի դռները չեն հաղթի եկեղեցուն (տես` Մատթ. 16.18):