Սիրո նամակներ Երկնքից
Ավելի շատ աստվածային զորությո՛ւն: Ահա՛, թե ինչ է փափագում Հիսուսի յուրաքանչյուր ճշմարիտ աշակերտը: Վերստին ծնված մեր հոգիներն աղաղակում են դրա համար: Մենք գիտակցում ենք, որ այն կյանքը, որի համար կանչված ենք, շատ ավելի զորավոր է, քան այն, ինչ վերապրել ենք մինչ այժմ: Սա նկատի ունենալով էր Հիսուսն ասում. «…Ինձ հավատացողն այն գործերը, որ Ես գործում եմ, նա էլ կգործի, և նրանցից էլ ավելի մեծ բաներ կգործի, որովհետև Ես Իմ Հոր մոտ եմ գնում» (Հովհ. 14.12): Կրոնը փորձել է մեզ համոզել, որ այն զորությունը, որ Հիսուսը խոստացել էր, վերաբերում է անցյալին կամ ապագային: Բայց իրականում մենք գիտենք, որ Հիսուսը չասաց, թե նրանք, ովքեր հավատում են Իրեն, միայն մի որոշ ժամանակ կգործեն Իր գործերը, իսկ հետո կդադարեն գործել: Եվ ոչ էլ ասաց, որ այն գործերը, որ Ես գործում եմ, դուք էլ կգործեք սրանից մի քանի հազար տարի հետո: Ո՛չ, երբ Աստված ուղարկեց Սուրբ Հոգու զորությունը Հիսուսի մահվանից և հարությունից հետո, Նրա կամքն էր, որ եկեղեցին բարձրանա այդ զորության մեջ տարեց տարի` անդադար: Նա չէր ծրագրել, որ ժամանակ առ ժամանակ մի քանի հավատացյալներ քայլեն այդ զորության մեջ: Նրա կամքն էր, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են Աստծո Որդուն, անդադար գործեն Նրա գործերը (և նույնիսկ ավելի մեծ գործեր)` սկսած Պենտեկոստեի օրից մինչև աշխարհի վերջը: Բայց սատանան ինչ -որ կերպ կարողացավ խոչընդոտել քրիստոնյաներին: Նա խաբեց մեզ` ստիպելով մտածել և անել այնպիսի բաներ, որոնք հանգցրին Աստծո զորությունը: Նա համոզեց մեզ կայացնել այնպիսի որոշումներ, որոնք բառացիորեն պատնեշ կառուցեցին մեր կյանքում Աստծո օրհնությունների համար: Չգիտակցելով, թե ինչ է տեղի ունեցել` մենք աղաչում էինք Աստծուն վերականգնել նախկին փառ քը. «Օ՜, Տե՛ր, ուղարկի՛ր մեզ ավելի շատ զորություն»: Մենք աղոթում էինք. «Ուղարկի՛ր մեզ այն զորությունը, որ ուներ առաջին եկեղեցին»: Բայց իրականում Աստծո զորությունն ու Խոս քը ներկա էին ողջ այդ ժամանակ: Հիսուսի արյունն այսօր նույնքան զորավոր է, որքան որ միշտ: Մեռելներից հարություն առնելուց հետո Երկինքն այդ արյան իշխանության ներքո է, իսկ դժոխքն` այդ արյան սպառնալիքի: Մենք պարզապես անջատել ենք մեզ այդ զորությունից մեր վարքով ու մեր ապրելակերպով: Քանի որ մենք ձախողվեցինք և չկարողացանք նույնանալ այն ամենի հետ, որ Աստված արդեն արել է, մենք դադարեցինք լիովին գործել այն իշխանության մեջ, որ Նա տվել է մեզ: Ոչ թե մենք ենք սպասում Աստծուն, այլ Նա է սպասում մեզ, որպեսզի ազատվենք այն բաներից, որոնք զրկել են մեզ Նրանում ունեցած մեր ժառանգությունից: Նա սպասում է, որպեսզի մենք բացահայտենք և մեր կյանքից դեն նետենք այն բաները, որոնք խափանում են մեր օրհնությունները, որպեսզի Աստծո զորությունը կարողանա հոսել դեպի մեզ և մեր միջոցով:
Դա այնքան բարդ չէ, որքան կարծում եք
Վերադառնանք անմիջապես Հիսուսի խոսքերին: Նա ոչ միայն մեզ ասաց, որ կանենք այն գործերը և ավելի մեծ գործեր, որ Նա էր անում, այլ նաև ասաց, թե ինչպես ենք անելու դա:
«Եթե մնաք Ինձանում, և Իմ խոսքերը ձեզանում մնան, ինչ որ էլ կամենաք, կխնդրեք և կլինի ձեզ: Սրանով փառավորվեց Իմ Հայրը, որ շատ պտուղ բերեք և Իմ աշակերտները լինեք: Ինչպես Իմ Հայրն Ինձ սիրեց, Ես էլ ձեզ սիրեցի. մնացե՛ք Իմ սիրո մեջ: Եթե Իմ պատվիրանները պահեք, Իմ սիրո մեջ կմնաք, ինչպես Ես Իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ Նրա սիրո մեջ» (Հովհ. 15.7-10):
Այս հատվածում Հիսուսը պարզ և հստակ կերպով ասում է, թե ինչպես հարատևենք Նրա զորության մեջ և հեռու վանենք մեզանից այն բաները, որոնք խափանում են մեր օրհնությունները: Մենք դրանք կատարում ենք` պատվիրանները պահելով և Նրա սիրո մեջ մնալով: Միգուցե դու կասես. «Օ՜, ո՛չ: Դժվար է պահել պատվիրանները: Ո՛չ ոք չի կարող դրանք պահել բացի Հիսուսից»: Դա ճիշտ կլիներ ասել Հին ուխտի ժամանակ: Այդ ժամանակ մարդկանց համար անհնարին էր մշտապես հնազանդվել Աստծո պատվիրաններին, քանի որ մեղքի իշխանությունը դեռևս ուժի մեջ էր: Մարդկային բնությունը և սատանան իշխում էին մարդկանց մտքերում և մարմիններում` առանց որևէ խոչընդոտի: Բայց գոհությո՛ւն Աստծուն, որ մենք չենք ապրում Հին ուխտի ժամանակներում: Մենք ապրում ենք Նոր ուխտում: Հիսուսը հաղթեց մեղքը մեզ համար: Նա պոկեց մեղքի խայթը: Նրա մահվան և հարության հանդեպ ունեցած հասարակ հավատքով մենք դարձանք «իրապես մահացած մեղքի համար, բայց կենդանի Աստծո համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»*: Այժմ դժվար չէ պահել Աստծո պատվիրանները, քանի որ մեղքն այլևս իշխանություն չունի մեզ վրա: Մենք լիովին ազատ ենք մեղքից Աստծո շնորհքով: Պատվիրանները մեզ համար խիստ և ծանր բեռներ չեն, որոնք անկարելի է կրել: Դրանք Աստծուց մեզ տրված փառավոր և թանկ ուղեցույցներ են: Դրանք բառացիորեն սիրո նամակներ են մեր երկնային Հորից: