Քո արդար դիրքը Աստծո առջև
«Ուրեմն, եթե մեկը Քրիստոսում է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ: Բայց այն ամենն Աստծուց է, որ մեզ Իր հետ հաշտեցրեց Հիսուս Քրիստոսի ձեռով, և մեզ հաշտության պաշտոն տվեց, որովհետև Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց Իր հետ, և նրանց հանցանքները չհամարեց նրանց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց: Արդ` Քրիստոսի կողմից պատգամավորություն ենք անում, իբրև թե Աստված է հորդորում մեզանով. աղաչում ենք Քրիստոսի տեղ, հաշտվե՛ք Աստծո հետ, որովհետև Աստված Նրան, Որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք Նրանում» (Բ Կորնթ. 5.17-21):
Յուրաքանչյուր ոք Քրիստոսում նոր ստեղծված կամ արարած է (հունարենում բառացիորեն գրված է, որ նա արարչագործության նոր տեսակ է, որ անցյալում երբե՛ք գոյություն չի ունեցել): Նա լիովին վերստեղծված է: Հներն անցան, ամեն ինչ նոր է և ամեն ինչ Աստծուց է և ոչ թե մի մասն Աստծուց է, իսկ մյուսը` սատանայից: Շատերը մտածում են, որ մարդը քրիստոնյա դառնալով սկսում է տառապել շիզոֆրենիայով. նրա մեջ և՛ Աստծո, և՛ սատանայի բնությունն է: Բայց դա այդպես չէ: Վերստին ծնված մարդու հոգին լիովին վերածնվում է և դրանից հետո մարդուն մնում է միայն նորոգել իր միտքն Աստծո Խոսքով և օգտագործել այդ Խոսքը` մարմինը վերահսկելու համար:
Պողոսը գրում էր Հռոմի հավատացյալներին, որոնք վերստին ծնված, Հոգով լցված հավատացյալներ էին, և պատվիրում էր նորոգել իրենց միտքն Աստծո Խոսքով (Հռոմ. 12.1,2): Նրանց հավատքը ճանաչված էր աշխարհով մեկ, բայց նրանց ծանոթ չէր Խոսքով վերահսկել իրենց միտքը և մարմինը: Նա գրեց այս նույն թեմայով Եփեսոսի եկեղեցուն` ասելով. «Դուք հանեցիք ձեր հին մարդուն և նորին հագաք, այնպես որ դադարեք ստելը, խաբեությունները, և մեկդ մյուսի հանդեպ վատ մի՛ վարվեք» (տե՛ս Եփես. 4.22-25, KJV): Նրանք բոլորն էլ հավատացյալներ էին` վերստին ծնված: Նրանք վերստեղծված էին: Նրանք Աստծո արդարությունն էին դարձել, բայց նրանցից շատերը չգիտեին այդ մասին:
Դու Աստծո արդարությունն ես
Կորնթացիների երկրորդ թղթի 5.21-ն ասում է մեզ, որ Աստված մեղք արեց Հիսուսին, որ մեղք չգիտեր, «որ մենք Աստծո արդարությունը լինենք Նրանում»: Որպես Հիսուս Քրիստոսին հավատացողներ` մենք անձամբ Աստծո արդարությունն ենք: Ի՞նչ է արդարությունը: Դա բարեպաշտ վարքը չէ, ոչ էլ մի այնպիսի բան, որ կարելի է ձեռք բերել: Արդարությունն Աստծո ձրի պարգևն է` տրված մեզ Գողգոթայում Հիսուս Քրիստոսի կողմից Աստծո շնորհքով: Ես չեմ խոսում մեր արդարության մասին: Աստվածաշունչն ասում է, որ Աստծո աչքերում «…դաշտանի շորի պես է մեր ամեն արդարությունը…» (Եսայի 64.6): Այնուամենայնիվ` Աստծո արդարությունը մեզ տրված է Հիսուս Քրիստոսում: Մեր ավանդական մտածելակերպով մենք շփոթում ենք արդարությունը սրբության հետ: Մեր կարծիքով արդարությունը դա մեր վարվելակերպն է, բայց դա ճիշտ չէ: Սրբությունը վերաբերում է քո վարքին, իսկ արդարությունը` Աստծո առջև քո ունեցած դիրքին: «Արդարություն» բառը նշանակում է լինել «արդար դիրքում»: Մենք Քրիստոսով արդար դիրքում ենք դրվել Աստծո առջև: Հիսուսը Միջնորդն է մարդու և Աստծո միջև: Երբ մարդն ընդունում է Հիսուսին, նա տեղափոխվում է վերստին ծննդի դիրքի մեջ: Նա մուտք է գործում Աստծո արքայություն` որպես Աստծո սեփական զավակ և Քրիստոսի հետ ժառանգակից: Հետևաբար կան որոշակի արտոնություններ, իրավունք ներ և ազատություններ, որ մենք ունենք որպես Աստծո զավակներ, որովհետև մենք արդար դիրքում ենք Նրա առջև:
Մենք չհայտնվեցինք Աստծո առջև արդար դիրքում` մեր բարի լինելով կամ ճիշտ վարվելով: Մենք հայտնվեցինք այդտեղ Հիսուս Քրիստոսի և Գողգոթայի վրա Նրա փրկարար գործի հանդեպ մեր հավատքի շնորհիվ: Երբ ընդունեցինք Հիսուսի զոհը, և Նա դարձավ մեր կյանքի Տերը, Աստված ընդունեց մեզ: Նա ստիպված էր: Աստված արդեն ընդունել էր Իր Որդու զոհը Խաչի վրա: Նա Հիսուսի զոհը համարել էր բարի, փառավորել էր Նրան որպես Աստված և նստեցրել Իր աջ կողմը: Այդ իսկ պատճառով` Հայրը ստիպված է ընդունել մեզ, երբ մենք ընդունում ենք Հիսուսին: Մեր վարքը բացարձակապես ոչ մի կապ չունի դրա հետ:
«Որովհետև Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց Իր հետ, և նրանց հանցանքները չհամարեց նրանց…» (Բ Կորնթ. 5.19): Այս խոսքն ասում է, որ Աստված չի՛ պահում մեր մեղքերը և չի՛ համարում մեր հանցանքները: Երբեմն Ավետարանը ամբողջությամբ է քարոզվել, երբեմն քարոզվել են միայն դրա որոշ մասերը: Մենք լսել ենք, որ Աստված չի՛ ներում մեղավորին, քանի դեռ նա չի խոստովանում իր մեղքը, բայց դա ճշմարի՛տ չէ: Աստված արդեն ներում է շնորհել մեզ և չի՛ հիշում մեր հանցանքները: Մեղքերի դավանության մասին այս ուսմունքը հիմնվում է Ա Հովհաննես 1.9-ի վրա. «Եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողի մեզ…»: Այնուամենայնիվ` այս նամակը գրվել էր քրիստոնյաներին, որպեսզի նրանք պահպանեն իրենց փոխհարաբերություններն Աստծո հետ: Հովհաննես առաքյալը գրում է. «Որդյակնե՛րս, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչե՛ք, և եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ` Հիսուս Քրիստոս արդարին, և Նա քավություն է մեր մեղքերի համար, և ոչ մի այն մերինների, բայց բոլոր աշխարհի էլ» (Ա Հովհ. 2.1,2): Հովհաննեսը խոսում էր քրիստոնյայի մեղքերի մասին և սովորեցնում հավատացյալներին մասնակցություն ունենալ Հիսուսի բարեխոսական ծառայության մեջ:
Հովհաննես 3.16-ն ասում է. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց…»: Աստված սիրեց մեզ, իսկ Հիսուսը տվեց Իր կյանքը մեզ համար, երբ մենք մեղքի մեջ էինք: Աստված չի հիշում մեր հանցանքները, Նա կանչում է մեզ, որպեսզի Հիսուսը դառնա մեր Տերը: Նա ընդունեց մեզ Հիսուսի արդար դիրքի հիման վրա, և Նա էլ մեզ արդար դիրքի վրա դրեց: Միակ մեղքը, որ պահում է մարդուն Աստծո արքայությունից, Հիսուսին մերժելն է (Հովհ. 16.9):