Հավատքից Հավատք

(0)

Նախաբան

 

 

 

Սիրելի՛ բարեկամ 

 

Ավելի քան 25 տարի առաջ մենք առաջին անգամ վճռեցինք ապրել հավատքով: Այդ օրվանից իվեր մեր կյանքը դարձել է առավել փառավոր և ցնցող, քան երբևէ կարող էինք պատկերացնել: Մենք այնքան հաղթանակներ ենք տեսել` հոգևոր, ֆիզիկական, ֆինանսական, որ նույնիսկ հաշվելն անհնար է: Բայց այդ հաղթանակները մի գիշերվա մեջ չեն եկել: Մեր բանկային հաշիվը չկրկնապատկվեց, երբ առաջին անգամ մենք վեր ցատկեցինք ու ասացինք. «Իմ Աստված լրացնում է իմ կարիքները Իր հարստության ճոխության չափով` Հիսուս Քրիստոսի միջոցով»: Հիվանդությունը մեկընդմիշտ չանհետացավ, երբ առաջին անգամ մենք դավանեցինք. «Նրա վերքերով ես բժշկված եմ»: Այդ հաղթանակները հետևեցին մեզ, քանի որ բռնվելով Աստծո Խոսքից` այն այլևս բաց չթողեցինք: Անգամ այն ժամանակ, երբ այդ Խոսքը թվում էր, թե չի գործում, մենք շարունակում էինք խորհել դրա շուրջ և բարձրաձայն հռչակել Խոսքը: Մենք շարունակում էինք ամեն օր և օրեցօր մեր հավատքը սնել Աստծո Խոսքով: Վերջին հաշվով, ինչպես որ Մարկոս 11.23–ում է ասվում, այդ հավատքը մեր կյանքում սկսեց սարեր շարժել: Այդ պատճառով էլ մենք այնքան ուրախ ենք, որ հենց հիմա այս գիրքը քո ձեռքերում է: Դրա ստեղծման նպատակն է օգնել քեզ սնել քո հավատքը, ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ ամեն օր: Այն ստեղծված է քաջալերելու քեզ շարունակել գնալ առաջ, մինչև որ քո մեջ կձևավորվի սարեր տեղափոխող հավատք, որը քեզ կդարձնի ավելի քան հաղթող քո կյանքի բոլոր բնագավառներում: Տարիներ առաջ Տերն ասաց Գլորիային. «Զորությունը հետևողականության մեջ է»: Մեր աղոթքն է, որ այս գիրքը օգնի քեզ այնքան հետևողական դառնալ Խոսքի մեջ, որ Նրա զորությունը պոռթկա քո մեջ: Մեր փորձառությունից մենք գիտենք, որ այդ զորությունը կմղի քեզ քայլել հավատքից հավատք և հաղթանակից հաղթանակ քո կյանքի մնացած օրերին: Քենեթ և Գլորիա Քոփլանդներ 

 

 

Հունվարի 1

 

Ուրախ Նոր տարի

 

 «Որովհետև ով որ Տիրոջ անունը կանչի, կապրի»: Հռոմեացիների 10.13

 

Այսօր մարդիկ ամենուր հավաքվում են տոնելու Նոր տարվա առաջին փայլուն ակնթարթները: Սակայն շատ ու շատ մարդկանց համար այսօրը կարող է լինել կյանքի ամենադժվարին 24 ժամը: Նրանց համար Նոր տարին մշուշի նման կհիշեցնի իրենց միայնակությունն ու պարտությունները` պարզապես ընդգծելով անհաջողություններով լի մեկ այլ տար վա սկիզբը: Իսկ քեզ համար ինչպիսի՞ն է Նոր տարին: Ինչպիսի՞ն պետք է լինի այս տարին քեզ համար: Գուցե արտաքինից բավականին զվարթադեմ ես և շատերի նման շռայլում ես քո տոնական ժպիտներն ու բարեմաղթանքները, բայց ներսումդ ամեն ինչ տակնուվրա է լինում: Գուցե հուսահատված ես, և թվում է` այլևս չես կարող այսպես շարունակել: Եթե այդպես է, ուզում եմ, որ մի բան իմանաս: Այդ մղձավանջը կարող է մեկ ակնթարթում փոխվել: Այսօր կարող ես կյանքդ նորից սկսել և այս Նոր տարին դարձնել կյանքիդ ամենաուրախ օրը: Քանի՞ անգամ ես ինքդ քեզ ասել. «Եթե կարողանայի ամեն ինչ նորից սկսել, ամեն բան այլ կերպ կանեի»: Բայց դա չպետք է լոկ երազանք լինի: Իրականում  Հիսուս Քրիստոսը դա հնարավոր է դարձրել: Դա Նրա Սուրբ Ծննդյան նվերն է քեզ: Նա վճարել է քո բոլոր մեղքերի գինը և սխալների տույժը: Դրա համար Նա եկավ աշխարհ: Դրա համար Նա ծնվեց, որպեսզի դու կարողանաս ամեն ինչ նորից սկսել: Գուցե ետ նայելով ասես. «Բայց չէ՞ որ ես սարսափելի սխալներ եմ գործել: Ես ստոր բաներ եմ արել»: Դա էական չէ: Հիսուսը այդ ամենի գինը վճարել է: Ինչպե՞ս կարող ես ամեն բան նորից սկսել: Հռոմեացիների 10.9-ում ասվում է. «Եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, որ Աստված հարություն տվեց Նրան մեռելներից, կփրկվես»: Դա այնքան հեշտ է, պարզապես պետք է ասել. «Հիսո՛ւս, ես իմ կյանքը տալիս եմ Քեզ: Այսօրվանից ես Քոնն եմ»: Որքա˜ն հիասքանչ է նոր կյանք սկսել հենց Նոր տարվա առաջին օրը: Այս պահին որտեղ էլ որ լինես, հանձնի՛ր քո կյանքը Հիսուսին: Հետո վե՛ր կաց, ցնծա՛ ու աղաղակի՛ր. «Փա՜ռք Աստծուն, ես ամեն ինչ նորից եմ սկսում...»: Ասա՛ այս խոսքերը և այնժամ իսկապես կհասկանաս, թե ինչ է նշանակում ուրախ Նոր տարի: ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ Հռոմեացիների 10.13

 

 

Հունվարի 2

 

Նայի՛ր վեր 

 

 

«Ուրեմն մտածեք Նրա վրա, Ով Իր դեմ եղած այսպիսի հակառակություն քաշեց մեղավորներից, որ դուք ձեր անձերով չհոգնեք թուլացած»: Եբրայեցիների 12.3

 

Նայի՛ր վեր, քանի որ նման պահերին ամբողջ կյանքդ կարող է դրանից կախված լինել: Որոշ ժամանակ առաջ Աստված ցույց տվեց ինձ, որ հոգնածության մի ոգի փորձում է ներխուժել մեր կյանքերի մեջ՝ օգտագործելով մեզ շրջապատող ամեն տեսակ ճնշումներն ու վատ լուրերը: Այդ ոգին փորձում է մեր աչքերը հեռացնել Աստծո Խոսքից՝ գրոհելով մեզ բացասական ուժերով: Այն ստիպում է մեզ ներքև նայել՝ պարտություններին, այլ ոչ թե վեր՝ Հիսուսին: Եթե տեղի տաս դրան, քո ներսի մարդը կսկսի կորցնել իր իշխանությունը: Խոսքն ասում է, թե ինչ կլինի դրա արդյունքում. «...ձեր անձերով կհոգնեք ու կթուլանաք»: Հիսուսը Մարկոսի 4-ում այսպես է ասում, որ երբ այս աշխարհի հոգսերը մտնում են սրտիդ մեջ, նրանք խեղդում են Խոսքը և անպտուղ դարձնում այն: Եվ քանի որ հավատքը Խոսքի արդյունք է, ուրեմն քո հավատքը կհանգչի, և դու կբռնես կործանման ուղին: Ի՞նչ կարող ես անել, որպեսզի կանգնեցնես հոգնածության այս շղթայական ռեակցիան: Նայիր վեր: Աչքերդ թող Հիսուսին նայեն: Որոշ սպորտաձևերում, երբ հակառակորդներից մեկը գլուխը կախում է, նշանակում է, որ նա այլևս վտանգավոր չէ, և նրան հեշտությամբ կարելի է հաղթել: Ուստի վե՛ր պարզիր գլուխդ: Մտածի՛ր Հիսուսի մասին, Ով հավատքիդ Սկիզբն ու Վերջն է: Այս աշխարհի հոգսերի մասին մտածելու փոխարեն Նրա մասին մտածի՛ր: Խորհի՛ր, թե ինչ է Աստված ասում Իր Խոսքում: Շարժվի՛ր Աստծո Խոսքով: Թող Նրա մտքերը քո մտքերը դառնան: Նայի՛ր վեր: Հայացքդ շրջապատող իրավիճակներից տեղափոխիր դեպի քո երկնային աղբյուրները: Մի՛ վախեցիր, թե ամեն բան կկորցնես: Աստված է քո Աղբյուրը և ոչ թե աշխարհը: Նա կարող է հոգ տանել քեզ համար անկախ ամեն ինչից: Վերջին շրջանում եթե թուլացել ես, բարձրացրո՛ւ  քո հայացքը: Գլուխդ վե՛ր պարզիր և ոչ թե ցած նայիր: Աստված վերևում է: Հիսուսը վերևում է, իսկ սատանան ներքևում է՝ քո ոտքերի տակ: Նայի՛ր վեր: ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ Եսայի 40.21-31

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up