Սեր. ճանապարհ դեպի հաղթանակ

(0)

Գլուխ 1

Աստվածային սիրո բնութագիրը

Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, ողորմածություն. այս երեքը, և ՍՐԱՆՑԻՑ ՄԵԾԸ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅՈՒՆՆ [սերն] է:

                                                                                                                        — Ա Կորնթացիների 13.13 (NKJ)

Նա, որ չի սիրում, Աստծուն չի ճանաչել, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է:

                                                                                                                         — Ա Հովհաննես 4.8

Աստվածաշնչում գրված է, որ Աստված սեր է: Գրված է նաև, որ սերն ավելի մեծ է, քան հավատքը կամ հույսը: Ուստի եթե Աստված սեր է, ապա մենք պետք է իմանանք, թե ինչ է սերը՝ աստվածային սերը: Աստվածաշնչի «Քինջ Ջեյմս» թարգմանությունում Ա Կորնթացիների 13.13-րդ խոսքում «սեր» բառը թարգմանված է ողորմածություն: Իրականում, ափսոսանքի տեղ է տալիս այն, որ «ագապե» բառը թարգմանվել է ողորմածություն, քանի որ այն չի արտահայտում տվյալ խոսքում օգտագործված հունարեն բառի ամբողջական իմաստը: Բառարանում «ողորմածություն» բառը սահմանված է որպես բարյացակամություն կամ սեր մարդկության նկատմամբ: Մինչդեռ տվյալ խոսքում օգտագործված է հունարեն «ագապե» բառը, ինչը նշանակում է Աստծո սեր: Նոր Կտակարանի մյուս բոլոր հատվածներում «ագապե» բառը թարգմանված է սեր և ոչ թե ողորմածություն: Օրինակ՝ Ա Հովհաննես 4.8-րդ խոսքում Աստվածաշունչը բառացիորեն ասում է՝ «Աստված ագապե է», այլ կերպ ասած՝ «Աստված սեր է»: Ուստի «ագապե» նշանակում է աստվածային սեր: Իսկ ի՞նչ է ագապեն կամ Աստծո սերը: Մինչ կպատասխանեմ այդ  հարցին, թույլ տվեք Աստծո սիրո վերաբերյալ հետաքրքիր մի բան ցույց տալ ձեզ: Աստվածաշնչում գրված է, որ սերն ավելի մեծ է, քան հույսը կամ հավատքը (Ա Կորնթ. 13.13): Ինչո՞ւ է Աստծո սերն ավելի մեծ, քան հույսը կամ հավատքը: Առաջին՝ հավատքն առանց սիրո չի գործում: Այլ կերպ ասած՝ սիրուց է կախված՝ հավատքը կգործի, թե ոչ: Գաղատացիների 5.6-ում գրված է. «Որովհետև Քրիստոս Հիսուսում ո՛չ թլփատությունն է մի բան կարող և ո՛չ անթլփատությունը, այլ հավատքը, որ սիրով գործում է»: Ուրեմն եթե հավատքն առանց սիրո չի գործում, սերն ավելի մեծ է, քան հավատքը: Հավատքը գործի դնելու համար սեր է անհրաժեշտ: Երկրորդ՝ հավատքը չի գործում առանց հույսի: Եբրայեցիների 11.1-ի «Նոր անգլերեն» թարգմանությունում գրված է. «Հավատքը առարկայացնում է մեր հույսը»: Ուստի որպեսզի ձեր հավատքը առարկայացնի ձեր հույսը, նախ ինչ-որ բանի հույս պետք է ունենաք: Հետևաբար հավատքը կախված է նաև հույսից:  

 

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 11.1

1 ՀԱՎԱՏՔՆ էլ ՀՈՒՍԱՑԱԾ բաների հասատատությունը և չերևացող բաների ապացույցն է:

 

Ինչպես տեսնում եք, եթե որևէ բանի հույս չունենաք, հավատքը չի գործի, քանի որ այն չունի Աստծուն հավատալու նպատակ: Հետևաբար հավատքն առանց հույսի չի գործում: Բացի այդ՝ հավատքի արդյունավետությունը կախված է նաև սիրուց: Ահա թե ինչու է Աստվածաշնչում ասվում, որ սերն ավելի մեծ է, քան հույսը կամ հավատքը (Ա Կորնթ. 13.13):

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 13.1-3

1 Եթե մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր [աստվածային սեր] չունեմ, ես եղա ձայն հանող պղինձ կամ հնչեցող ծնծղա:

2 Եվ եթե մարգարեություն ունենամ և գիտենամ ամեն խորհուրդները և ամեն գիտությունը և եթե ամեն հավատքն ունենամ, մինչև սարերն էլ տեղափոխելու, բայց սեր [աստվածային սեր] չունեմ, ոչինչ եմ:

3 Եվ եթե իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ և իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սեր [աստվածային սեր] չունեմ, ես ոչինչ օգուտ չեմ չունենա:

Աստվածաշնչում գրված է, որ նույնիսկ եթե մեր միջոցով դրսևորվեն Հոգու բոլոր պարգևները, առանց Աստծո սիրո դրանից ոչ մի օգուտ չենք ունենա. այդ ամենը ոչինչ կհամարվի: Խորհե՛ք սրա շուրջ: Եթե հասկանանք բոլոր խորհուրդները, ունենանք ամբողջ գիտելիքն ու հավատքը, սակայն մեր մեջ չգործի և մեզնից չհոսի Աստծո սերը, մենք դրանից ոչ մի օգուտ չենք ունենա: Նույնիսկ աղքատներին օգնելը և ինքնազոհողության գնալը ոչինչ են, եթե մեր դրդապատճառը սերը չէ: Ձեր ոչ մի արարքը ձեզ օգուտ չի բերի, եթե դրա դրդապատճառը Աստծո սերը չէ: Ահա թե ինչու է այդքան կարևոր աստվածային սերը, և թե ինչու է Աստվածաշունչն ասում, որ այն ավելի մեծ է, քան հավատքը կամ հույսը: Բացի այդ՝ Աստվածաշունչն ասում է, որ սիրո՝ մեր մեջ բնակվող Աստծո սիրո շնորհի՛վ մարդիկ կիմանան, որ մենք Նրա աշակերտներն ենք: Աստվածաշնչում չի ասվում, որ մեր հավատքից կամ հույսից մարդիկ կհասկանան, որ մենք Նրա աշակերտներն ենք: Ո՛չ, մեր մեջ և մեր միջոցով գործող Աստծո սիրո շնորհիվ մարդիկ կիմանան, որ մենք քրիստոնյա ենք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ 13.35

35 Սրանով կգիտենան ամենքը, թե Իմ աշակերտներն եք, ԵԹԵ ԻՐԱՐ ՎՐԱ ՍԵՐ ՈՒՆԵՆԱՔ:

Ինչի՞ց է աշխարհն իմանալու, թե մենք քրիստոնյա ենք: Նրանից, որ սիրում ենք իրար:

 

Սիրո սահմանումը

 

Եթե աստվածային սերն այդքան կարևոր է, ապա մենք պետք է իմանանք, թե որն է այդ սերը: Իհարկե, հասկանում եք, որ աստվածային սերը նույնը չէ, ինչ բնական մարդկային սերը: Բնական մարդկային սերը հանկարծակի կարող է վերածվել ատելության, իսկ Աստծո սերը երբեք չի ձախողվում:Աստծո սիրո սահմանմանը կարող ենք ծանոթանալ Ա Կորնթացիների 13-րդ գլխում:

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 13.4-8

4 Սերը [Աստծո սերը] ԵՐԿԱՅՆԱՄԻՏ է, ՔԱՂՑՐ է. սերը ՉԻ ՆԱԽԱՆՁՈՒՄ, ՉԻ ԳՈՌՈԶԱՆՈՒՄ, ՉԻ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ:

5 ՉԻ ԼՐԲԱՆՈՒՄ, ԻՐԵՆԸ ՉԻ ՈՐՈՆՈՒՄ, ՉԻ ԳՐԳՌՎՈՒՄ, ՉԱՐԸ ՉԻ ՄՏԱԾՈՒՄ,

6 ԱՆԻՐԱՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՉԻ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ, բայց ՈՒՐԱԽԱՆՈՒՄ է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ:

7 ԱՄԵՆ ԲԱՆԻ ԴԻՄԱՆՈՒՄ Է. ԱՄԵՆ ԲԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ԱՄԵՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ԱՄԵՆ ԲԱՆԻ ՀԱՄԲԵՐՈՒՄ Է:

8 ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՎԵՐՋԱՆԱ. եթե մարգարեություններ կան, կխափանվեն, եթե լեզուներ, կլռեն, եթե գիտություն, կխափանվի: 

Ինչպես տեսնում եք, Աստծո սերն ավելի մեծ է, քան Պողոսի այս բոլոր թվարկածները: Այն ավելի մեծ է, քան մարգարեությունները, լեզուները, ավելի մեծ է, քան գիտելիքը: Ինչո՞ւ է այն ավելի մեծ: Քանի որ մի օր բոլոր այդ բաներն անհետանալու և անցնելու են, մենք դրանց կարիքն այլևս չենք ունենալու: Սակայն Աստծո սերը երբեք չի անցնի: Երկնքում չեն լինի լեզուներով խոսել, մարգարեություն, գիտության խոսք, Հոգու պարգևները ևս չեն գործի Երկնքում. դրանք անցած կլինեն: Սակայն սերը՝ աստվածային սերը, կմնա հավիտյան. այն չի անցնի, քանի որ Աստված սեր է, ու Նա հավիտյան է: Աստծո սերը ոչ միայն հավիտյան է, այլև, ինչպես Աստվածաշունչն է ասում, համբերում է ամեն բանի, որ կարող է պատահել: Ի՞նչ է նշանակում ամեն բանի համբերել: Աստվածաշնչի «Ընդլայնված» թարգմանությունում գրված է. «Սերը դիմանում է ցանկացած բանի և ամեն բանի, որ կարող է պատահել…» (խոսք 7): Աստվածային սիրո մեջ հույսը չի մարում, և Աստծո սերը երբեք չի ձախողվում: Հիմա եկե՛ք ընթերցենք նույն հատվածը Աստվածաշնչի «Ընդլայնված» թարգմանությունից, քանի որ այն ավելի պարզ է սահմանում աստվածային սերը:

 

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 13.4-8 (AMP)

4 Սերը երկար է համբերում. այն համբերատար է և բարի: Սերը երբեք չի նախանձում կամ խանդով չի վառվում, պարծենկոտ կամ սնափառ չէ, այն մեծամտաբար չի վարվում:

5 Այն ինքնահավան չէ և ոչ էլ ամբարտավան, փքված չէ հպարտությունից. այն կոպիտ (անքաղաքավարի) չէ, անվայելուչ չի վարվում: Սերը [Աստծո սերը մեզանում] չի պնդում իր իրավունքներն ու իր ճանապարհը, այն իրենը չի որոնում: Դյուրագրգիռ չէ, ոչ էլ նեղացկոտ կամ հիշաչար: Սերը հաշվի չի առնում իր դեմ գործված չարիքը, ուշադրություն չի դարձնում իր հանդեպ թույլ տրված սխալին:

6 Սերը չի ուրախանում գործված անարդարությունից և անիրավությունից, այլ ուրախանում է, երբ արդարությունն ու ճշմարտությունը հաղթում են:

7 Սերը դիմանում է ամեն բանի, որ կարող է պատահել, միշտ պատրաստ է հավատալու լավագույնին յուրաքանչյուրի մեջ, նրա հույսը չի մարում ոչ մի իրավիճակում, այն համբերում է ամեն բանի [առանց թուլանալու]:

8 Սերը երբեք չի ձախողվում, երբեք չի մարում կամ չի մաշվում ու չի սպառվում: Ինչ վերաբերում է մարգարեությանը [Աստծո կամքը և նպատակը մեկնելու պարգև], դա կիրականանա և կանցնի, լեզուները կլռեն, դրանք կդադարեն, գիտելիքը ևս կանցնի [կկորցնի իր արժեքն ու կփոխարինվի ճշմարտությամբ]:

Երանի՜ հավատացյալները ժամանակ հատկացնեին այս խոսքերի ուսուասիրությանը և թույլ տային, որ սուրբգրային այս հատվածը ներծծվեր իրենց մտքի ու սրտի մեջ: Միայն այս խոսքերի լույսի մեջ քայլելը կլուծեր նրանց շատ խնդիրներ: Օրինակ՝ ուշադրությո՛ւն դարձրեք Ա Կորնթացիների 13.4-ին «Ընդլայնված» թարգմանությունում՝ «Սերը երկար է համբերում. այն համբերատար է և բարի»: Ոմանք երկար են համբերում, սակայն այդ ընթացքում համբերատար և բարի չեն: Նրանք երկար համբերում են, պարզապես որովհետև ստիպված են, բայց դա այնպես են անում, որ բոլորն իմանան, որ իրենք երկար համբերում են:Օրինակ՝ երբեմն ամուսինը տառապում է և համակերպվում որոշ բաների հետ իր կնոջ պատճառով, սակայն այդ ընթացքում բարություն չի ցուցաբերում կնոջ նկատմամբ: Երբեմն կինն է ստիպված տառապել և համակերպվել ամուսնու հետ որոշ հարցերում, բայց դա այնպես է անում, որ ամուսինն իմանա, որ ինքը տառապում է: Մինչդեռ աստվածային սերը երկար է համբերում և այդ ընթացքում համբերատար ու բարի է. այն չի թուլանում, չի մարում ու չի սպառվում: Այն երբեք չի վերջանում: Այս խոսքին սերտորեն կապված է 7-րդ խոսքը. «Սերը դիմանում է ամեն բանի, որ կարող է պատահել»: Լսել եք, երբ մարդիկ ասում են. «Բավակա՛ն է, ես այլևս չեմ կարող նրան սիրել»: Սերը կարող է. Աստծո սերը կարող է դիմանալ ամեն բանի՝ առանց թուլանալու կամ սպառվելու: Եվ քանի որ Աստծո սերը ձեր մեջ է, դուք կարող եք դիմանալ ամեն բանի, որ կարող է պատահել: Գուցե ասել եք. «Ես այլևս չեմ կարող տանել սա» կամ «Այլևս չեմ կարող այսինչ մարդուն հանդուրժել», սակայն ձեր մեջ և ձեր միջոցով գործող Աստծո սերը կարող է: Խորհե՛ք սրա շուրջ, թե ինչպես է Աստված հանդուրժում մեզ բոլորիս: Ես գրեթե տասներկու տարի հովիվ եմ եղել և գիտեմ, որ երբեմն որոշ մարդկանց դժվար է հանդուրժել: Օրինակ՝ հիշում եմ, երբ հովիվ էի, երբեմն գիշերը սկսում էի մտածել, թե ինչպես է Աստված մեզ բոլորիս հանդուրժում, ու այդ մտքից ծիծաղում էի: Ասում էի Տիրոջը. «Տե՛ր, իմ համբերությունը գրեթե հատնում է ոմանց հետ, իսկ Դու համբերատար ես բոլորիս հանդեպ»: Աստված չէր խնդրի մեզ անել մի բան, որը մեր ուժերից վեր է: Եթե նա ասել է, որ սիրենք իրար, ուրեմն մենք կարող ենք դա անել: Ինչո՞ւ. որովհետև Աստված սեր է, իսկ մենք հաղորդակից ենք Նրա սիրուն, որը սփռված է մեր սրտերում: Իրականում, Աստծո ամենահզոր հատկանիշն այն է, որ Նա սեր է: Սերն Աստծո բնույթն է: Եվ երբ մենք վերստին ծնվեցինք, Սուրբ Հոգով նրա սերը սփռվեց մեր սրտերում: Աստծո սերը ամեն բանի դիմանում է: Ինձ սխալ մի՛ հասկացեք: Ես ևս երբեմն ցանկացել եմ հանձնվել, բայց իմ ներսում Աստծո սերը թույլ չի տվել դա, քանի որ այն ամեն բանի դիմանում է, չի թուլանում, չի մարում ու չի սպառվում: Ուստի եթե մենք քայլենք Աստծո սիրո լույսի մեջ, մենք ևս չենք թուլանա. կկարողանանք սիրել մարդկանց՝ անկախ այն բանից՝ մեր մարդկային բնությանը դա դուր է գալիս, թե ոչ: Մենք մարդկանց պետք է սիրենք այն սիրով, որն Աստված է: Այժմ եկե՛ք դիտարկենք աստվածային սիրո մեկ այլ հատկանիշ: Ա Կորնթացիների 13.5-ում գրված է, որ Աստծո սերը «չի լրբանում, իրենը չի որոնում»: Ուստի մեր մեջ և մեր միջոցով գործող Աստծո սերը «իրենը չի որոնում»: «Ընդլայնված» թարգմանությունում ասվում է «Սերը [Աստծո սերը մեզանում] չի պնդում իր իրավունքներն ու իր ճանապարհը, այն իրենը չի որոնում»: Սա նշանակում է, որ աստվածային սերը եսակենտրոն չէ. այն իրեն ու իր շահն առաջնահերթ չի համարում: Արդյոք դուք նախ ձեր շա՞հն եք կարևորում, թե՞ այլոց բարօրությունը: Ուրիշների շահը ձեր շահից վեր դասելը լավ կանոն է, որին հետևելով՝ կարող եք տեսնել, թե արդյոք քայլում եք աստվածային սիրո մեջ: Շատ հաճախ հավատացյալները գնում են բնական հունով և ոչ թե Հոգով: Երբևէ խորհե՞լ եք սրա շուրջ: Հոգով գնալը աստվածային սիրով վարվելն է: Սակայն շատ հաճախ մարդիկ գնում են բնական հունով և եսասիրաբար են վարվում: Որքան էլ դա ցավեցնի ուրիշին, նրանք, օրինակ, կարող են ասել՝ «Ես իրավունքներ ունեմ և ամեն գնով կպաշտպանեմ դրանք»: Իսկ աստվածային սերը չի պնդում իր իրավունքները: Քանի դեռ դուք պատրաստվում եք պայքարելու ձեր իրավունքների համար, դուք չեք քայլում աստվածային սիրո մեջ: Երբեք չեք կարողանա Աստծուն լիովին հավատալ, քանի դեռ չեք սկսել քայլել աստվածային սիրո մեջ: Ինչո՞ւ. որովհետև Աստված սեր է, իսկ աստվածային հավատքը գործում է սիրով: Ուստի Աստծուն լիովին հավատալու և Աստծո հավատքով գործելու համար դուք պետք է քայլեք Աստծո սիրո մեջ:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up