Լսել Աստծուց ամեն առավոտ

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոյս Մայեր
  • Formats available: pdf
  • Դիտում

Աստված կասի քեզ այն ամենը, ինչ կարիք ունես իմանալու

 

«Կինն ասաց Նրան. «Գիտեմ, որ Մեսիան պիտի գա. Նա, որ Քրիստոս (Օծյալ) է կոչվում, և երբ Նա գա, կպատմի մեզ այն ամենը, ինչ կարիք ունենք իմանալու, և այդ ամենը հասկանալի կդարձնի մեզ»» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.25): Քեզ սպասում է հետաքրքիր և հուզիչ ճամփորդություն, եթե ուզում ես սովորել լսել Աստծուց և առաջնորդվել Սուրբ Հոգով: Աստված ցանկանում է խոսել քեզ հետ և ասել այն ամենը, ինչ պետք է իմանաս՝ կյանքը վայելելու և օրհնվելու համար, իմաստուն լինելու և իրականացնելու այն բարի ծրագրերը, որ Նա ունի քեզ համար: Աստված միշտ պատրաստ է լավ և օգտակար խորհուրդներ հայտնելու, սակայն երբեմն մարդիկ չեն օգտվում այդ հնարավորությունից, քանի որ չեն գիտակցում, որ Աստված խոսում է իրենց հետ: Նրանք պետք է սովորեն լսել Աստծուն և հնազանդվել Նրա ձայնին: Երկրային ծնողները մշտապես խոսում են իրենց երեխաների հետ, այդ դեպքում ինչո՞ւ մեր երկնային Հայրը չպետք է խոսի մեզ հետ: Ծնողները չեն ակնկալում երեխաներից այն, ինչ չեն սովորեցրել նրանց. նույնպիսի վերաբերմունք Աստված ունի Իր զավակների հանդեպ: Նա ցանկանում է ասել մեզ այն ամենը, ինչ կարիք ունենք իմանալու: Հաճախ մենք ուզում ենք գնալ մեր ճանապարհներով, որպեսզի անենք այն, ինչ ցանկանում ենք, և այն ժամանակ, երբ ցանկանում ենք: Սակայն, երբ այդպես ենք վարվում, վերջին հաշվով մոլորվում ենք և վատնում մեր կյանքը: Մենք կարիք ունենք, որ Սուրբ Հոգին առաջնորդի մեզ մեր կյանքի բոլոր օրերում, և Նա պատրաստ է անելու դա՝ մեզ հետ խոսելով և հայտնելով այն ամենը, ինչ կարիք ունենք իմանալու:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Սուրբ Հոգին քո առաջնորդն է և մխիթարիչը, Նա քեզ հետ է ամեն օր՝ քսանչորս ժամ անընդմեջ:

 

Կենսական անհրաժեշտություն

 

«Մեկ բան եմ խնդրել Տիրոջից, որը կփնտրեմ, կփափագեմ և [համառորեն] կհարցաքննեմ. որ Տիրոջ տանը [Նրա ներկայության մեջ] բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում, որ Տիրոջ գեղեցկությունը [քաղցր գրավչությունը և սքանչելիությունը] տեսնեմ և ակնապիշ նայեմ ու խորհրդածեմ, զննեմ և հարցաքննեմ Նրա տաճարում» (ՍԱՂՄՈՍ 27.4): Եթե փափագում ենք լսել Աստծուց, այդ դեպքում Նրան փնտրելը պետք է լինի առաջնահերթություն: Այսօրվա խոսքում Դավիթն անդրադառնում է մարդու կյանքի ամենակարևոր պահանջմունքին: Նրա համար Աստծո ներկայությունը կենսական անհրաժեշտություն էր: Դավթի կյանքում բազում հնարավորություններ են եղել հաջողության հասնելու և վստահություն ձեռք բերելու համար: Աստծո ներկայությամբ զորացած՝ Նա սպանեց սարսափազդու հսկային ընդամենը մի պարսատիկով և հինգ գայլախազ քարով: Աստված ընտրեց, որ այս հասարակ պատանի հովիվը դառնար Իսրայելի թագավոր՝ չնայած այն բանին, որ նա իր եղբայրներից ամենակրտսերն էր: Համբավն ու հարստությունը, որ Դավիթը հետագայում ունեցավ, շատերի կարծիքով այն ամենն էին, ինչ նրան բավականություն կպատճառեին: Թեև Դավիթը բազում կերպերով վերապրել էր Աստծո ներկայությունը, նա շարունակում էր փնտրել Աստծուն՝ ձգտելով ավելի լավ ճանաչել Նրան: Դավթի օրինակը ցույց է տալիս, որ մենք մշտապես պետք է փնտրենք Աստծուն՝ անկախ մեր հաղթանակներից: Նույնիսկ նա կարիք ուներ առավել խորը ճանաչելու Աստծուն: Շատերը ցանկանում են, որ Աստված առաջնորդի իրենց, սակայն չեն ուզում որևէ բան մի կողմ դնել՝ Նրա ձայնը լսելու համար: Բայց Դավիթն իր ցանկությունները կենտրոնացրեց մեկ բանի վրա. օրեցօր է՛լ ավելի ճանաչել Աստծուն: Ես հավատում եմ, որ մեր հոգու ծարավը միմիայն հագենում է Աստծուն օր-օրի առավել խորը ճանաչելով:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ձգտի՛ր առավել խորը ճանաչել Աստծուն այսօր և ամեն օր: 

 

Մոտեցի՛ր

 

«Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ…» (ՀԱԿՈԲՈՍ 4.8): Ոչ բոլորն են պատրաստ գին վճարելու՝ Աստծո հետ մտերիմ լինելու համար: Ոչ բոլորն են պատրաստ հատկացնելու անհրաժեշտ ժամանակ կամ կատարելու անհրաժեշտ ներդրում՝ հոգևոր աճ ունենալու համար: Աստված չի խնդրում մեր ամբողջ ժամանակը: Անշուշտ, Նա ցանկանում է, որ մենք անենք բաներ, որոնք «հոգևոր» չենք համարում: Նա ստեղծել է մեզ մարով, շնչով (մտքով, կամքով և զգացմունքներով), հոգով և ակնկալում է, որ լիարժեքորեն հոգ տանենք մեր անձի համար: Մարի և շնչի համար հոգ տանելը ժամանակ և ջանքեր է պահանջում: Մեր հույզերը խնամքի կարիք ունեն. մենք պետք է զվարճանանք, հանգստանանք և հաճույք ստանանք այլ մարդկանց հետ հաղորդակցվելուց: Մեր միտքը պետք է օրեցօր զարգանա և նորոգվի: Բացի այդ, մենք ունենք հոգևոր էություն, որն ուշադրության կարիք ունի: Հավասարակշռված և առողջ մնալու համար պետք է ամբողջությամբ հոգ տանենք մեր անձի համար: Ես կարծում եմ, որ Աստծո հետ մտերմության աստիճանը որոշվում է Նրա հետ անցկացրած ժամանակով: Մենք ասում ենք, որ ժամանակ չունենք փնտրելու Աստծուն, բայց ճշմարտությունն այն է, որ մենք ժամանակ ենք հատկացնում այն բաներին, որոնք ամենից կարևորն են մեզ համար: Եթե Աստծուն ճանաչելը և Նրա ձայնը լսելը իսկապես կարևոր են մեզ համար, ապա մենք ժամանակ կգտնենք դրանք անելու համար՝ չնայած նրան, որ ամեն օր ստիպված ենք պայքարել այն բաների դեմ, որոնք շեղում են մեզ: Մի՛ փորձիր Աստծուն մտցնել քո ժամանակացույցի մեջ, փոխարենը քո ժամանակացո՛ւյցը հարմարեցրու այն ժամանակին, որն անցկացնում ես Նրա հետ: Աստծուն ճանաչելը երկարաժամկետ ներդրում է, ուստի մի՛ հիասթափվիր, եթե չես տեսնում անհապաղ արդյունքներ: Վճռի՛ր պատվել Նրան քո ժամանակով, և դու կքաղես դրա պտուղները:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր վարժությունների կանոնավոր կատարումը, անկասկած, արդյունք է տալիս։ 

 

Թող խաղաղությունը լինի քո դատավորը

 

«Թող խաղաղությունը (հոգու ներդաշնակությունը, որ գալիս է) Քրիստոսից, իշխի (մշտապես գործի իբրև դատավոր) ձեր սրտերում» (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻ 3.15): Ես փորձում եմ ապրել իմ կյանքը՝ խաղաղություն գտնելով: Գնումներ կատարելիս ես չեմ գնում որևէ բան, եթե դա գնելու համար խաղաղություն չունեմ: Եթե զրույցի եմ բռնվում որևէ մեկի հետ և հասկանում եմ, որ կորցնում եմ խաղաղությունս, ես լռում եմ: Երբ որոշուեր եմ կայացնում, նայում եմ իմ առջև դրված ընտրությանը և ընտրում այն, ինչը խաղաղություն է բերում: Երբ փորձում եմ տարբերել Աստծո ձայնը այլ ձայներից, որոնք մրցում են իմ ուշադրությունը գրավելու համար, ես լսում եմ և փորձում եմ հասկանալ, թե որ ձայնից կամ ուղերձից է սիրտս լցվում Աստծո խաղաղությամբ: Հասկացել եմ, որ զորություն ունենալու համար շատ կարևոր է պահպանել խաղաղությունը: Եթե չունենք խաղաղություն, ապա կարող ենք, ամենայն հավանականությամբ, լուրջ սխալ կատարել: Կասեմ ավելին. մենք երբեք չպետք է գործենք առանց խաղաղության: Կարող ենք ասել՝ խաղաղությունը «ներքին հաստատությունն» է այն բանի, որ Աստված հավանություն է տալիս մեր կայացրած որոշմանը: Աստված առաջնորդում է մեզ խաղաղությամբ: Այսօրվա խոսքում ասվում է, որ խաղաղությունը նման է դատավորի, որը որոշում է, թե ինչն է «անվտանգ», կամ ինչից պետք է «հեռու մնալ»: Եթե չկա խաղաղություն, ուրեմն պետք է ձեռնպահ մնալ: Մենք պետք է թույլ տանք, որ մեր մտքի և հոգու ներդաշնակությունն իշխի և մեր սրտում գործի իբրև դատավոր՝ վերջնական լուծում տալով այն հարցերին, որոնք ծագում են մեր մտքում, և այն որոշուերին, որոնք պետք է կայացնենք կյանքում: Մենք պետք է սովորենք ենթարկվել ճիշտն ու սխալը տարբերելու ներքին զգացողությանը և չանել այն, ինչն անհանգստություն է պատճառում մեր խղճմտանքին: Աստված մեզ խաղաղություն է տալիս կամ վերցնում է այն, որպեսզի հասկանանք՝ ճիշտ ճանապարհի՞ն ենք, թե՞ ոչ:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թող խաղաղությունը լինի քո դատավորը: Իմացի՛ր. քո որոշումը ճիշտ է, երբ ունես խաղաղություն, և սխալ է, երբ չունես այն:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up