Գլուխ 1
Աղոթք հոգսերը հանձնելու համար
Եփեսացիների 6.18-ը, որ հասցեագրված է Եկեղեցուն, իմ սիրելի սուրբգրային խոսքերից է աղոթքի վերաբերյալ:
ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 6.18 «Ամեն աղոթքով և աղաչանքով աղո՛թք արեք ամեն ժամանակ Հոգով և սրանում հսկե՛ք ամբողջ հարատևությամբ և աղաչանքով բոլոր սուրբերի համար»:
Մեկ այլ թարգմանության մեջ ասվում է՝ «աղոթքի բոլոր ձևերով»: Մեկ ուրիշում՝ «աղոթքի բոլոր տեսակներով»: Մեզ անհրաժեշտ է աղոթքի ոչ թե մեկ, այլ բոլոր տեսակները: Աստվածաշունչը խոսում է աղոթքի մի քանի տեսակի մասին: Մեկը «հոգսերը հանձնելու աղոթքն» է կամ հոգսերը Տիրոջ վրա գցելու աղոթքը: Այս իմաստով մեր հիմական տեքստը Ա Պետրոսի 5.7-ն է. «Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա գցե՛ք, որովհետև Նա հոգս է անում ձեզ համար»: Այսպես է գրված Աստվածաշնչի «Քինգ Ջեյմս» թարգմանությունում։ Ես սիրում եմ այս խոսքի թարգմանությունը Աստվածաշնչի ընդլայնված տարբերակում. «Ձեր ամբողջ հոգսը՝ ձեր բոլոր անհանգստությունները, ձեր բոլոր մտատանջությունները, ձեր բոլոր մտահոգությունները մեկընդմիշտ Նրա վրա գցե՛ք, որովհետև Նա սիրառատորեն և ուշադրությամբ հոգ է տանում ձեզ համար»: Փիլիպեցիների 4.6-ը պարունակում է աղոթքին վերաբերող հրահանգներ, որոնք տրվել են Աստծո Հոգուց Պողոս առաքյալի միջոցով: «Քինգ Ջեյմս» թարգմանության մեջ գրված է. «Ոչինչ հոգս մի՛ արեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն»։ «Ոչինչ հոգս մի՛ արեք» արտահայտությունը 20- րդ դարում հստակ չէ մեզ համար: Ժամանակակից թարգմանությունն ասում է. «Մի՛ անհանգստացեք որևէ բանի համար»: Մեկ այլ թարգմանություն, որն ինձ ավելի է դուր գալիս, ասում է. «Մի՛ տանջվեք կամ մի՛ անհանգստացեք որևէ բանի համար, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն»: Այժմ բացե՛ք Մատթեոսի Ավետարանի 6-րդ գլուխը:
ՄԱՏԹԵՈՍ 6.25-34 25. Սրա համար ասում եմ ձեզ՝ հոգս մի՛ արեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք, և ո՛չ ձեր մարմի համար, թե ինչ պիտի հագնեք. չէ՞ որ կյանքը ավելին է կերակուրից, և մարմինը՝ հագուստից։ 26. Մտի՛կ արեք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, և ո՛չ էլ հնձում, և ո՛չ ամբարների մեջ ժողովում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք նրանցից ավելի լավն եք։27. Հիմա՝ ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել։ 28. Եվ հագուստի համար ի՞նչ եք հոգս անում. մտի՛կ արեք դաշտի շուշաններին, թե ինչպես են մեծանում. ո՛չ ջանք են անում, և ո՛չ մանում։ 29. Բայց ասում եմ ձեզ, թե Սողոմոնն էլ իր ամբողջ փառքի մեջ նրանցից մեկի նման չհագավ։ 30. Իսկ թե որ դաշտի խոտը, որ այսօր կա և վաղը փուռն է գցվում, Աստված այնպես է հագցնում. չէ՞ որ շատ ավելի ձեզ, թերահավատնե՛ր։ 31. Ուրեմն, հոգս մի՛ արեք՝ ասելով, թե ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք կամ ինչ պիտի հագնենք։ 32. Որովհետև այդ ամենը հեթանոսներն են խնդրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը պետք է ձեզ։ 33. Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրե՛ք, և այդ ամենը կտրվի ձեզ։ 34. Ուրեմն, վաղվա համար հոգս մի՛ արեք, որովհետև վաղվա օրն իր համար հոգս կանի. օրվա համար բավական է իր նեղությունը:
Աղոթքի տարբեր տեսակներ կարգավորվում են տարբեր կանոններով: Եթե վերցնեք այն կանոնները, որոնք կարգավորում են աղոթքի մեկ տեսակ, և փորձեք կիրառել դրանք մեկ ուրիշ աղոթքում, դա կհանգեցնի խառնաշփոթության: Հետևաբար, մենք պետք է սովորենք, թե աղոթքի ո՛ր տեսակը կիրառենք որոշակի հանգամանքներում և իրավիճակներում: Երկրով մեկ ավետարանչական ծառայություններ և հավաքույթներ անցկացնելիս մենք ջանում ենք բորբոքել մարդկանց հավատքը, որպեսզի նրանք հավատան Աստծուն հիմա և ստանան պատասխանը հիմա: Նրանց բնակավայրում մենք լինում ենք ընդամենը կարճ ժամանակով և սովորաբար աղոթքի սեմինարներ չենք անցկացնում: Հնարավորինս շատ մարդու օգնելու համար մենք աշխատում ենք մղել նրանց հավատքի մեջ, որպեսզի ստանան Աստծուց իրենց անձնական կարիքների պատասխանը, մասնավորապես՝ բժշկության ոլորտում: Բայց մեր տված հակիրճ ուսուցումը վերջին խոսքը չէ հավատքի և աղոթքի թեմայի վերաբերյալ: Ու եթե մարդիկ ընդունեն այն որպես վերջին խոսք, հիասթափություն կվերապրեն կյանքում: Քանի որ մենք շեշտադրում ենք հավատքի աղոթքը, որոշ մարդիկ հավատում են իմ հավատքին և չունեն հավատք Աստծո հանդեպ: Նրանք ցանկանում են, որ ես հավատքի աղոթք անեմ իրենց համար: Նրանք մոտենում են ինձ աղոթքի խնդրանքներով: Անշուշտ, Աստվածաշունչը սովորեցնում է մեզ աղոթել միմյանց համար, ինչպես նաև սովորեցնում է բարեխոսության մասին, սակայն մենք պետք է որոշենք, թե աղոթքի ո՛ր տեսակը կգործի տվյալ իրավիճակի համար: Մի օր՝ ծառայությունից հետո, մի կին մոտեցավ ինձ և ասաց. «Եղբա՛յր Հեգին, ուզում եմ, որ աղոթեք ինձ համար»: Ես ասացի՝ ինչի՞ համար: Նա նայեց զարմացած և ասաց. «Մի՞թե ե՛ս պետք է ասեմ ձեզ»: Ես ասացի. «Լա՛վ, ես չեմ աղոթի ձեզ համար, մինչև չասեք ինձ, որովհետև, հակառակ դեպքում, ես չեմ իմանա, թե ինչի համար ենք աղոթում: Ես չեմ կարող հավատալ մի բանի, որի մասին ոչինչ չգիտեմ, և չեմ կարող համաձայնել մի բանի, մինչև չիմանամ ինչին եմ համաձայնում: Ո՞րն է ձեր խնդրանքը»: Նա սկսեց լաց լինել: Այնուհետև ասաց. «Եղբա՛յր Հեգին, կյանքի բեռները՝ կյանքի հոգսերը, մտահոգությունները այնքան ծանր են, որ չեմ կարող տանել: Ես ուզում էի, որ դուք աղոթեք, որ Տերն անի այս երկու բաներից մեկը. կա՛մ հեռացնի դրանց կեսը, որովհետև ես կարող եմ կրել կեսը, բայց՝ ո՛չ բոլորը, կա՛մ էլ տա ինձ շնորհք՝ բոլորը կրելու համար»: Սիրտս ցավեց, և ես արեցի լավագույնը նրան օգնելու համար. «Քո՛ւյր, ես ոչ մի կերպ չեմ կարող աղոթել: Դա կլինի ոչ սուրբգրային: Հասկանում եք, այդ դեպքում հավատքի աղոթքը չի գործի: Ըստ էության, կա աղոթքի միայն մեկ տեսակ, որ կգործի այս պարագայում. հանձնման աղոթքը: Մի՞թե հրաշալի չէ, քո՛ւյր, որ դուք և ես արդեն ունենք պատասխանը»: Նա ցնցված էր: Ես ասացի. «Մենք ունենք ներքին տեղեկություն թեմայի վերաբերյալ» (ես նկատի ունեի տեղեկություն Աստվածաշնչում): Ես շարունակեցի. «Հասկանո՞ւմ եք, Աստծո Խոսքը հստակ ասում է, թե ինչպես վարվենք մեր մտահոգությունների, անհանգստությունների և մտատանջությունների հարցում»: Նախ՝ մեջբերեցի «Քինգ Ջեյմս» թարգմանությունից. «Ա Պետրոսի 5.7-ում Սուրբ Հոգին Պետրոս առաքյալի միջոցով ասաց. «Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա գցե՛ք, որովհետև Նա հոգս է անում ձեզ համար», իսկ Աստվածաշնչի ընդլայնված թարգմանությունում գրված է. «Ձեր ամբողջ հոգսը՝ ձեր բոլոր անհանգստությունները, ձեր բոլոր մտատանջությունները, ձեր բոլոր մտահոգությունները մեկընդմիշտ Նրա վրա գցե՛ք, որովհետև Նա սիրառատորեն և ուշադրությամբ հոգ է տանում ձեզ համար»»: Ես նրան ասացի. «Հարկ չկա, որ ամեն օր անեք դա: Դուք դա անում եք մեկընդմիշտ, և այդ պահից դուք անհոգ եք»: Նա նայեց ինձ և ասաց. «Դուք խստասիրտ եք: Պարզապես խստասիրտ եք»: Ես ամենայն բարությամբ ասացի. «Սիրելի՛ քույր, ես խստասիրտ չեմ: Ե՛ս չեմ գրել Աստվածաշունչը: Ե՛ս չեմ ասել դա: Դա Աստծո Խոսքն է, և Աստված սիրում է ձեզ»: «Այո՛,- պատասխանեց նա,- բայց դուք չգիտեք, թե ինչի համար եմ ես անհանգստանում»: Ես ասացի. «Սիրելի՛ քույր, համոզված եմ, որ ես չգիտեմ, թե ինչի համար եք դուք անհանգստանում, բայց Աստված գիտի, Նա գիտի ամեն բան, և Աստծո Խոսքն է, որ ասում է. «Ձեր ամբողջ հոգսը՝ ձեր բոլոր անհանգստությունները, ձեր բոլոր մտատանջությունները, ձեր բոլոր մտահոգությունները մեկընդմիշտ Նրա վրա գցե՛ք»»: Նա ասաց. «Ես պարզապես չեմ կարող դա անել»: Ես ասացի. «Դուք կարո՛ղ եք: Աստված արդար է, բարի և քաղցր, և Նա չի խնդրել ձեզ անել այն, ինչ չեք կարող»: Կարծում եմ՝ ով գտներ այդ խոսքն Աստվածաշնչում, կուրախանար և սրտի թրթիռով կկիրառեր: Բայց այդ կինը շրջվեց և մի փոքր հեռանալով՝ ասաց. «Ես չեմ կարող հրաժարվել անհանգստանալուց»: