ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Վերջերս հեռախոսազրույց ունեցա մեծ հարգանք վայելող մի քրիստոնյա առաջնորդի հետ: Մենք արդեն հրաժեշտ էինք տալիս իրար, երբ նա անսպասելիորեն ասաց. « Ջո՛ն, սպասի՛ր մի րոպե: Ես պետք է մի բան ասեմ քեզ: Վերջին քսան տարիների ընթացքում դու շատ գրքեր ես գրել, բայց կա մի գիրք, որը դու պետք է գրես: Այն ճիշտ ժամանակին եկած մարգարեական ուղերձ է եկեղեցուն. սա Երկնքի հանձնարարությունն է քեզ»: Երբ նա ավարտեց իր խոսքը, ես արդեն ծնկներիս վրա էի՝ երկյուղած Աստծո ներկայությունից: Այդ հեռախոսազանգից հետո մի քանի շաբաթ ներսումս այս գիրքը գրելու անհաղթահարելի ցանկություն առաջացավ: Այս ուղերձը հիմնված է մեկ պարզ հարցի վրա. «Արդյո՞ք բարին բավական է»: Մեր օրերում «բարի» և «Աստված» բառերը կարծես հոմանիշներ են դարձել: Մենք հավատում ենք, որ այն, ինչն ընդհանուր առմամբ բարի է համարվում, պետք է համապատասխանի Աստծո կամքին: Առատաձեռնությունը, խոնարհությունը, արդարությունը բարի են: Եսասիրությունը, ամբարտավանությունը, դաժանությունը չար են: Թվում է՝ այս տարբերակումը շատ հասարակ է: Բայց մի՞թե ամեն ինչ այդքան պարզ է: Եթե բարին այդ աստիճան ակնհայտ է, ինչո՞ւ է Եբրայեցիների 5.14-ը սովորեցնում, որ մեզ զանազանություն է հարկավոր՝ այն ճանաչելու համար: Պողոս առաքյալը գրում է. «Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թէ ի՞նչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը» (Հռոմեացիների 12.2): Մենք չենք կարող զանազանել, թե ինչն է ճշմարտապես բարի մեզ համար՝ առանց նախապես մեր միտքը նորոգելու: Առանց վերափոխման, որը գալիս է մեր մտքերը նորոգելու միջոցով՝ մենք բաց ենք թողնում այն զարմանալի, Աստծով լեցուն կյանքը, որը կարող ենք ունենալ Քրիստոսի մեջ: Մինչև այս աշխարհն արարելը, Աստված ծրագիր ուներ ձեր կյանքի համար, որում կան իրականացված նպատակներ, անսահման ուրախություն և լիակատար բավականություն: Նրա կամքը և ծրագիրը ձեր կյանքի համար կատարելապես ու լիովին բարի են. այնուամենայնիվ, գոյություն ունի կեղծված բարի, որը կարող է թույլ չտալ, որ ընդունեք Աստծո լավագույնը:
Ցավոք, մեզնից շատերը բավարարվել են այդ կեղծիքով: Մենք անգիտակցաբար (իսկ երբեմն՝ գիտակցաբար) մերժել ենք Աստծուն՝ ձգտելով ակնհայտորեն բարի նպատակների: Առաջին եկեղեցու առաջնորդները շարունակ զգուշացնում էին մեզ այս խաբեության մասին (խաբված լինելը նշանակում է՝ հավատալ, որ մեր կյանքը համապատասխանում է ճշմարտությանը, այնինչ՝ իրականում այդպես չէ): Ինքը՝ Հիսուսն, զգուշացնում էր, որ մեր օրերում խաբեությունն այնքա՜ն հմտորեն է քողարկված լինելու, որ նույնիսկ ընտրյալները կարող են զոհ գնալ դրան: Մի՞թե մենք կարող ենք թեթևորեն վերաբերվել այս զգուշացումներին: Մի՞թե կարող ենք անտեսել դրանք՝ համարելով, որ մենք վեր ենք խաբեությունից և կարող ենք բնազդորեն զանազանել բարին չարից: Ես բարի լուր ունեմ ձեզ համար. Աստված չի փորձում թաքցնել լավագույնը, որը պատրաստել է մեզ համար: Նա քող չի գցում մեր աչքերին: Նա խոստանում է, որ փնտրողները գտնելու են: Եթե նվիրվենք ճշմարտությունը փնտրելուն, մենք չենք խաբվի կեղծիքով: Հարցը հետևյալն է. արդյո՞ք մենք կուղղենք մեր հայացքը ճշմարտության Աղբյուրին, թե՞ կբավարարվենք Աստծո և Նրա կամքի մասին մակերեսային գիտելիքներով: Հուսով եմ, որ կարդալով այս գիրքը՝ դուք մեկընդմիշտ որոշում կկայացնեք, որ այլևս չեք բավարարվելու այն ամենով, ինչը չի համապատասխանում Աստծո լավագույնին ձեզ համար: Եկեք աղոթենք մինչև սկսելը. Հա՛յր, Հիսուսի անունով, բացի՛ր իմ աչքերը, ականջները և սիրտը, որ տեսնեմ, լսեմ և հասկանամ Քո կամքն իմ կյանքի համար: Սո՛ւրբ Հոգի, սովորեցրո՛ւ ինձ Հիսուս Քրիստոսի ճանապարհների խորությունները այս ուղերձն ընթերցելու ընթացքում: Ես սպասում եմ Քեզնից՝ Իմ Ուսուցչից: Խոսի՛ր ինձ հետ այս գրքի ամեն նախադասությունը կարդալիս: Թող որ իմ կյանքը հավիտյան փոխվի: Ամե՛ն:
1
Ի ՆՉ Է ԲԱՐԻՆ
«Ոչ ոք բարի չէ, բայց միայն մեկը՝ Աստված»: Մարկոս 10.18
Ամեն ինչ տիեզերքում բարի է այն չափով, որով այն համապատասխանում է Աստծո բնությանը, և չար՝ այն չափով, որով դա տեղի չի ունենում: Է. Ու. Թոզեր
Բարին և չարը. բոլորս գիտենք այս երկուսի տարբերությունը, ճի՞շտ է: Չէ՞ որ ամեն մարդ ծնվում է ներհատուկ գիտելիքով բարու և չարի մասին: Ես հաճախ եմ լսել, որ մարդն ի ծնե բարի է, բայց արդյո՞ք դա ճշմարիտ է: Մեր սրտերը ջերմացնող ֆիլմերը, վավերագրական կինոնկարները և այլ հեռուստատեսային հաղորդումներ ընդգծում են մարդու բարի լինելը: Ես ծանոթ չեմ հանրաճանաչ դարձած որևէ պատմության, վեպի կամ ֆիլմի, որում չարը հաղթում է բարուն: Բոլորս էլ մեծացել ենք՝ դիտելով ֆիլմեր, որոնցում լավ մարդիկ մեծ դժվարություններ են հաղթահարում: Այդ մարդիկ խիստ անարդար պայմաններում էին. նրանց պարտություն էր սպառնում, հաճախ՝ ընդհուպ մինչև պատմության ավարտը: Բայց հանկարծ մեր հերոսները ճեղքում էին ունենում. նրանք հաղթանակ էին տանում կամ հաստատում արդարությունը: Մենք ակնկալում էինք նման ավարտները և ծափահարում էինք դրանց: Մենք ցանկանում էինք, որ բարին միշտ հաղթեր. չէ՞ որ Աստված բարու կողմն է: Վերջին տարիներին հեռուստատեսային պրոդյուսերները և հեռուստաընկերություններն սկսեցին նոր միտում թելադրել. նրանք ներկայացրին հանրությանը ռեալիթի-շոուներ, որոնցում մարդկանց կյանքը փոխվում է: Ամեն ինչ սկսվեց կարիքավոր ընտանիքների տները վերանորոգելուց: Մենք պոկ չէինք գալիս հեռուստացույցից՝ հիանալով բարերարների ոգևորվածությամբ և առատաձեռնությամբ աղքատների և կարիքավորների հանդեպ: Մենք ակնկալում էինք տեսնել նախագծի մասնակիցների զարմանքը և արտասվում էինք այն պահերին, երբ այդ «խեղճերն» առաջին անգամ տեսնում էին իրենց վերանորոգված տունը: Հաջորդ նման նախագծերի մասնակիցներն օգնում էին գիրությամբ տառապող «անհաջողակներին» մեծ քանակությամբ քաշ կորցնել: Դրան հետևեցին հաղորդումները, որոնցում մարդկանց օգնում էին ճիշտ հագուստ, սանրվածք կամ շպար ընտրել, և այսպես շարունակ: Շուտով հայտնիները միացան այս միտմանը: Հանրաճանաչ արտիստները հնարավորություն տվեցին նրանց, ովքեր այլապես հնարավորություն չէին ունենա ներկայացնել իրենց երգը և պարը: Մենք ցնծում էինք՝ տեսնելով, թե ինչպես է մի անհայտ մասնակից մեկ գիշերվա ընթացքում աստղ դառնալու հնարավորություն ստանում: Ինչպիսի՜ բարություն. ինչպիսի՜ առատաձեռնություն. ինչպիսի՜ համակրանք: Ցանկացած հաղորդում, որում մարդիկ բարեգործությամբ էին զբաղվում, պաշտպանում էին անմեղներին կամ զոհաբերում իրենց ժամանակն անհայտ մարդկանց համար, հանրաճանաչ էր դառնում: Այս թվում էին նաև հաղորդումները ոստիկանների կամ վարձու խուզարկուների մասին, ովքեր չար հանցագործների էին բռնում: Դրանք նույնպես ավելացան ամենաշատ դիտվող հաղորդումների ցուցակում: Որպես ամփոփում՝ մեր ժամանցը հաճախ կենտրոնացած է մարդկության բարի կողմի վրա: «101 փաստ վաճառքի և շուկայավարության մասին» ձեռնարկը սովորեցնում է, որ ցանկացած ապրանք պետք է թողնի լավ տպավորություն, ունենա լավ տեսք և հաճելի ձայն, կամ՝ լավ համ ու հոտ, որպեսզի մեծ տարածում գտնի շուկայում: Այն պետք է ազդի սպառողի զգացմունքների կամ զգայարանների վրա՝ նրան ավելի հանգիստ և ուրախ դարձնելով: Մենք գիտենք, որ լավ առարկաները վաճառվում են: Իսկապես որ, ո՞վ կցանկանա վատ բան գնել: Նման մարդիկ առնվազն պետք է տարօրինակ լինեն: Մենք այսպիսի մեկնաբանություններ ենք լսում. « Նա լավ մարդ է», կամ. « Նա լավ կին է», և սովորաբար հավատում ենք մեր լսածին: Խոցելի մարդիկ անմիջապես թուլացնում են զգոնությունը և ընդունում ցանկացած խոսք կամ գործողություն այդ «բարի» համարվող մարդկանցից՝ ապահով և արժանահավատ համարելով: Բայց արդյո՞ք այդ գնահատականները մշտապես ճիշտ են: Հնարավո՞ր է արդյոք, որ մենք խաբեության մեջ հայտնվենք՝ «սխալ» անվանելով այն, ինչ ճիշտ է, և «ճիշտ» անվանելով այն, ինչ սխալ է: Եվ ո՞վ կարող է հստակորեն ցույց տալ տարբերությունն այս երկուսի միջև: Եվ անկասկած՝ մենք ինքներս ոչ մի դեպքում չենք խաբվի, եթե բարին՝ չար կամ չարը՝ բարի անվանենք, ճի՞շտ է: Մտածե՛ք այս մասին. դարեր առաջ, մի հարուստ երիտասարդ իշխան մոտեցավ Հիսուս Քրիստոսին: Նա անկեղծ և բարոյապես մաքուր մարդ էր: Նա երբեք շնություն չէր գործել, չէր սպանել, չէր ստել, չէր գողացել և ոչ ոքի չէր խաբել իր գործարքների մեջ: Նա միշտ հարգանքով էր վերաբերվել իր ծնողներին: Նա օրինակելի քաղաքացի էր և, ամենայն հավանականությամբ, շատերի հիացմունքի առարկան էր: Նա պատվեց Հիսուսին՝ ողջունելով Նրան որպես « Բարի Վարդապետ»: Մի առաջնորդ խոսում էր մեկ այլ առաջնորդի հետ. մի բարի մարդ դիմում էր մեկ այլ բարի մարդու. այս կերպով հարուստ երիտասարդն ընդհանրություններ էր փնտրում ակնառու Ուսուցչի հետ, Ում անձամբ չէր ճանաչում: Միգուցե նա մտածում էր իր սրտում. «Եթե ես շողոքորթեմ այս Մարգարեին՝ խոսելով Նրա բարության մասին, դա կհամոզի Նրան բարի պատասխան տալ իմ հարցմանը»: Այնուամենայնիվ, նախքան նրա հարցին անդրադառնալը՝ Հիսուսը վիճարկեց նրա ասածը. «Ինչո՞ւ ես Ինձ բարի ասում: Ոչ ոք բարի չէ, բայց միայն մեկը՝ Աստված» ( Մարկոս 10.18): Ինչո՞ւ Հիսուսն ուղղեց այն մարդուն, ով Իրեն բարի անվանեց: Մի՞թե Հիսուսը բարի չէ: Իհարկե, Նա բարի է: Այդ դեպքում, ինչո՞ւ նա այդպես ասաց: Հնարավո՞ր է արդյոք, որ այն «բարի»-ն, որի մասին խոսում էր երիտասարդ իշխանը, հիմնված էր սխալ չափանիշի վրա: Այլ կերպ ասած՝ հնարավո՞ր է, որ այս մարդու չափանիշը բարու մասին՝ տարբերվում էր Աստծո չափանիշից: Եթե դուք կամ ես հայտնվեինք այդ մարդու փոխարեն, ինչպիսի՞ պատասխան կստանայինք՝ Հիսուսին «բարի Վարդապետ» անվանելով: Ես կարող եմ ասել, թե ինչ կասեր Հիսուսը ինձ: Որպես մարդ, ով տարիներ շարունակ Աստծո զավակ է, ով կարդացել է Աստվածաշունչն ավելի քան մեկ անգամ, երկար ժամեր է տրամադրել Սուրբ գրքի ուսումնասիրությանը, ամեն օր աղոթել է և նույնիսկ եղել է լրիվ ժամանակվա ծառայության մեջ ու մի քանի հանրաճանաչ քրիստոնեական գրքեր է գրել՝ ես կստանայի միևնույն պատասխանը, որ ստացավ այդ հարուստ երիտասարդ իշխանը: Ճիշտ նույն կերպով Հիսուսը կասեր. « Ջո՛ն, ինչո՞ւ ես բարի անվանում Ինձ»: Որտեղի՞ց ես գիտեմ սա: Բանն այն է, որ Աստծո Հոգին տվել է ինձ միևնույն դասը, ինչ Հիսուսը՝ այդ իշխանին:
Ցնցող լուր
Թույլ տվեք բացատրել, թե ինչ նկատի ունեմ: 1990-ական թվականների վերջում ուղևորվեցի Շվեդիա՝ մի համաժողովում քարոզելու համար: Թռիչքը տևեց ամբողջ գիշեր, և ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստոկհոլմում վաղ առավոտյան: Երբ իջա ինքնաթիռից, վերցրի ուղեբեռս և անցա մաքսային ստուգումը, ինձ դիմավորեց իմ շվեդ հյուրընկալը՝ ջերմ ողջույնով: Մինչև օդանավակայանի տերմինալից դուրս գալը, նա պատմեց մի իրադարձություն, որը դառնալու էր այդ տարվա և, միգուցե, ամբողջ տասնամյակի գլխավոր նորությունը: - Ջո՛ն, մի շատ ցավալի դեպք է պատահել անցյալ գիշեր՝ մինչ դու թռչում էիր այստեղ, - ասաց նա, - միգուցե դու նույնիսկ տեղյակ չես այդ մասին: Ես կպատմեմ քեզ: - Ի՞նչ է պատահել, - հարցրի ես՝ և՛ մտահոգված, և՛ հետաքրքրված: Իմ հյուրընկալը պատմեց, որ ընդամենը մի քանի ժամ առաջ մի մահացու ավտովթար էր տեղի ունեցել, որի զոհերից մեկը, հավանաբար, ամենաճանաչված և սիրված անձնավորությունն էր ամբողջ աշխարհում: Այն ամենը, ինչ այդ կինն անում էր, հայտնվում էր զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Կինս՝ Լիզան, և ես հիացմունքով էինք վերաբերվում նրա մարդասիրական գործունեությանը և մեծ հաճույքով կարդում էինք հոդվածներ նրա մասին ամսագրերում և թերթերում: Ավելի անկեղծ ասած՝ ես սիրում էի ոչ միայն կարդալ հոդվածներ նրա մասին, այլև նայել նրա կյանքը ներկայացնող լուսանկարներ: Կարելի է ասել, որ ես նրա ՄԵԾ երկրպագուն էի: Ամեն անգամ, երբ հեռուստացույցով խոսում էին նրա մասին, թողնում էի բոլոր գործերս և ուշադրությամբ լսում էի: Ես աննկարագրելի ցնցում ապրեցի՝ լսելով այդ կնոջ մահվան լուրը: Նա փոքրիկ երեխաների երիտասարդ մայր էր: Դրա հետ մեկտեղ՝ եռանդուն պետական գործիչ էր: Նա և՛ խելացի էր, և՛ գեղեցիկ: Նա օգտագործում էր իր համաշխարհային ազդեցությունը՝ իրականացնելու համար լայնամասշտաբ մարդասիրական ծրագրեր պատերազմական երկրներում տուժած բնակչության և որբացած երեխաների համար: Դա արդեն բավական էր իմ սիրտը շահելու համար, բայց նրա դրական հատկանիշներն ավելին էին: Նա սիրում էր իր երկրպագուներին և երբեք չէր անտեսում նրանց. նա միշտ ողջունում էր նրանց՝ կա՛մ անկեղծ ժպիտով, կա՛մ այլ ջերմ, անձնական ձևով: Նրա մահվան լուրը ցնցեց ինձ. անհավատալի էր, որ դա տեղի էր ունեցել: Ինչպե՞ս նա կարող էր մահանալ: Ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ: Իմ հյուրընկալը հյուրանոց հասցրեց ինձ: Առաջին բանը, որն արեցի իմ համարը մտնելուն պես, հեռուստացույցը միացնելն էր: Բոլոր ալիքներով խոսում էին այդ պատահարի մասին: Ես չէի հասկանում լուրերի մեծ մասը, որովհետև դրանք շվեդերեն էին, և սկսեցի թերթել ալիքները, մինչև որ գտա « Սի-Էն-Էն» և « Բի- Բի- Սի Սքայ Նյուս» ալիքները: Նստեցի մահճակալի եզրին՝ առանց ճամպրուկներս բացելու. անհավատալի էր, որ դա տեղի էր ունեցել: Հեռուստաալիքների եթերում հազարավոր սգացող մարդիկ էին՝ հավաքված այդ կնոջ առանձնատան մոտ: Տեսախցիկները նկարահանում էին տարբեր տարիքի մարդկանց, ովքեր արտասվելով ծաղիկներ էին դնում նրա առանձնատան դարպասի մոտ: Մարդիկ գրկախառնված լաց էին լինում կամ խմբված աղոթում էին: ամբողջ աշխարհը ցնցվել էր: Հաջորդ չորս օրերի ընթացքում այս ողբերգությունն աշխարհի բոլոր թերթերի առաջին էջերում էր: Բոլոր լրատվամիջոցները խոսում էին այդ ավտովթարի, դժբախտ պատահարի հետաքննության, այդ կնոջ ընտանիքի արձագանքի և նրա հուղարկավորության մասին: Պետությունների նախագահները, համաշխարհային առաջնորդները, ինչպես նաև հարյուրավոր հանրահայտ դերասաններ և երգիչներ մասնակցեցին նրա հոգեհանգստի արարողությանը, որը դարձավ ամենադիտված իրադարձություններից մեկը հեռուստատեսության պատմության մեջ: Այդ առաջին օրը Ստոկհոլմում ես ավելի ու ավելի էի տխրում իմ հյուրանոցային համարում և նույնիսկ չէի կարողանում պատրաստվել երեկոյան հավաքույթին: Միտքս զբաղված էր իմ մեջ ծագած հարցերով: Ես փորձում էի հաղթահարել այն բարկությունը, որն առաջանում էր, երբ մտածում էի նրա մահվանը հանգեցնող անիմաստ դիպվածների մասին: Այդուհանդերձ, այդ տրտմության հետ մեկտեղ, զգում էի, որ մեկ այլ միտք էր փորձում գրավել իմ ուշադրությունը: Ես աշխատում էի ազատվել դրանից, բայց՝ ապարդյուն: Ի վերջո, մի քանի ժամ զգացմունքներիս և հոգուս մեջ աններդաշնակություն զգալուց հետո, ծնկի եկա մահճակալիս մոտ և աղոթեցի. « Հա՛յր, ես տրտմում եմ այդ կնոջ մահվան պատճառով, սակայն սրտումս այնպիսի զգացողություն կա, ասես ինչ-որ բան սխալ է: Ի՞նչ է տեղի ունենում»: Գրեթե անմիջապես ես լսեցի սրտիս խորքում. « Կարդա՛ Հայտնություն գրքի տասնութերորդ գլուխը: Չէի հիշում, թե ինչ էր գրված Հայտնություն 18-րդ գլխում, որովհետև ցավոք, այդ ժամանակ խորապես չէի ուսումնասիրել այդ գիրքը: Ես բացեցի Աստվածաշունչս և սկսեցի կարդալ: Սիրտս արագորեն բաբախում էր, երբ հասա յոթերորդ խոսքին.
«Եվ որչափ որ իրեն փառավորեց և զեխացավ, այնչափ տանջանք և սուգ տվեք դրան, որովհետև նա իր սրտում ասում է. « Թագուհի եմ նստած և այրի չեմ և բնավ սուգ չեմ տեսնի»: Նրա համար մեկ օրում պիտի գան դրա վրա իր հարվածները՝ մահ և սուգ և սով, և կրակով կայրվի, որովհետև զորավոր է Տեր Աստվածը՝ դրա դատաստանն անողը: Եվ լաց ու կոծ կանեն դրա վրա երկրի թագավորները, որ դրա հետ պոռնկացան և զեխություն արին...» ( Հայտնություն 18.7-9):